Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը օգոստոսի 8-ին հրատապ դիմում-ուղերձ է յղել միջազգային հանրութեան դերակատարներին՝ Արցախի ժողովրդի ցեղասպանութեան կասեցման եւ շրջափակման վերացման նպատակով հրատապ գործողութիւնների կատարման ակնկալիքով:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
Ուղերձի տեքստը՝ ստորեւ.
«Միջազգային հանրութեան յարգելի՛ ներկայացուցիչներ,
Ես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանս, այս հրատապ ուղերձով ահազանգում եմ, որ հէնց հիմա Արցախի Հանրապետութեան ժողովուրդը ենթարկւում է ցեղասպանութեան եւ կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջեւ։
Լաչինի միջանցքով անցնող՝ Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վերահսկողութեան նպատակով ադրբեջանական իշխանութիւնների կողմից նախաձեռնուած եւ 2022թ. դեկտեմբերի 12-ին որպէս «բնապահպանական» ցոյց սկսուած ներկայացումը իրականում ցեղասպանութեան յանցագործութեան նախերգանք էր, որը պաշտօնական եւ համակարգային բնոյթ ստացաւ 2023թ. ապրիլի 23-ին՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակէտի տեղադրմամբ։ Յունիսի 15-ին Ադրբեջանը ամբողջութեամբ արգելափակեց Լաչինի միջանցքով անցնող ճանապարհը՝ լիակատար պաշարման մէջ վերցնելով Արցախի Հանրապետութիւնը եւ նրա 120 հազար բնակչութեանը։ Արդէն գրեթէ ութ ամիս է, ինչ Արցախի բնակչութիւնը զրկուած է Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժի հնարաւորութիւնից, իսկ արդէն մօտ երկու ամիս շարունակ՝ նոյնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի եւ ՌԴ խաղաղապահ զօրակազմի կողմից սննդամթերքի, դեղորայքի եւ կենսական նշանակութեան մնացած բոլոր ապրանքների ներկրման հնարաւորութիւնից։ Ադրբեջանի գործողութիւնները խախտում են ոչ միայն միջազգային համընդհանուր իրաւական նորմերը, այլեւ Լաչինի միջանցքի վերաբերեալ ընդունուած կոնկրէտ միջազգային իրաւական ակտէրը, որոնց թւում են 2020 թուականի նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտը, ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման վերաբերեալ իրաւաբանօրէն պարտադիր որոշումները։
Լաչինի միջանցքի արգելափակումը մեկուսացուած դրուագ չէ. այն պէտք է դիտարկել որպէս Արցախի ժողովրդին որպէս այդպիսին ոչնչացնելուն ուղղուած Ադրբեջանի ծրագրուած լայնածաւալ եւ համակարգուած քաղաքականութեան մաս։ Արցախի շրջափակումը ուղղակի շարունակութիւնն է 2020 թուականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ Մերձաւոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպութիւնների անմիջական մասնակցութեամբ սանձազերծուած ռազմական ագրեսիայի։ Ադրբեջանը հետեւողականօրէն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականութիւն՝ ուղեկցելով իր գործողութիւններն ուժի կիրառմամբ եւ մարդու իրաւունքների զանգուածային խախտումներով: Այս քաղաքականութեան վերջնանպատակն է ձերբազատուել Արցախի ժողովրդից եւ փակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի հարցը։
Նոյն համատեքստում է անհրաժեշտ նաեւ դիտարկել Արցախի պետականութեան դէմ Ադրբեջանի ոտնձգումները, քանի որ Արցախի ժողովրդի եւ նրա աւանդոյթների, արժէքների, մշակոյթի պահպանման, ինչպէս նաեւ նրա բնականոն զարգացման կարեւորագոյն պայմանը եւ միջոցը միջազգային-իրաւական սուբյեկտայնութիւն ունեցող ազգային պետութեան առկայութիւնն է։
Հրադադարի մասին յայտարարութիւնից աւելի քան երկու տարի անց, չկարողանալով հասնել իր յանցաւոր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետեւողական փորձեր կատարել իր յանցաւոր նպատակներին ոչ ռազմական ուժով, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով հասնելու համար։ Լաչինի միջանցքում ապօրինի անցակէտի տեղադրումը, որի ակնյայտ յանցաւոր նպատակն էր միտումնաւոր սահմանափակել, ապա նաեւ ամբողջութեամբ դադարեցնել Արցախի ժողովրդի բնականոն կեանքի ապահովման համար իրականացուող՝ մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը, դարձել է Արցախի ժողովրդի դէմ ուղղուած նոր զինատեսակ Ադրբեջանի զինանոցում: Այդ ապօրինի անցակէտի անմիջական զոհ է դարձել Արցախի Հանրապետութեան քաղաքացի Վագիֆ Խաչատրեանը, ում ադրբեջանցի զինծառայողները ուղղակիօրէն առեւանգել են ԿԽՄԿ ուղեկցութեամբ այդ անցակէտով տեղափոխուելիս՝ կոպտօրէն խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը:
