ՌԴ Դաշնային խորհուրդը՝ Ռուբէն Վարդանեանի կալանաւորման եւ գերեվարման մասին

ՌԴ Դաշնային խորհուրդը՝ Ռուբէն Վարդանեանի կալանաւորման եւ գերեվարման մասին

 Ռուսաստանը չպէտք է զբաղուի ՌԴ քաղաքացիութիւնից հրաժարուած, Լեռնային Ղարաբաղի չճանաչուած Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին ազատ արձակելու հարցով,  ասել է Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի աւագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարեւը։
«Ֆորմալ առումով՝ ինչու՞ պէտք է Ռուսաստանը ներքաշուի եւ ազդի այն մարդկանց ճակատագրի վրայ, որոնք իր երկրի քաղաքացիներ չէն հանդիսանում»,- ասել է Տոկարեւը։

Նա յաւելել է, որ Ռուբէն Վարդանեանը յաջող բիզնես- գործունէութիւն է ծաւալել Ռուսաստանում, ինչի շնորհիւ մի շարք նախագծեր են կեանքի կոչուել։  Վարդանեանին ազատ արձակելու հարցում, ըստ Տոկարեւի, կարող են դերակատարում ունենալ նրա ընկերները։

Ռուբէն Վարդանեանի ձերբակալութեանն  անդրադարձել է նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական յանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ ՌԴ քաղաքացիութիւնից հրաժարուելը Ռուբէն Վարդանեանի անձնական ընտրութիւնն է եղել, այժմ նա չի կարող օգնութիւն ակնկալել Ռուսաստանից։

«Նա իր կամքով է հրաժարուել ՌԴ քաղաքացիութիւնից, համապատասխանաբար, այդ քայլի բոլոր իրաւական հետեւանքներն էլ նրա ընտրութեան հետեւանքներն են՝ կապուած նրա հետ, որ այժմ նա չի կարող ՌԴ-ից օգնութիւն ստանալ»,- ասել է Բաշկինը։


Ռուբէն Վարդանեանը ձերբակալուել եւ գերեւարուել է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից.

Ռուբէն Վարդանեանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Այսօր առաւօտեան ամուսինս՝ բարերար, գործարար եւ Արցախի Հանրապետութեան նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, ձերբակալուել եւ գերեւարուել է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարաւոր այլ հայերի հետ։
 
Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տուած կանգնել է արցախցիների կողքին՝ տանել դժուարութիւնները, նրանց հետ գոյատեւման պայքարել։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակուի եւ խնդրեմ ձեր աջակցութիւնը:
 
Վերոնիկա Զոնաբենդ։

Share