Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանայ, Հայաստանի հետ ուղիղ կապ պէտք է ունենանք Լաչինի միջանցքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպէս յայտնում են Արցախի ազգային ժողովից՝ այս մասին յայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Սամուել Շահրամանեանը խորհրդարանում իր թեկնածութեան հարցի քննարկմանը:
«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանայ, Հայաստանի հետ ուղիղ կապ պէտք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկուել, սակայն դրանք չպէտք է փոխարինէն միջանցքին:
Բանակցութիւններ պէտք է լինէն, ձեւաչափը կարող է լինել ինչպէս բազմակողմ, այնպէս էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխաւորութեամբ, Ստեփանակերտը պէտք է լինի բանակցութիւնների սուբյեկտ»,-ասել է Շահրամանեանը:
Նա խօսել է պետականութեան հիմքերը խարխլող քայլերի դէմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսօլիդացնելու անհրաժեշտութեան մասին:
Սամուել Շահրամանեանն առանձնացրել է պետականութեան ամրապնդումը, ներքին կայունութեան հաստատումը, Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելաւումը, օրինականութեան ու կարգ ու կանոնի հաստատումը: Նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային մարտահրաւէրներին, Ադրբեջանի վարած քաղաքականութեանը, Արցախ-Հայաստան յարաբերութիւններին: