«Երկիր մեդիան» կը մասնակցի մրցոյթին
Հնգամսեայ դադարից յետոյ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութիւնը յունիսի 30-ից կրկին եթերում է: Դեռ 2021 թուականինն ՀՌՀ-ն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլօթի օգտագործման լիցենզաւորման հանրապետական սփռման մրցոյթի արդիւնքները: Յաղթողներն էին` «Արմենիայ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Յուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա ՀԸ), «Շանթ» ՍՊԸ-ն, «Ա-Թիւի» ՍՊԸ-ն եւ «Մուլտի մեդիա-կենտրոն թիւի» ՓԲԸ-ն (Կենտրոն ՀԸ): Փաստացի Հայկական երկրորդ հեռուստաալիքը` Հ2-ը դուրս մնաց մրցոյթից եւ դիմեց դատարան, դատարանն էլ իր հերթին բաւարարեց Հ2-ի պահանջն, ինչի արդիւնքում անուաւեր ճանաչուեցին մրցոյթի արդիւնքները: 2022-ի վերջին ՀՌՀ-ն կրկին յայտարարեց մրցոյթ, սակայն այս անգամ 5 սլօթի փոխարէն սահմանեց 4 սլոթ, որովհետեւ մէկ այլ դատական հայցով Հ2-ը պահանջում էր իրեն ճանաչել մրցոյթի յաղթող եւ արգելանք էր դրել` հեռուստաընկերութիւնը դատարանից պահանջել էր ՀՌՀ-ին պարտաւորեցնել մէկ սլոթ ազատ պահել։ Դատարանն էլ սառեցրել էր մէկ սլօթի մրցոյթը՝ թոյլատրելով հինգի փոխարէն չորս սլօթի մրցոյթ անցկացնել:
Մրցոյթի արդիւնքում` 6 հեռուստաընկերութիւններից 4-ը յաղթող ճանաչուեցին։ Պատահականութեան եւ դիտաւորութեան արդիւնքում ընդդիմադիր «Երկիր Մեդիան» ու Հ2-ը հեռարձակման լիցենզիայ չստացան, փոխարէնը լիցենզիայ ստացան, օրինակ` «Կիսաբաց լուսամուտներ» ցուցադրող «Աթիւին», կուսաթաղանթի մասին սէրիալ ցուցադրող` «Արմենիան» ու այդպէս շարունակ: Ստացուեց, որ պետութիւնը փաստացի խրախուսում է տարատեսակ գռեհկաբանութիւններ ցուցադրելը եւ ՀՌՀ-ն էլ լիցենզիայ է տալիս նման թիւիներին, բայց ոչ օրուայ իշխանութիւններին սուր քննադատութեան արժանացնողներին:
Հիմա այդ մի սլօթի նկատմամբ արգելքը հանուած է եւ ՀՌՀ-ն նոր մրցոյթի յայտարարութիւն է տարածել։ Յայտերը կ’ընդունուէն յուլիսի 3-24-ը ներառեալ: ՀՌՀ-ից «Հրապարակին» յայտնեցին, որ մրցոյթի մասնակիցների անունները կը հրապարակուեն յայտէրի ընդունման վերջնաժամկէտից յետոյ, իսկ մրցոյթը տեղի կ’ունենայ վերջնաժամկէտից յետոյ` 60-օրեայ ժամկէտում: Այսինքն, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին յայտնի կը դառնայ, թէ ով է առաջիկայ տարիներին տնօրինելու հանրապետական եւս մի հեռուստաալիք:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան տնօրէն Բագրատ Եսայանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում նշեց, որ իրենք պարտադիր մասնակցելու են մրցոյթին: Մրցոյթին մասնակցելու են նոր տեխնիկական միջոցներով եւ նոր բովանդակութեամբ: Հ2-ից մէզ տեղեկացրին, որ դեռեւս ժամանակ կայ` վերջնական որոշում այդ մասով դեռ չունեն: Բանն այն է, որ Հ2-ը դիմել է դատարան` պահանջելով ոչ միայն չեղարկել նախկինում կայացած մրցոյթը, այլ վերանայել այդ մրցոյթի արդիւնքները եւ նախկին դիմողների մէջ յաղթող ճանաչել իրեն` Հ2-ին, ուստի երկմտում են մասնակցել այս մրցոյթին: Կարծում են, որ առանց որեւէ մրցոյթի այդ սլոթը պէտք է տրամադրէն հէնց իրենց, քանի որ անարդար որոշում է կայացրել ՀՌՀ-ն: Իսկ նոր մրցոյթին մասնակցելը կնշանակի հրաժարուել իրենց հայցի պահանջներից:
Հայկ Գեւորգեան-Հրապարակ