Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարն ու կոչ է արել Հայաստանի իշխանութիւններին զգոյշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչման հարցով իրենց յայտարարութիւններում։ Այս մասին գրել է Interfax-ը։
«Ոչ մի երկիր չի կարող մէզ զրկել ինքնորոշման իրաւունքից։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանութիւններին աւելի զգոյշ լինել իրենց յայտարարութիւններում։ Ինքնորոշման իրաւունքը միջազգային նորմ է, մեր իրաւունքը, որը մենք օգտագործում ենք նաեւ այսօր»,- ասել է Յարութիւնեանը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Interfax-ի հարցին։
Նա նշել է, որ անկախ յայտարարութիւններից, Լեռնային Ղարաբաղը «կը շարունակի պայքարն ինքնորոշման համար»։
Յարութիւնեանը նաեւ նշել է, որ պատրաստ է Բաքուի հետ երկխօսութեան, որը «պէտք է նաեւ հաշուի առնի մեր իրաւունքներն ու յարաբերուի հաւասարութեան սկզբունքով»։
Արցախի ղեկավարն ասել է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, պէտք է ապաշրջափակուի՝ հումանիտար աղէտի կանխման, սննդամթերքի առաքման համար։
Ըստ կայքի՝ Յարութիւնեանը դէմ է արտայայտուել Բաքուից «Բարդայ-Աղդամ» (չակերտները Tert.am-ի) (Բարդայ-Ակնայ) ճանապարհով մթերք մատակարարելու՝ Ադրբեջանի առաջարկին։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայուած ՌԴ խաղաղապահները նոյնպէս դժուարութիւններ ունեն պարէնով ապահովելու հարցում, եւ «նրանք նոյնպէս օգտւում են սննդի մեր սուղ պաշարներից»։
Ըստ աղբիւրի՝ հանդիպման ընթացքում քննարկուել են հայ-իրանական բազմոլորտ համագործակցութեանն առնչուող հարցեր: Մտքեր են փոխանակուել երկկողմ յաւակնոտ օրակարգը կեանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնաւորապէս ընդգծուել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական, էներգէտիկ եւ տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշուած համատեղ նախագծերի իրականացման կարեւորութիւնը:
«Ի շարունակութիւն ԱԳ նախարարների մակարդակով նոյն օրը կայացած քննարկման, Արարատ Միրզոյեանի եւ Էբրահիմ Ռայիսիի ուշադրութեան կենտրոնում եւս եղել են տարածաշրջանային անվտանգութեանը վերաբերող հարցերը: Նախարար Միրզոյեանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպէս նաեւ վերահաստատել Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հաստատման վերաբերեալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծուել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առաւելապաշտական եւ թշնամական հռետորաբանութեան բացառման անհրաժեշտութիւնը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:
Նշւում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում սրուող հումանիտար ճգնաժամին, Արարատ Միրզոյեանը շեշտել է արգելափակման անյապաղ վերացման եւ Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչութեան էթնիկ զտումը կանխելու հրամայականը: