ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դաւիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի եւ Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնութեանը եւ օրէնսդրական մի շարք փոփոխութիւններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարուայ պաշտպանական յատկացումների օրինագծում։ Ներկայացուած փոփոխութիւնները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը։
Ընդհանուր առմամբ ներկայացուած են օրէնսդրական փոփոխութիւնների թուով վեց առաջարկներ, որոնք նախատեսում են Ադրբեջանի ռազմական օժանդակութեան համար ամերիկեան ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, տրամադրուած օժանդակութեան՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների դէմ կիրառման բացառում, ինչպէս նաեւ առանձին գումարային յատկացում պաշտպանութեան դէպարտամենտին՝ Լաչինի միջանցքի բացմանը եւ Արցախի ժողովրդի հումանիտար իրավիճակի բարելաւմանը նպաստելու համար։
Մեկնաբանելով կոնգրէսական այս նախաձեռնութիւնը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան շրջափակումը դադարեցնելու գործում Բայդէն-Հարիսի վարչակազմի ձախողումն աւելի է ընդգծում կոնգրէսական առաջնորդութեան եւ օրէնսդրական խիստ վերահսկողութեան անհրաժեշտութիւնը։ Մենք ողջունում ենք օրէնսդրական առաջարկներից իւրաքանչիւրը, աշխատում ենք Կոնգրեսի դաշնակիցների եւ կոալիցիոն գործընկերների լայն շրջանակի հետ, որպէսզի դրանք օրէնքի ուժ ստանան»:
Ներկայումս օրէնսդրական փոփոխութիւնների առաջարկները քննարկման փուլում են Ներկայացուցիչների պալատի իրաւական յանձնաժողովում, ինչից յետոյ պէտք է քննարկուեն լիագումար նիստում։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
01.09․2023թ․