Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական հահրահաւաքի մասնակիցները երթով շարժուեցին դէպի Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպութեան(ԿԽՄԿ) գրասենեակ։
Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենեակի մօտ ելոյթ ունեցաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը, ով յայտարարեց, որ հանրահաւաքի մասնակիցների անունից պահանջ է ներկայացնում եւ ակնկալում է, որ ամենասեղմ ժամկէտում Կարմիր խաչի միջազգային կազմակերպութեան Արցախի գրասենեակն Արցախում տիրող իրավիճակի վերաբերեալ օբյեկտիւ, իրավիճակն ամբողջապէս արտացոլող տեղեկատուութիւն կփոխանցի միջազգային բոլոր կազմակերպութիւններին։ «Մենք այս պահանջը ներկայացնում ենք եւ խնդրում ենք փոխանցել Առաքելութեան ղեկավարին։ Մենք արդարացիօրէն ակնկալում ենք, որ առաջիկայում ԿԽՄԿ-ն յայտարարութեամբ հանդէս կը գայ եւ Արցախի ժողովրդին կը տայ տեղեկատուութիւն, որ իրավիճակի վերաբերեալ ամբողջական ինֆորմացիան փոխանցուել է միջազգային կառոյցներին։
Բնականաբար, առաջնահերթ դուք պարտաւոր եք եւ պէտք է ամբողջ իրավիճակը պատշաճօրէն ներկայացնեք ձեր կենտրոնական գրասենեակին եւ հետեւողականօրէն պնդել, որ այդ տեղեկութիւնը՝ որպէս արդէն իսկ վաղուց վառուած կարմիր լոյս, փոխանցուի միջազգային կառոյցներին։ Ցաւում եմ, որ մինչ այս, որ մենք ունեցել ենք դէպքեր, երբ, յղում անելով ձեր կողմից տեղեկատուութեան վրայ, մէզ պարզաբանել են, որ իրավիճակն Արցախում աղէտալի կամ օրհասական չէ։ Ընդունեք, որ սա ձեր աշխատանքի թերութիւններից է, ընդունեք եւ պատասխանատու գտնուէք Արցախի ժողովրդի նկատմամբ։ Սա քաղաքականութիւն չէ, սա միջազգային յարաբերութիւն չէ, խօսքն Արցախի բազմաչարչար ժողովրդի կեանքի եւ ապրելու մասին է»,- յայտարարեց Ներսիսեանը։
ԿԽՄԿ-ի Արցախի գրասենեակի մօտ ելոյթ ունեցաւ նաեւ Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը։ Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն շատ լաւ տիրապետում է, թէ ինչ է կատարւում Արցախում, տեսնում է այն տառապանքները, որոնց միջով անցնում է Արցախի ժողովուրդը։ «Միջազգային հումանիտար առաքելութիւն իրականացնող այս կազմակերպութիւնը ունի հրապարակային չխօսելու սկզբունք։ Միգուցէ, հէնց այդ սկզբունքն է, որ մինչեւ այսօր մէզ այս իրավիճակում է պահում։ Որպէս մարդու իրաւունքների պաշտպան՝ ես խնդրում եմ՝ զեկուցեք ՄԱԿ-ին, զեկուցեք միջազգային բոլոր կազմակերպութիւններին, զեկուցեք, թէ ինչ է կատարւում այստեղ, զեկուցեք, որչ այս ժողովուրդը գտնւում է ցեղասպանութեան վտանգի տակ։ Դուք տեսնում եք չէ՞, թէ ինչ է կատարւում այստեղ։ Միակ խնդրանքս է, որ ահազանգեք, թէ ինչ է կատարւում այստեղ, կարեւոր չէ՝ դա կանեք հրապարակային, թէ ոչ հրապարակային, ուղղակի ահազանգեք»,- ասաց Ստեփանեանը։