Նյու Եօրքում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումը:
Ելոյթներով հանդէս եկան Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Բրազիլիայի, Էկուադորի, Ալբանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչներն, ինչպէս նաեւ Եւրամիութեան բարձր ներկայացուցիչը:
Գրեթէ բոլոր բանախօսները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի վրայ Ադրբեջանի վերջին յարձակումը եւ կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը:
Նրանք ի գիտութիւն ընդունեցին հրադադարի մասին հաղորդագրութիւնը եւ ընդհանուր առմամբ ողջունեցին Եւլախում Ադրբեջանի պաշտօնեաների եւ Լեռնային Ղարաբաղի հայութեան ներկայացուցիչների առաջին հանդիպման փաստը:
Բոլոր բանախօսներն ընդգծեցին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրաւունքները՝ ներառեալ իրենց հայրենիքում ապրելու իրաւունքը պաշտպանելու անհրաժեշտութիւնը:
Ռուսաստանի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում փոխդեսպան Դմիտրի Պոլեանսկին պատմեց ռուս խաղաղապահների ծառայութեան մասին, նշելով, որ նրանց շարքերում կան զոհեր, իսկ խօսելով հարցի քաղաքական կողմի մասին, յիշեցրեց, որ Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանն իր ուղերձում նշեց, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելն է: Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի բնակիչների՝ կանանց եւ տղամարդկանց, տարէցների, կանանց եւ երեխաների ծանրագոյն կացութիւնը:
Նրա փոխանցմամբ, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը եւ միջազգային համայնքը ժամանակին միջոցներ չէն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայութեանը սպառնացող ողբերգութիւնը կանխելու համար, թէպէտ Հայաստանը բազմիցս ահազանգել է այդ մասին: Միրզոյեանն ընդգծեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումներ չի ունեցել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերքեց հայ պաշտօնակցի եւ միւս բանախօսների կողմից Ադրբեջանի հասցէին հնչեցուած մեղադրանքները եւ պնդեց, թէ Հայաստանն է խոչընդոտում խաղաղութեան գործընթացը:
Նա նաեւ յիշեցրեց, որ ռուսական կողմի միջնորդութեամբ ձեռք բերուած հրադադարի մասին յայտարարութիւնում նշւում է «Ադրբեջանից հայկական ստորաբաժանումները դուրս բերելու» դրոյթը, ինչը եւ, ըստ Բայրամովի, ապացուցում է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում 44-օրեայ պատերազմից յետոյ մնացել են հայ զինծառայողներ»:
Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն անուէրապահօրէն սատարէց Բայրամովին, խօսեց «Զանգեզուրի միջանցքը» բացելու անհրաժեշտութեան մասին, ասաց, թէ Ադրբեջանը պարտադրուած էր «հակահաբեկչական օպերացիայ» անցկացնել, եւ աւելացրեց, թէ հիմա վերստին ստեղծուել է խաղաղութիւն հաստատելու հնարաւորութիւն, որը Հայաստանը չպէտք է բաց թողնի:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր համերաշխութիւնը յայտնեց արցախահայերին, կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, յարգել արցախահայութեան իրաւունքները: Նա ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը:
ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի աւարտին որեւէ յայտարարութիւն կամ բանաձեւ չընդունուեց:
«Ազատութիւն»