ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով յուլիսի 28-ին գումարուել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետութեան շահերի պաշտպանութեան ուղղութեամբ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների կողմից իրականացուող աշխատանքների լայն համատեքստը։
Մասնաւորապէս՝ քննարկուել են տարբեր աշխարհամասերում միջազգային կազմակերպութիւններում եւ առանձին երկրներում հայութեան շահերի պաշտպանութեանն ուղղուած աշխատանքների ընթացքը։
Բացման խօսքում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տեր- Խաչատուրեանը կարեւորել է դժուարին այս օրերին ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքների ակտիւութեան պահպանումը մի քանի ուղղութիւններով՝ մասնաւորապէս Արցախի շուրջ արտաքին զօրակցութեան ապահւում, հիմնախնդրի վերաբերեալ արտէրկրում օբյեկտիւ տեղեկատուութեան ապահւում եւ ադրբեջանական քարոզչական սադրանքների հակազդում, Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապաշրջափակում եւ Արցախին միջազգային հումանիտար օժանդակութիւն, Ադրբեջանի վրայ միջազգային ճնշման ուժգնացում, Ադրբեջանի եւ դրա ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ պատժամիջոցների կիրառում։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամները, իւրաքանչիւրն իր մասով, նախ ներկայացրել է յանձնախմբերի ու գրասենեակների կողմից ինչպէս ընթացքի մէջ գտնուող, այնպէս էլ առաջիկայ աշխատանքները, ապա անդրադարձ է կատարուել հայկական պետութիւնների շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակի վրայ ազդեցութիւն ունեցող ներքին ու արտաքին զարգացումներին եւ դրանց յաղթայարման մարտաւարութեանը:
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը Հայ դատի համաշխարհային կառոյցի աշխատանքները համադրող մարմին է։ Կենտրոնական խորհուրդը բաղկացած է Կենտրոնական խորհրդի նախագահից, ՀՅԴ Բիւրոյի մի շարք անդամներից, Հայ դատի տարածաշրջանային գրասենեակների պատասխանատուներից, Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցչից, Հայ դատի երախտաւորներից, ինչպէս նաեւ ՀՅԴ Հայաստանի գերագոյն մարմնի եւ Արցախի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչներից։ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր Խաչատուրեանն է:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
29. 07․ 2023 թ․