Արցախի 120.000 հայը սովի եզրին է անձամբ Փաշինեանի եւ ՔՊ-ական այս վարչախմբի գործունէութեան հետեւանքով. Իշխան Սաղաթելեան
Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը․ այս մասին յուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրաւիրուած ԵԱՀԿ յատուկ մշտական խորհրդի նիստում յայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը՝ յաւելելով՝ Հայաստանի իշխանութիւնը պատրաստ է այդ քայլին, եթէ Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների եւ անվտանգութեան հարցը քննարկուի միջազգային մեխանիզմի ներքոյ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխօսութեան միջոցով։
168 TV-ի «Ռեւյու» հաղորդաշարի եթերում, խօսելով Արցախն Ադրբեջանի մաս հռչակող հերթական յայտարարութեան մասին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը շեշտեց՝ Արցախի ինքնորոշման իրաւունքից հրաժարուելուց յետոյ 120 հազար հայի որեւէ իրաւունք չի գործելու։
«Չի գործելու, որովհետեւ, երբ դու բանակցութիւնների սեղանին յայտարարում ես, որ պատրաստ ես ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանից յետոյ ամէն բան աւարտւում է. բանակցութիւններն են աւարտւում»,- ասաց Իշխան Սաղաթելեանը՝ ընդգծելով՝ Հայաստանը պէտք է ամբողջութեամբ փոխի բանակցային տրամաբանութիւնը եւ գնայ այլ ճանապարհով։
«Պետք է գնալ՝ ճանաչենք՝ հանուն փրկութեան ճանապարհով»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Ըստ Սաղաթելեանի՝ քանի դեռ Հայաստանի իշխանութեան ղեկին Նիկոլ Փաշինեանն է, նա իր թիմով բերելու է եւ՛ պատերազմ, եւ՛ կապիտուլեացիայ, ուստի ստեղծուած վիճակում անհրաժեշտ է ընդդիմութեան լայն կոնսօլիդացիայ՝ իշխանութեանը հեռացնելու յստակ օրակարգով։
«Մշտապէս այն կարծիքին եմ, որ Նիկոլն ու Ալիեւը հայ ժողովրդին կը յաղթէն միայն այն դէպքում, երբ դրա դէմ պայքար չլինի»,- ասաց Սաղաթելեանը՝ ընդգծելով՝ իրենք շարունակելու են պայքարը, եւ առաջիկայում նախատեսուած են ցոյցեր եւ փողոցային պայքար, ինչը չկար մօտ 6 ամիս։
«Այս ամիսների ընթացքում դատարկ մնացած փողոցներն այդպէս դատարկ երկար ժամանակ չէն մնա,- ասաց Իշխան Սաղաթելեանը՝ շարունակելով,- Ժողովրդին ապստամբութեան պատրաստելը մեր օրակարգում է. պէտք է պատրաստուել, որովհետեւ կայ ընդամէնը մէկ ճանապարհ՝ դա համաժողովրդական ընդվզումն է՝ ամենակոշտ մեթոդներով եւ միջոցներով։ Պետք է գիտակցել, որ մենք գերութեան մէջ ենք։ Հայաստանի այս իշխանութիւնը գերեւարել է մեր ժողովրդին, Արցախի 120 հազար հայը սովի եզրին է անձամբ Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ական այս վարչախմբի գործունէութեան հետեւանքով»:
Հարցազրոյցի մանրամասները՝ տեսանիւթում։