Հարցազրոյց Յարութ Սասունեանի հետ. Երբ Հռոմն այրւում էր, ասում էին, թէ կայսրը՝ Ներոնը, քնար էր նուագում. մենք էլ հիմա նման վիճակում ենք

Հարցազրոյց Յարութ Սասունեանի հետ. Երբ Հռոմն այրւում էր, ասում էին, թէ կայսրը՝ Ներոնը, քնար էր նուագում. մենք էլ հիմա նման վիճակում ենք

Ասֆալտների, համերգների, դպրոցների ու մանկապարտէզների` իշխանութիւնների օրակարգին զուգահեռ՝ Արցախում 120.000 հայ շարունակում է շրջափակման մէջ մնալ, ՀՀ ինքնիշխան սահմաններն ամենօրեայ ռեժիմով շարունակում են թիրախաւորուել թշնամու կողմից:

«Կալիֆոռնիայ Կուրիեր» թերթի գլխաւոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Յարութ Սասունեանին իշխանութիւնների այս կեցուածքը յիշեցնում է Ներոն կայսեր անուանն առնչուող պատմական առասպելը:

«Մի պատմութիւն կայ՝ Հռոմեական կայսրութեան ժամանակ, երբ Հռոմն այրւում էր, ասում էին, թէ կայսրը՝ Ներոնը, քնար էր նուագում: Մենք էլ հիմա նման իրավիճակում ենք. երբ Արցախը ջախջախուած, ջարդուած է, եւ մեծ վախ կայ, որ մնացածն էլ կկորցնենք, ու յաջորդ վտանգն էլ Հայաստանին է սպառնում, մենք զբաղւում ենք մարզային այցելութիւններով, դպրոցներով, հանդիպումներով, քաղաքապետի ընտրութիւններով: Լրիւ անտեսում ենք այն հսկայական սպառնալիքը, այդ սուրը, որ կախուել է մեր գլխին:

Եթէ, Աստուած մի արասցէ, հայրենիքը կորցնենք, ո՛չ այդ դպրոցները, ո՛չ ասֆալտներն ու ընտրութիւնները ոչնչի չէն ծառայելու, մեր թշնամիներին են ծառայելու, որ նստելու են մեր տների մէջ,- նշեց Յարութ Սասունեանը՝ շարունակելով,— Հայ ժողովուրդը հազարաւոր տարիներ ապրել է՝ հակառակ բոլոր պատերազմական յարձակումներին, կործանումներին, ջարդերին եւ նոյնիսկ Ցեղասպանութեան, եւ ցաւալին այն է, որ բազմաչարչար այս ժողովրդի կեանքը կարող է աւարտուել մի մարդու պատճառով, որի անունն է Նիկոլ Փաշինեան»:

Ամերիկահայ գործիչն ակնկալիքներ չունի արտաքին դերակատարներից՝ նկատելով, որ բոլոր միջնորդները բաւարարւում են յայտարարութիւններով՝  մինչդեռ այս իրավիճակում եւ յատկապէս Արցախի ապաշրջափակման հարցում կոնկրէտ գործողութիւններ են պէտք:

«Բոլորն էլ խօսում են, գեղեցիկ ճառեր են ասում, բայց ոչ մէկը չի նախաձեռնում կոնկրէտ քայլեր. մեծ պետութիւնները չէն ուզում պատժամիջոցների դիմել, որ սաստէն Ալիեւին: Միայն խօսում են Ալիեւի ու Փաշինեանի հետ: Դիմում են՝ Լաչինի միջանցքն օր առաջ բացել, յետոյ նորից զանգում են Ալիեւին ու նորից նոյն խնդրանքը. արդէն 9 ամիս այս ցաւալի խաղը շարունակւում է:

Տեսնում ենք, որ Արեւելքն ու Արեւմուտքն  իրենց շահերն ունեն, ու միայն մեր երկրի ղեկավարութիւնն է, որ չի իմանում իր երկրի շահը՝ սպասելով, թէ օտար ուժերը կը գան ու կփրկէն մէզ՝ չհասկանալով, որ այդ դրսի փրկիչը երբեք չի եկել ու չի փրկել:

Մենք պէտք է վստահէնք միայն ու միայն մեր ուժերին,- նշեց սփիւռքահայ հրապարակախօսը՝ յաւելելով, որ այս ճահճից դուրս գալու համար պէտք է բանիմաց ղեկավար,- Շատ նուրբ քաղաքականութիւն պէտք է ունենայ ղեկավարը, որ կարողանայ նաւարկել այս բոլոր յորձանուտներում. սա անփորձ մարդու գործ չէ, սա շատ բարդ աշխատանք է: Մենք պէտք ունենք բացառիկ կարողութեամբ ղեկավարի, որ կարողանանք ամենափոքր կորուստներով դուրս գալ այս ճահճից»:

Share