Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցումը հնարաւոր չէ՝ առանց ԼՂ ժողովրդի համար յստակ անվտանգութեան երաշխիքների. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցումը հնարաւոր չէ՝ առանց ԼՂ ժողովրդի համար յստակ անվտանգութեան երաշխիքների. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանը մտահոգուած է Լաչինի միջանցքի շարունակուող արգելափակմամբ եւ գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցումն անհնար է, եթէ չլինէն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգութեան երաշխիքներ։

Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին յայտարարեց Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի արտակարգ նիստում, որտեղ քննարկւում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծուած իրադրութիւնը։

«Մենք մտահոգուած ենք, որ շարունակւում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ներկայումս աւելի, քան երբեւէ, տեղում քայլեր են անհրաժեշտ՝ արագօրէն թօթափելու լարուածութիւնը Լաչինի միջանցքի շուրջ, մասնաւորապէս՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը եւ օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ», — նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա յաւելեց, որ Մոսկուան ամէն ջանք գործադրում է, որպէսզի աջակցի ստեղծուած ճգնաժամի հանգուցալուծմանը եւ  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը։

«Մենք մէզնից կախուած ամէն բան անում ենք քաղաքական եւ դիւանագիտական ճանապարհներով, բոլոր մակարդակներում եւ տեղում, որպէսզի ռուսական խաղաղապահ զօրակազմը կանխի մարդասիրական աղէտը տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք ակտիւ կապ պահպանել բոլոր ներգրաւուած կողմերի հետ, որպէսզի արագօրէն վերսկսուի պարենի, դեղորայքի եւ անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչպէս նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը», — նշեց ՌԴ ներկայացուցիչը՝ յիշեցնելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադբերջանի ղեկավարների եռակողմ յայտարարութիւնների մասին եւ ընդգծելով, որ եռակողմ համաձայնագրերի դրոյթներին այլընտրանք չկայ։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նաեւ կարեւորեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սահմանազատումը եւ սահմանագծումը՝ Ռուսաստանի աջակցութեամբ։

«Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցումը հնարաւոր չէ, եթէ յստակ անվտանգութեան եւ իրաւունքների երաշխիքներ չլինէն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար՝ միջազգայնօրէն ճանաչուած սկզբունքների հիման վրայ, Ադրբեջանի օրէնքների համատեքստում։ Այդ տրամաբանութիւնը բխում է վերջին համաձայնութիւններից, որոնք վերահաստատուել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ. իւրաքանչիւր կողմ ճանաչում է միւսի տարածքային ամբողջականութիւնը՝ 1991 թուականի Ալմայ Աթայի հռչակագրին համապատասխան», — նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա յոյս յայտնեց, որ քաղաքական կամք կցուցաբերուի՝ յաղթահարելու այս ծանր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, եւ երկխօսութիւն տեղի կ’ունենայ Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով։

Share