2019թ. օգոստոսի 22-ին Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի հիմնադրումը, որով Արցախի սկաուտները միացան համաշխարհային հայ սկաուտական ընտանիքին։ Ցաւօք, դրան յաջորդած իրադարձութիւնները՝ կորոնաւիրուսի համաւարակը, այնուհետեւ՝ 44-օրեայ պատերազմը, մեծ խոչընդոտ հանդիսացան կառոյցի զարգացման եւ ընդլայնման համար, ինչով եւ պայմանաւորուեց մասնաճիւղի պասիւ գործունէութիւնը։
Պատէրազմից յետոյ սկաուտական աշխատանքների ակտիւացման, առաջնորդ սկաուտներ պատրաստելու առաքելութեամբ Արցախում էր սկաուտական խմբապետուհի Մարոյ Քեշիշեանը: Քոյր Մարոյի եւ ՀՄԸՄ-ի Կենտրոնական եւ Արցախի մեկուսի վարչութեան ներդրած ջանքերով այսօր ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղը ակտիւ գործունեութեամբ զբաղուող կառոյց է։
Արցախի համար այս դժուարին ժամանակներում անգնահատելի է ՀՄԸՄ առաքելութիւնը բարոյապէս բարձր արժանիքներով եւ ազգային նկարագրով հայրենիքին ծառայելու պատրաստ քաղաքացիներ պատրաստելու գործում։
ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի գործունէութեան եւ վերջերս կազմակերպած սկաուտական-խմբապետական բանակումի մասին զրուցել ենք ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի վարչութեան անդամ Արմոնդ Թահմասեանի եւ խմբապետ Ալեօնայ Յակոբջանեանի հետ։
Յատկապէս այս օրերին՝ ՀՄԸՄ-ն Արցախում իրականացնում է իր գործունէութիւնը, նախ եւ առաջ՝ նպատակ ունենալով այս իրավիճակում օգնել երեխաներին՝ աւելի ուրախ կազմակերպել իրենց առօրեան, ստանալ նոր գիտելիքներ ու հմտութիւններ,-մէզ հետ զրոյցում նշել է Ա. Յակոբջանեանը։
Սոյն թուականի յուլիսի 2-7-ը տեղի է ունեցել ՀՄԸՄ սկաուտական խմբապետական բանակումը, որն Արցախում թուով 2-րդն էր։
«Նմանատիպ առաջին բանակումը կազմակերպուել էր նախորդ տարի։ Քոյր Մարոյ Քեշիշեանը, ով եկել էր ԱՄՆ-ից, վերակազմակերպեց ՀՄԸՄ Արցախի կառոյցը, ստեղծեց խմբապետական կազմ, ովքեր մէկ տարի շարունակ գիտելիքներով զինուելով, այս ամռանը պատրաստուած եկան սկաուտական խմբապետական բանակումի»,-ասել է Ա. Յակոբջանեանը։
Նրա խօսքով՝ բանակումի ընթացքում սկաուտների ամենասիրելի պահը հերթապահութիւնն էր։ «Նրանք շուրջօրեայ հերթապահութիւն էին անցկացնում բանակավայրի տարբեր մասերում՝ հսկելով ՀՄԸՄ դրօշը, որը ամենակարեւորն էր բանակումի ընթացքում»,-նշել է Ա. Յակոբջանեանը։
Ալեօնայ Յակոբջանեանը նշեց, որ բանակումի ընթացքում սկաուտների շարքերը համալրել են 3 նորագիրներ, իսկ սկաուտներից 3-ի կոչումներն էլ բարձրացուել են՝ առաջնորդից դառնալով վարիչ առաջնորդ։
«Այս բանակումը խմբապետների համար եւս վերապատրաստման շրջան էր, որպէսզի յետագայում կարողանան ինքնուրոյն կազմակերպել յաջորդ բանակումը նորեկների հետ, որը տեղի կ’ունենայ ս.թ. յուլիսի 23-28-ը։ Շուրջ 100 պատանու համար սկաուտները կը կազմակերպէն բանակում, որտեղ հէնց իրենք կը լինէն պատասխանատուները»,-ասել է Ա. Յակոբջանեանը։
Նրա խօսքով՝ շրջափակման պայմաններում բաւականին խոչընդոտների հանդիպեցին բանակումը կազմակերպելիս՝ հաշուի առնելով յատկապէս սննդի բացակայութիւնն ու վառելիքի սղութիւնը, սակայն, ամէն դէպքում՝ բանակումը յաջողութեամբ կեանքի կոչուեց։
«Արցախի համար դժուարին այս պայմաններում բանակումը եւս մի փորձութիւն էր սկաուտների եւ պատասխանատու կազմի համար, որը մենք կարողացանք պատուով յաղթահարել: Բանակումի 5 օրերը անմոռաց կը մնան սկաուտների յիշողութեան մէջ, որպէս այս մշուշոտ ներկայում լուսաւոր մի դրուագ»,-նշել է Ա. Յակոբջանեանը:
ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի վարչութեան անդամ Արմոնդ Թահմասեանն էլ նշեց, որ պատերազմը բաւականին բացասական ազդեցութիւն է թողել ՀՄԸՄ աշխատանքների կազմակերպման վրայ։
«Պատէրազմից յետոյ որոշ սկաուտներ տեղափոխուեցին արտասահման, խնդիր առաջացաւ կառոյցը նորից վերաակտիւացնելու։ Քոյր Մարոյ Քեշիշեանի հինգամսեայ աշխատանքի արդիւնքում մենք ունեցանք այն կորիզը, որի վրայ հիմնուելով էլ մենք այսօր կազմակերպում ենք մեր աշխատանքները»,-ասել է Ա. Թահմասեանը։
Նրա խօսքով՝ կառոյցն այսօր ոչ թէ առաջնորդւում է քանակական աճ ապահովելու ուղղութեամբ, այլ տեսական եւ գործնական գիտելիքներով օժտուած սկաուտներ պատրաստելու ուղղութեամբ։
«Յատկապէս այս բանակումին, թեկուզ եւ սեղմ ժամանակաընթացքում, ծրագրեցինք եւ կարողացանք իրականացնել մեր առջեւ դրած նպատակները։ Սկաուտները պէտք է գիտելիքներ ունենան թէ՛ գործնական, թէ՛ տեսական, որոնք յետագայում անպայմանօրէն ստուգւում են քննութիւնների միջոցով»,-նշել է նա։
Ա. Թահմասեանի խօսքով՝ բանակումի նպատակը վարիչ-առաջնորդներ պատրաստելն էր։ «Մեր գործը նրանց սովորել սովորեցնելն էր։ Բանակումի ընթացքում հիմնականում ազգային գաղափարոխօսութեան եւ կարգապահութեան վրայ ենք կենտրոնացնել։ Նրանք սովորել են ենթարկուել հրամաններին, անհարկի չխօսել, աւելի շատ լսել, ընկալել, սովորել են դիմանալ դժուարութիւններին ու կոփուել։
Բանակումի ընթացքում ձեռք բերուած հմտութիւններով՝ առաջնորդները մեր վերահսկողութեամբ կազմակերպելու են բանակում, եւ արդէն իրենք պէտք է իրենց գիտելիքները փոխանցէն նորեկներին»,-ասել է Ա. Թահմասեանը։
Նա ճամբարն արդիւնաւետ համարեց՝ հաշուի առնելով կարճ ժամանակամիջոցում տեսանելի առաջխաղացումը, համարելով, որ բացթողումներ բոլորի մօտ են լինում։
Խոսելով սկաուտների ոգեւորութեան եւ առաջ գնալու ձգտման մասին՝ Ա. Թահմասեանը նշեց, որ առաջնորդների հետ առանձին հանդիպումները ստիպում են միւսներին, որ ցանկութիւն ունենան նմանուել նրանց։
«Աստիճաններով բարձրանալու համար նրանք պէտք է սովորեն եւ համապատասխան գիտելիքներ ունենան։ Շաբաթական ծրագրեր ունենք տեսական եւ գործնական դասընթացնէրով, որոնք ամփոփւում են քննութիւնների միջոցով։ Այդ ամէնից բացի, նրանց կարգապահութեանն ենք ուշադրութիւն դարձնում՝ նախքան կոչումը բարձրացնելը»,-եզրափակել է նա։
Վահագն Խաչատրեան
«Ապառաժ»