Ալբերտ Ազարեանը մահացել է 94 տարեկանում

Ալբերտ Ազարեանը մահացել է 94 տարեկանում

Ալբերտ Վաղարշակի Ազարեան հայ մարմնամարզիկ։ ԽՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակաւոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակաւոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եւրոպայի չեմպիոն։ Մարմնամարզութեան միջազգային ֆեդերացիայի հաւաստագրման համաձայն՝ օղակների վրայ նրա կատարած վարժութիւնների համալիրը պաշտօնապէս անուանակոչուել է «Ազարեանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտէի պատուաւոր նախագահն էր եւ ՀՀ մարմնամարզութեան ֆեդերացիայի նախագահը։

Ալբերտ Ազարեանը ծնուել է 1929 թուականին Գանձակում, արհեստաւորի ընտանիքում։ 1939 թուականին ընտանիքը տեղափոխուել է Վանաձոր, իսկ 1947 թուականին՝ Երեւան։ 1944 թուականին հոր մահից յետոյ աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ յաճախելով երեկոյեան դպրոց։ 1946 թուականից զբաղուել է սպորտով՝ ըմբշամարտով եւ ծանրամարտով։ 1947 թուականին Մոսկուայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թուականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ զբաղուել է սպորտային մարմնամարզութեամբ։

1952 թուականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն օղակներից։ 1953 թուականին ԽՍՀՄ հաւաքականի կազմում մեկնել է միջազգային մրցումների Չինաստան, Ֆրանսիայ։ 1954 թուականին ԽՍՀՄ հաւաքականի կազմում մասնակցել է Իտալիայում աշխարհի առաջնութեան մրցումներին եւ դարձել աշխարհի չեմպիոն օղակներից։ 1955 թուականին Արեւելեան Գերմանիայում մասնակցել է Եւրոպայի առաջնութեան մրցումներին եւ նուաճել երկու մեդալ՝ օղակներից եւ զուգափայտից։ 1956 թուականին աւարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թուականին Աւստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թուականին Մոսկուայում մասնակցել է աշխարհի առաջնութեան մրցումներին՝ նուաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թուականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։

1961 թուականին ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային մրցումների, որից յետոյ հանդէս է եկել Կուբայում։ 1963 թուականին մասնակցել է Ինդոնեզիայում Ասիական երկրների փոքր օլիմպիական խաղերին, որտեղ նուաճել է երկու ոսկէ մեդալ՝ օղակներից ու պտտաձողից, եւ դարձել բացարձակ չեմպիոն։ 1964 թուականին աւարտել է մարզական գործունէութիւնը՝ անցնելով աշխատանքի Երեւանի քաղաքային ժողկրթութեան վարչութեան օլիմպիական հերթափոխի մարմնամարզութեան մասնագիտացուած մարզադպրոցում որպէս տնօրէն։ 1964-2000 թուականներին եղել է Օլիմպիական խաղերի պատուաւոր հիւր։ Երեւանի քաղաքապետարանի ՕՀ մարմնամարզութեան մարզադպրոցն անուանակոչուել է Ալբերտ Ազարեանի անուամբ։

Նրա որդին՝ Էդուարդ Ազարեանը, նոյնպէս մարմնամարզիկ է՝ օլիմպիական չեմպիոն (1980)։

Ալբերտ Ազարեանը մահացել է կեանքի 94-րդ տարում, 2023 թուականի սեպտեմբերի 5ին։

Share