Բողոքի լուռ ակցիայ Բրիւսելում Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման դադարեցման պահանջով

Բողոքի լուռ ակցիայ Բրիւսելում Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման դադարեցման պահանջով

Բրիւսել, 28 յուլիսի, 2023թ. -Այսօր Բրիւսելի սրտում, Եւրոպական խորհրդի շէնքի առջեւ տեղի ունեցաւ լուռ բողոքի ակցիայ, որի ժամանակ մասնակիցները ցուցատախտակների միջոցով կոչ էին անում անյապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչութեան ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրութիւն հրաւիրել տարածաշրջանում սրուող հումանիտար ճգնաժամի վրայ, որը յանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թւում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահուան՝ 120,000 հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղուած սովի քաղաքականութեան պատճառով։

Լեռնային Ղարաբաղը/Արցախի Հանրապետութիւնը գտնւում է աղէտալի շրջափակման մէջ՝ սկսած 2022 թուականի դեկտեմբերի 12-ից, որի պատճառով դադարեցուել են բնակչութեանը կենսականօրէն անհրաժեշտ մարդասիրական օգնութիւնն ու առաջին անհրաժեշտութեան մատակարարումները։ Այս անմարդկային գործողութիւնը սարսափելի հետեւանքներ է ունեցել անթիւ խաղաղ բնակիչների կեանքի վրայ՝ պատճառելով աներեւակայելի տառապանքներ եւ զրկելով նրանց գոյատեւման համար անհրաժեշտ հիմնական պարագաներից եւ սննդից։

Լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրուած պաստառները ուղերձ էին միջազգային հանրութեանը, յատկապէս Եւրամիութեանը, անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի կողմից իրականացուող էթնիկ զտմանը։ Լուռ ակցիայի ընթացքում մասնակիցները երեխաների հետ միասին Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղուած նամակ յանձնեցին։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են անում ԵՄ ղեկավարութեանը անյապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով յանցագործ Ադրբեջանի նկատմամբ եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաեւ ընդգծել են միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների պահպանման եւ Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարեւորութիւնը։

Նրանք պահանջում էին, որ աշխարհը աչք չփակի անմեղ քաղաքացիների, յատկապէս երեխաների տառապանքների վրայ, որոնք կրում են շրջափակման հետեւանքների ողջ ծանրութիւնը։

Որպէս «Եւրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնութեան ներկայացուցիչներ եւ մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզուած են, որ կոլեկտիւ ջանքերը եւ ԵՄ կոնկրէտ աջակցութիւնը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու եւ տուժածների տառապանքը մեղմելու գործում։

Բրիւսելի այսօրուայ լուռ ցոյցը եւս մէկ անգամ յիշեցում է, որ աւելի քան երբեւէ հրատապ են դարձել այն գործողութիւնները, որոնք կնպաստէն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն։ Այն կոչ է անում միջազգային հանրութեանը, յատկապէս Եւրամիութեանը, գործադրելու իր ամբողջ դիւանագիտական ազդեցութիւնն ու լծակները՝ պաշտպանելու անմեղ կեանքերը եւ պաշտպանելու արդարութիւնը տարածաշրջանում:

Բելգիայի հայերի կոմիտէ

Share