Հայաստանի իշխանութիւնը ոչնչացնում է սփիւռքի ներուժը

Հայաստանի իշխանութիւնը ոչնչացնում է սփիւռքի ներուժը

Այն, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն անում են Արցախում, 1915 թ.-ի շարունակութիւնն է՝ վարում են հայերին իրենց պատմական հայրենիքից բնաջնջելու քաղաքականութիւն: Alpha News-ի եթերում նման կարծիք յայտնեց Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտօնի կենտրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«Սուէտական ժամանակահատուածում սառեց այդ քաղաքականութիւնը, իսկ 2020 թ.-ից յետոյ ինչ տեսնում ենք՝ Ցեղասպանութեան շարունակութիւնն է: Մեր գործունէութեան առաջնային խնդիրը հէնց դա է՝ բացատրել, որ սա Ցեղասպանութեան շարունակութիւնն է եւ նուազագոյնի հասցնել ադրբեջանաթուրքական քաղաքականութեան վնասները: Երկրորդը՝ փորձում ենք առաւելութիւնների հասնել, յաջողել բոլոր հնարաւոր ուղղութիւններով, որտեղ կարող ենք՝ լաւ գիտակցելով, որ այդ իրավիճակը հայութեանն ուղղուած վերջին մարտահրաւէրը չէ: Մեր երեխաները, թոռները առերեսուելու են նոր մարտահրաւէրների եւ մենք պէտք է փորձենք ամրանալ: Մենք պէտք է կարողանանք ապահովել ապագայի նկատմամբ մեր իրաւունքները եւ ունենանք տարբերակներ, որոնք գուցէ անհնար են թւում այսօր, բայց հնարաւոր կարող են դառնալ վաղը՝ յաջորդ սերունդների օրօք: Կան բաներ, որոնցից չենք կարող հրաժարուել, քանզի դա կնշանակի՝ յանձնուել յաւէրժ»,- ասել է Արամ Համբարեանը:

Ամերիկայի հայ դատի գրասենեակը Միացեալ Նահանագների կառավարութեանը երեք պահանջ ունի՝ դադարեցնել Միացեալ Նահանգների ռազմական աջակցութիւնը Ադրբեջանին, վերականգնել Արցախին՝ Միացեալ Նահանգների օգնութիւնն ու Ադրբեջանին պատասխանատուութեան կանչել՝ պատերազմական յանցագործութիւնների համար:

«Մենք տեսանք, թէ ինչպէս նրանք վարուեցին հայ ռազմագերիների հետ, ինչպէս խոշտանգեցին, սպանեցին, ինչպէս օգտագործեցին արգելուած զինատեսակներ՝ կասետային ռումբեր, ինչպէս պատերազմում ներգրաւեցին վարձկաններին: Նաեւ պէտք է ցոյց տալ, որ թուրքական անօդաչուների մէջ օգտագործւում էին ամերիկեան արտադրութեան մասէր»,- ասաց Արամ Համբարեանը:

Նա կարծում է, որ Հայաստանի իշխանութիւնը ոչնչացնում է Սփիւռքի ներուժը: Նրանց դիրքորոշումները միասնական չէն, ինչն ըստ Համբարեանի՝ բարդացնում է գրասենեակի աշխատանքները:

«Ինչ ուզում եք, կարող եք ասել Հայաստանի նախկին նախագահների մասին, բայց անհերքելի է, որ նրանց օրօք համայն հայութիւնը շարժւում էր մէկ ուղղութեամբ՝ հայրենիքի, այդ թւում՝ Արցախի անվտանգութեան եւ ապահւութեան ճանապարհով: 5 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ այսօր Փաշինեանի դիրքորոշումն աւելի շատ կը հարի Ալիեւի դիրքորոշմանը, քան աշխարհասփիւռ հայութեան դիրքորոշմանը: Մենք 100 %-ով Արցախի կողքին ենք, մեր դիրքորոշումը երբեք չի փոխուի, բայց մեր դիրքերը թոյլ են, երբ չկայ միասնական դիրքորոշում, իսկ զուգահեռաբար, մեր հակառակորդներն աւելի ճկուն ու հզօր ռեսուրսներ ունեն, ինչի դէպքում մեր գործը դժուարանում է: Օրինակ՝ մենք բարձրաձայնում ենք ռազմագերիների հարցը, իսկ պաշտօնական Երեւանն այդ մասին լռում է: Այս իրավիճակում, երբ մենք նրանց հետ յոյսէր ենք կապում, սկսում են խաղեր տալ, քանի որ հասկանում են՝ մենք հարցի շուրջ միասնական մօտեցում չունենք»,-շեշտել է նա:

Համբարեանի խօսքով, Սփիւռքի դիրքորոշումն այն է, որ արցախահայութիւնն Ադրբեջանի կազմում ենթարկուելու է էթնիկ զտման, ինչը մահապատիժ է, իսկ պաշտօնական Երեւանի դիրքորոշումն այսօր այն է, որ Արցախը համարւում է Ադրբեջանի մաս:

«Սա յիմար ու անզգոյշ քայլ է, յուսով եմ, որ այն կփոխուի: Բայց, կոնկրէտ հիմա, մեր աշխատանքը բարդանում է, օրինակ՝ երբ լսում եք, որ ԱՄՆ-ի պէտքարտուղարը յայտարարում է, որ հայերն ու ադրբեջանցիները շատ մօտ են խաղաղութեանը, տողատակերում մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը մօտ է ամբողջութեամբ ստանալ այն ամէնը, ինչին ձգտում է, այն է՝ Արցախի ամբողջական վերահսկողութիւն: Բլինքէնը դա ասում է՝ շատ լաւ հասկանալով, թէ որոնք են Ադրբեջանի իրական նկրտումները եւ այդ ամէնի նպատակը շատ պարզ է՝ տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով, ինչն արհաւիրք կը լինի»,- ասաց Համբարեանը:

Նրա խօսքով՝ յիմարութիւն է կարծել, թէ Միացեալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն կարող են ապահովել հայութեան անվտանգութիւնն ընդդէմ Թուրքիայի:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է եւ շանսէրը, թէ ԱՄՆ-ն կը կանգնի իր դաշնակից Թուրքիայի եւ անմեղ հայերի միջեւ՝ զրոյական է»,- շեշտեց նա:

Անդրադառնալով այսօր Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական անժամկէտ շարժմանը, Արամ Համբարեանն ասաց, որ կանգնած են արցախցիների կողքին եւ ամէն ինչ կանէն, որ Միացեալ Նահանգների կառավարութիւնն ընտրի ճիշտ կողմը՝ աջակցի արցախցիներին եւ պատասխանատուութեան կանչի ալիեւեան ռեժիմին:

Share