Ադրբեջանական կողմը, փորձելով քօղարկել իր ցեղասպանական մտադրութիւնները, առաջարկում է կեղծ այլընտրանքներ՝ իբր թէ մեղմելու իր իսկ ստեղծած հումանիտար աղէտը։ Ներկայիս ծայրահեղ բարդ իրավիճակը, որից դուրս գալու համար Արցախին խիստ անհրաժեշտ է ինչպէս միջազգային մարդասիրական, այնպէս էլ քաղաքական աջակցութիւն, ուղիղ հետեւանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ Արցախի ժողովրդի փաստացի պաշարման։ Ադրբեջանն այսպիսով փորձում է պատրանք ստեղծել, թէ Արցախը կենսունակ չէ եւ կախուած է արտաքին օգնութիւնից։ Իսկ օգնութեան տրամադրման պարտադրուող առաջարկով Ադրբեջանի իշխանութիւնները ձգտում են Արցախը եւ նրա ժողովրդին հպատակեցնել իրենց, ինչպէս նաեւ կախուածութեան մէջ դնել Ադրբեջանից։
Այնուամենանիւ, մոլորութեան մատնուել պէտք չէ. Ադրբեջանից Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների առաջարկն Ադրբեջանի յանցաւոր ծրագրի իրականացման եւս մէկ միջոց է, որը կեանգեցնի նրա կամքի պարտադրման, մարդկային արժանապատուութեան չարամտօրէն ոտնայարման եւ Արցախի ժողովրդին Ադրբեջանին հպատակեցնելու այլ յանցաւոր վերջնարդիւնքների։ Նման քայլերով Ադրբեջանը նաեւ նպատակ է հետապնդում կանխել Արցախի բնականոն զարգացումը եւ ժողովրդի կենսամակարդակի բարելաւումը։
Ադրբեջանի իշխանութիւններն իրենք էլ չէն թաքցնում, որ իրենց նպատակն Արցախի բնիկ հայ ժողովրդին հայրենիքից վտարումն է։ Ըստ այդմ՝ հակամարտութեան ենթադրեալ կարգաւորման տեսլականի եւ դրա հիման վրայ ներկայացուող առաջարկների փաթեթի առաջ քաշմամբ Ադրբեջանը փորձում է բանակցութիւնների շղարշի տակ քօղարկել իր ցեղասպանական մտադրութեան իրացման այս նոր ճանապարհը։
Ստեփանակերտ-Բաքու երկխօսութիւն սկսելու վերաբերեալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի յանցաւոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցութիւններում Արցախի մասնակցութիւնը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպէս օժանդակութիւն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականութեան իրացմանը։ Այս պայմաններով որեւէ նման բանակցութիւններին Արցախի մասնակցութիւնը կը լինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրութեան իրացման քօղարկուած ծրագրի ընդունում եւ օրինականացում։
Բանակցութիւնների արդիւնաւետութեան ու լեգիտիմութեան համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնուազն հետեւէն միջազգային իրաւունքի նորմերին։ Ընդ որում, ինչպէս բուն հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած առաջարկները, այնպէս էլ դրանց իրականացման հնարաւոր հետեւանքները պէտք է մշտապէս համահունչ լինէն միջազգային իրաւունքի սկզբունքներին եւ համամարդկային արժէքներին։ Այս բոլորը, սակայն, մինչ օրս յաջողութեամբ եւ անպատժելիօրէն խախտւում են Ադրբեջանի կողմից։
Արցախն իր հերթին մշտապէս հանդէս է եկել եւ շարունակում է հանդէս գալ կենսունակ եւ առարկայական բանակցութիւնների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կը համապատասխանէն արդարութեան, արժանապատուութեան եւ հաւասարութեան համընդհանուր սկզբունքներին։
Մեր անդրդուելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցութիւնների համար բարէնպաստ ու հաւասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցութիւնների միջազգային մեխանիզմը, որն օժտուած կը լինի համապատասխան միջազգային մանդատով եւ կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնուելով միջազգային իրաւունքի նորմերի եւ միջազգային պրակտիկայի վրայ։ Այլապէս, առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարւում միւս կողմին ցանկացած՝ թէ՛ ռազմական, թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր յանցաւոր մտադրութիւնից, քննարկման առարկայ լինել չի կարող։
ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի ակտէրում, միջազգային կառոյցների, առանձին պետութիւնների եւ կազմակերպութիւնների կողմից պարբերաբար արուող կոչերում եւ յայտարարութիւններում բոլորն առանց բացառութեան արձանագրում են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման փաստը եւ ընդգծում միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման անհրաժեշտութիւնը, սակայն, այդ ուղղութեամբ որեւէ գործուն եւ կոնկրէտ քայլեր չէն ձեռնարկւում։ Մինչդեռ, Արցախի բնակչութեան ֆիզիկական ոչնչացման նպատակով կեանքի անտանելի պայմանների միտումնաւոր ստեղծումն Ադրբեջանի կողմից ոչ այլ ինչ է քան ցեղասպանութեան յանցագործութիւն՝ բաղկացած յանցաւոր մտադրութիւնից եւ յստակ գործողութիւններից։ Դա արձանագրում են նաեւ միջազգային առաջատար փորձագէտները, ինչպէս, օրինակ, Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենոյ Օքամփոն՝ իր վերջին համապարփակ զեկոյցով: Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելումը եւ կասեցումը պետութիւնների համընդհանուր պարտաւորութիւնն է, եւ իւրաքանչիւր պետութիւն պէտք է ակտիւ եւ շարունակական ջանքեր գործադրի նման յանցագործութիւնը կանխելու համար։
Նման իրավիճակում անգործութեան կամ անտարբերութեան դրսեւորումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանութեան յանցագործութեան թողտուութիւն։ Միջազգային հանրութիւնը պարտաւոր է գործուն անյատական եւ հաւաքական քայլեր ձեռնարկել թոյլ չտալու Ադրբեջանին մարդկութեան պատմութիւնը համալրել եւս մէկ զանգուածային սովամահութեան եւ ցեղասպանական էջով։
Ըստ այդմ՝ վճռականօրէն յորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտաւորութիւնների շրջանակում, գործուն եւ արդիւնաւետ քայլեր ձեռնարկել կասեցնելու Արցախի ժողովրդի դէմ իրականացուող ցեղասպանութեան յանցագործութիւնը՝ մասնաւորապէս.
ՀայաստանիՀանրապետութեանը
- յորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղէտը, որը վերածուել է ցեղասպանութեան յանցագործութեան, անյապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի քննարկմանը՝ հրատապ եւ կոնկրէտ քայլեր ենթադրող բանաձեւի ընդունման նպատակով,
- կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատուական, քարոզչական եւ այլ հարթակներով ակտիւօրէն բարձրաձայնելու եւ միջազգային հանրութեանն իրազեկելու ուղղութեամբ,
- յորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու եւ սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դէմ՝ վերջինիս կողմից իրականացուող միջազգային յանցագործութիւնները դադարեցնելու նպատակով,
- միաժամանակ վճռականօրէն կոչ եմ անում ՀՀ իշխանութիւններին, հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ զգոյշ լինել իրավիճակի վերաբերեալ իրենց հրապարակային յայտարարութիւններում, գնահատականներում. որեւէ յայտարարութիւն կամ գործողութիւն չպէտք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ չպէտք է նպաստի Ադրբեջանի յետագայ յանցաւոր ու ագրեսիւ գործողութիւններին,
Սփիւռքիմերհայրենակիցներին
- յորդորում եմ համախմբել ջանքերը՝ իրենց բնակութեան երկրների իշխանութիւնների եւ հասարակութիւնների ուշադրութիւնը սեւեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային յանցագործութիւններին եւ պահանջելու անյապաղ ու գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղութեամբ,
- Սփիւռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետեւեալ ուղղութիւններով՝
- պահանջել կառավարութիւններից խստիւ դատապարտել եւ կոնկրէտ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրայ ճնշումը մեծացնելու ուղղութեամբ,
- պահանջել կառավարութիւններից, իրաւապաշտպան կազմակերպութիւններից, զանգուածային լրատուամիջոցներից եւ այլ դերակատարներից ուղիղ իրաւական որակումներ եւ քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ իրականացուող յանցագործութիւններին,
- պահանջել կառավարութիւններից քննարկել եւ սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դէմ՝ վերջինիս կողմից իրականացուող միջազգային յանցագործութիւնները դադարեցնելու նպատակով,
ՌուսաստանիԴաշնութեանը
կարեւորելով ՌԴ խաղաղապահ առաքելութեան ներկայութիւնն Արցախում՝ վճռականօրէն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անյապաղ վերացնելու եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ սահմանուած Լաչինի միջանցքի գործառնութիւնը վերականգնելու ուղղութեամբ,
ԵԱՀԿՄինսկիխմբիհամանախագահողերկրների՝ՌուսաստանիԴաշնութեանը, ԱմերիկայիՄիացեալՆահանգներինեւՖրանսիայիՀանրապետութեանը
- վճռականօրէն կոչ եմ անում՝ որպէս հակամարտութեան կարգաւորման գործում անմիջականօրէն ներգրաւուած եւ միաժամանակ որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ պետութիւններ, իրենց առաջնային պարտաւորութեան շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անյապաղ դադարեցնելու եւ Լաչինի միջանցքի անխափան գործառնութիւնը վերականգնելու ուղղութեամբ,
- կոչ եմ անում համանախագահող երկրներին անյատական եւ միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտուած ամուր բանակցային ձեւաչափ, որը կերաշխաւորի բանակցութիւնների գործընթացի, դրա չափանիշների եւ վերջնարդիւնքի համապատասխանութիւնը միջազգային իրաւունքի նորմերին եւ համամարդկային արժէքներին,
- լիայոյս եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետեւողականութիւն կցուցաբերէն ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ եւ համապարփակ կարգաւորման հարցում եւ ակտիւ ջանքեր կը գործադրէն հակամարտութեան կարգաւորման միջազգային մանդատով օժտուած բանակցային մեխանիզմը վերագործարկելու ուղղութեամբ,
ՄԱԿ—իԱնվտանգութեանխորհրդիանդամպետութիւններին
- յորդորում եմ անյապաղ հրաւիրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով մեկնարկած ցեղասպանութիւնը եւ առաջացած հումանիտար աղէտը, ինչպէս նաեւ ընդունելու բանաձեւ, որը կպարտաւորեցնի Ադրբեջանին անյապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ վերականգնել վերջինիս գործառնութիւնը՝ համաձայն Արդարադատութեան միջազգային դատարանի 2023թ. փետրուարի 22-ի որոշման,
- միաժամանակ յիշեցնում եմ, որ ցեղասպանութեան կանխարգելումը ոչ միայն իւրաքանչիւր պետութեան համընդհանուր (erga omnes) պարտաւորութիւնն է, այլեւ միջազգային հանրութեան հաւաքական պատասխանատուութիւնը,
ՄԱԿ—իԳլխաւորքարտուղարին
- յորդորում եմ դրսեւորել բարոյական եւ քաղաքական պատասխանատուութիւն եւ առաջնորդութիւն եւ գործի դնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային յանցագործութիւնների յետագայ ընթացքը,
- կոչ եմ անում Ցեղասպանութեան կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի յատուկ խորհրդականին եւ այլ համապատասխան կառոյցներին փոխանցուած Արցախի Հանրապետութիւնում տեղի ունեցող միջազգային յանցագործութիւնների վերաբերեալ փաստական եւ իրաւական մանրամասն տեղեկութիւնները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին,
- առաջարկում եմ իր բարի ծառայութիւնների ինստիտուտի միջոցով արդիւնաւետ ներդրում ունենալ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան կարգաւորման մեխանիզմի ձեւաւորման գործընթացում,
ՑեղասպանութեանկանխարգելմանհարցերովՄԱԿ—իԳլխաւորքարտուղարիյատուկխորհրդականին
- յորդորում եմ գործարկել իր մանդատի ներքոյ վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ դրանով իսկ Արցախի Հանրապետութիւնում ստեղծուած ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարին եւ, նրա միջոցով, Անվտանգութեան խորհրդին,
- գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետութիւն փաստահաւաք առաքելութիւն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացուող միջազգային յանցագործութիւնների հետեւանքները,
ՄԱԿ—իՄարդուիրաւունքներիգլխաւորյանձնակատարին, ՓախստականներիհարցերովբարձրյանձնակատարինեւմարդուիրաւունքներիպաշտպանութեանհամարպատասխանատուՄԱԿ—իմիւսկառոյցներին
