Ղարաբաղի հայազգի բնակիչ Վագիֆ Խաչատրեանի ձերբակալութիւնից յետոյ խորացել է լարուածութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը մերժել է Վագիֆ Խաչատրեանին արտայանձնելու Հայաստանի խնդրանքը՝ յայտարարելով, որ նա Ադրբեջանի Հանրապետութեան հայ քաղաքացի է եւ ձերբակալուել է ռազմական յանցագործութիւնների մեղադրանքով։
Վագիֆ Խաչատրեանի ձերբակալութիւնից յետոյ Հայաստանի կառավարութիւնը բողոք է ներկայացրել Եւրոպական դատարան՝ պահանջելով Ադրբեջանի կառավարութիւնից նրան արտայանձնել՝ Հայաստանում նրան բուժելու եւ բուժօգնութիւն ցուցաբերելու համար։
Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում ծնուած եւ բնակուող այս հայը երկու օր առաջ ձերբակալուել է Լաչինի սահմանակէտից Հայաստան տեղափոխուելիս Ադրբեջանի Հանրապետութեան սահմանապահ զօրքերի կողմից եւ տեղափոխուել Բաքու։
Ադրբեջանի կառավարութիւնը յայտարարել է, որ Խաչատրեանը ձերբակալուել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի մեքենայում գտնուելու ժամանակ, այժմ հարցաքննւում է եւ նրա նկատմամբ քրէական գործ կը յարուցուի։
Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութիւնը պնդում է, որ 1990-ականների սկզբին Խաչատրեանը գլխաւոր դեր է ունեցել Ղարաբաղի Խոջալուի շրջանի «Մեշելի» գիւղի բնակիչների կոտորածում, եւ նրա ինքնութիւնը նոյնականացուել եւ հաստատուել է այդ դէպքը վերապրածների կողմից։ .
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը, յղում անելով այդ երկրի դատախազութեան կողմից տրամադրուած տեղեկութեանը, պնդում է, որ 1991 թուականի դեկտեմբերի 22-ին Խաչատրեանը մասնակցել է Ղարաբաղի կենտրոնում՝ Խոջալուի շրջանի «Մեշելի» գիւղի բնակիչների սպանութիւններին, որի հետեւանքով սպանուել են Ադրբեջանի Հանրապետութեան առնուազն 25 քաղաքացի, վիրաւորուել 14 եւ տեղահանուել 358 քաղաքացի, ինչի համար Ադրբեջանի Հանրապետութեան քրէական օրէնսդրութեան համաձայն՝ նրա նկատմամբ յարուցուել է քրէական գործ եւ նրան մեղադրում են զանգուածային սպանութիւնների, տեղահանութեան կամ բնակչութեան բռնի տեղափոխման մէջ։
Անդրադառնալով հայկական կողմի պնդմանը բժշկական նպատակներով Վագիֆ Խաչատրեանի՝ Հայաստան մեկնելու վերաբերեալ, Ադրբեջանի դիւանագիտական գերատեսչութիւնը յայտարարել է, որ ձերբակալութիւնից յետոյ նա հետազօտուել է Բաքուի բժշկական հաստատութիւններից մէկում , ստացել անհրաժեշտ բուժօգնութիւն, եւ յարմար պայմաններ են ապահւուել նրա հետ Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման համար։
Փորձագէտների կարծիքով, Խաչատրեանին ձերբակալելով՝ Բաքուն առաջին հերթին ձգտում է առաջիկայ բանակցութիւններում Երեւանի դէմ ճնշման լծակներ ձեռք բերել։ Այս գործողութիւնն իրականացուել է Հայաստանի դէմ Ադրբեջանի ագրեսիւ վերաբերմունքի շրջանակներում։
Խաչատրեանի ձերբակալութիւնը ունի նաեւ ներքին ասպեկտ: Այս գործողութեամբ Ադրբեջանի կառավարութիւնը ձգտում է գոհացնել իր քաղաքացիներին եւ ուղերձ տալ, որ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը յաջող է գործել իր երկրի ժողովրդի իրաւունքների վերականգնման հարցում եւ ոչ միայն վերադարձրել է իր երկրի տարածքները, այլեւ պատժել է զաւթիչներին իրենց գործողութիւնների համար։
Իսկ ամենակարեւոր հարցը, որը անտեսուել է, այն է, որ Բաքուի այս գործողութիւնները ունեցել են նաեւ միջազգային ասպեկտ. Հաշուի առնելով, որ Երեւանը օգնութիւն է խնդրել միջազգային կառոյցներից՝ այդ խնդիրները կարգաւորելու համար, չի բացառւում, որ Ալիեւի կառավարութիւնը լուրջ խնդիրներ է ունենալու միջազգային քրէական ատեաններում եւ մարդու իրաւունքների գծով աշխատող կառոյցներում, նամանաւանդ, որ Ղարաբաղի 120 հազար բնակիչների վիճակը շարունակում է վատթարանալ Բաքուի կողմից Լաչինի ճանապարհի փակման պատճառով։