ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանութիւններին կրկին կոչ է անում Լաչինի միջանցքով վերականգնել ազատ երթեւեկութիւնը

ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանութիւններին կրկին կոչ է անում Լաչինի միջանցքով վերականգնել ազատ երթեւեկութիւնը

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի նախօրեին կայացած ճեպազրոյցում Միացեալ Նահանգների Պետդէպարտամենտի փոխխօսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով «Թուրան» գործակալութեան հարցին, Ադրբեջանի իշխանութիւններին կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։

«Մենք խորապէս մտահոգուած ենք մնում Լաչինի միջանցքը շարունակական փակ մնալու կապակցութեամբ, յատկապէս որ այն փակ է առեւտրային, հումանիտար եւ մասնաւոր մեքենաների համար։ Հումանիտար երթեւեկութեան դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահութիւն կառուցելու գործադրուող ջանքերը։ Մենք Ադրբեջանի կառաւութեանը կոչ ենք անում վերականգնել առեւտրային, հումանիտար եւ մասնաւոր մեքենաների ազատ երթեւեկութիւնը այդ միջացքով», — ասել է Պետդէպարտամենտի փոխխօսնակը՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը չորեքշաբթի օրը նիստ է գումարելու Ղարաբաղի հարցով, եւ ակնկալում են, որ այնտեղ քննարկումները կը շարունակուեն։

Պատելը խուսափել է պատասխանել, թէ այդ հարցով ՄԱԿ-ում ի՞նչ դիրքորոշում ունի Միացեալ Նահանգները, ասելով, թէ չի պատրաստւում հանդիպումից առաջ ընկնել։

«Բայց մենք հետեւողականօրէն ընդգծել ենք եւ կրկնել, որ ուղիղ երկխօսութիւնը կարեւոր նշանակութիւն ունի լուծելու այդ երկարատեւ հակամարտութիւնը, եւ մենք կարծում ենք՝ ցանկացուած ներգրաւուածութիւն, որն ի վերջոյ խաղաղութիւն եւ կայունութիւն կը բերի Հարաւային Կովկասի ժողովրդին, լաւ բան կը լինի եւ դրական քայլ առաջ»,- ասել է Վեդանտ Պատելը։

azatutyun.am

Share