Արցախում շրջափակման հետեւանքով իրենց գործունէութիւնը դադարեցրել են աւելի քան 2000 տնտեսաւարող սուբյեկտներ

Արցախում շրջափակման հետեւանքով իրենց գործունէութիւնը դադարեցրել են աւելի քան 2000 տնտեսաւարող սուբյեկտներ

2022 թուականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան շրջափակման հետեւանքով խաթարուել են բիզնես ոլորտի աշխատանքները՝ կապուած հանրապետութեան տարածք հումքի, նիւթերի, ապրանքների ներկրման սահմանափակումների, ենթակառուցուածքների խափանումների եւ մի շարք այլ խնդիրների հետ։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետութեան պետական եկամուտների կոմիտէի նախագահի տեղակալ Արմինէ Մուսայելեանը։«Շրջափակումից ի վեր իրենց գործունէութիւնը դադարեցրել են 1450 տնտեսաւարող սուբյեկտներ, իսկ արդէն Արցախի ամբողջական պաշարումից յետոյ՝  790 տնտեսաւարող սուբյեկտներ։ Սա, իհարկէ, իրական պատկերը չէ, քանի որ մեծ թուով տնտեսաւարող սուբյեկտներ, որոնք այս պահին գործունէութիւն չէն իրականացնում, դեռեւս հարկային մարմին դիմումներ չէն ներկայացրել՝ պաշտօնապէս գրանցելու իրենց գործունէութեան դադարեցումը. գտնւում են, այսպէս ասած, սպասողական վիճակում։ 2827 տնտեսաւարող սուբյեկտներ գործում են մասնակիօրէն` իրենց արտադրական հզօրութեան միայն չնչին մասով։ Այդ են վկայում նաեւ 2023 թուականի առաջին կիսամեակում նրանց իրացման շրջանառութիւնների մասով արձանագրուած ցուցանիշները»,-մանրամասնել է Ա. Մուսայելեանը։

Նրա խօսքով, 2022 թուականի առաջին կիսամեակի համեմատ`  հանքարդիւնահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառութիւնը կրճատուել են 94 տոկոսով, շինարարութեան ոլորտում՝ 89, արտադրութեան ոլորտում՝ 60,6, առեւտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագաւառում՝ 41,8 տոկոսով։

«Բնականաբար, յուլիս ամսում արդէն մի շարք այլ ոլորտներում եւս շրջանառութեան ահագին կրճատումներ կան: Այս  պահին տեղեկատուական բազզայում յուլիս ամսուայ տուեալները չկան, սակայն ակնյայտ է, որ, օրինակ, տրանսպորտի, հանրային սննդի, շինարարութեան բնագաւառներում   շրջանառութիւնն արդէն իսկ հասել է, այսպէս ասած, զրոյական ցուցանիշի»,-նշել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալը` յաւելելով, որ այս ամէնը շղթայական էֆեկտով  բերել է աշխատատեղէրի կրճատման։

Աղբիւր` Panorama.am

Share