պահանջում եմ իրենց մանդատի շրջանակներում իրաւական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից իրականացուող յանցագործութիւններին, արձանագրել մարդու իրաւունքների զանգուածային խախտումները, ինչպէս նաեւ ՄԱԿ–ի Անվտանգութեան խորհրդի անդամ պետութիւններին եւ այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամասն փաստական եւ իրաւական տեղեկութիւններ Արցախում մարդու իրաւունքների խորացող ճգնաժամի վերաբերեալ,
ԿարմիրԽաչիՄիջազգայինԿոմիտեին՝որպէսԱրցախումներկայեւհամապատասխանմիջազգայինմանդատովօժտուածմիակմիջազգայինկազմակերպութեանը
յորդորում եմ միջազգային հանրութեան բոլոր դերակատարներին եւ յատկապէս ՄԱԿ–ի Անվտանգութեան խորհրդի անդամ երկրներին ներկայացնել մանրամասն փաստական եւ իրաւական տեղեկութիւններ Արցախում տիրող իրավիճակի եւ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերին կոպիտ խախտումներով Ադրբեջանի գործողութիւնների մասին,
ԵւրոպայիԽորհրդին
- յորդորում եմ գործուն եւ արդիւնաւետ քայլեր ձեռնարկել ապահովելու Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի իրաւական պարտադիր ուժ ունեցող որոշման անյապաղ կատարումը,
- վճռականօրէն կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Եւրոպայի խորհրդի երեք հիմնասիւների՝ մարդու իրաւունքների, ժողովրդաւարութեան եւ օրէնքի գերակայութեան բացայայտ եւ կոպիտ խախտումների դէմ՝ այդ թւում դիտարկելով նման անդամ պետութեան հեռացումը կազմակերպութիւնից,
ԵւրոպականՄիութեանը
- կոչ եմ անում օգտագործել ԵՄ տրամադրութեան տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառեալ՝ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրայ՝ Արցախի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրաւունքների զանգուածային խախտումներին վերջ դնելու նպատակով,
- յորդորում եմ հաւատարիմ մնալ Եւրոպական Միութեան հռչակած արժէքներին ու սկզբունքներին՝ զերծ մնալով Ադրբեջանի հետ յատկապէս էներգէտիկ գործընկերութիւնը մարդու իրաւունքներից ու ազատութիւններից գերակայ համարելու մօտեցումից,
Միջազգայինիրաւապաշտպանկազմակերպութիւններինեւմիջազգայինայլդերակատարներին
յորդորում եմ ակտիւօրէն ներգրաւուել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի եւ մարդու իրաւունքների զանգուածային եւ համակարգային խախտումների մասին իրազեկման արշաւին՝ տալով յստակ իրաւական որակումներ եւ պահանջելով պետութիւնների կառավարութիւններից եւ միջազգային կառոյցներից իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողութիւններ,
Միջազգայինզանգուածայինլրատուութեանմիջոցներիներկայացուցիչներին
ընդգծելով անկախ լրատուամիջոցների անփոխարինելի դերը զանգուածային յանցագործութիւնների մասին բարձրաձայնելու եւ դրանք կանխարգելելու գործում, յորդորում եմ, հաւատարիմ մնալով իրենց առաքելութեանը, խախտել անընդունելի լռութիւնը եւ օբյեկտիւ տեղեկութիւններ տրամադրել միջազգային հանրութեանն Արցախում տեղի ունեցող զանգուածային յանցագործութիւնների մասին՝ դրանով իսկ փորձելով կոտրել անարդարութեան եւ անպատժելիութեան արատաւոր շղթան:
Միջազգային հանրութեան յարգելի՛ ներկայացուցիչներ,
Որպէս իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում՝ խնդրում եմ հաշուի առնել, որ Արցախն այժմ աշխարհի վրայ միակ տարածքն է, որը գտնւում է լիակատար պաշարման մէջ եւ որտեղ նոյնիսկ միջազգային հանրութիւնը որեւէ մուտք չունի: Արդեօ՞ք ձեզ համար հարց չի ծագում, թէ որն է Արցախի խաղաղասէր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը, արդեօ՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրաւունքների պաշտպանութեան առումով ոչ թէ գորշ գօտի, այլ՝ սեւ խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթութեան տեսած բոլոր յանցագործութիւնները, արդեօ՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիութիւնը եւ նոր ցեղասպանութեան թոյլատրումը ծնելու են նորանոր յանցագործութիւններ՝ միգուցէ նաեւ ձեր ժողովուրդների հանդէպ:
Ուստի, բոլորիդ խնդրում ու պահանջում եմ՝ անյապաղ կերպով գործել եւ կասեցնել Արցախի ժողովրդի այս ընթացող ցեղասպանութիւնը, քանի դեռ լրիւ ուշ չէ»: