Լուսինէ Յակոբեան
Այսօր՝ յուլիսի 11-ին, մեկնարկեց փաստաբանների եռօրեայ գործադուլը: Նրանք հրաժարուել են պետական մարմիններում պաշտպանութիւն կամ ներկայացուցչութիւն իրականացնելուց՝ բողոքելով փաստաբանների նկատմամբ կիրառուող բռնութեան եւ պատկան մարմինների ոչ պատշաճ արձագանքի դէմ:
Փաստաբանները պահանջում էին ոստիկանապետ Արամ Հովհաննիսեանի հրաժարականը: Ըստ փաստաբանների՝ նրանց նկատմամբ բռնութիւնների միջադէպերը հովանաւորող ոստիկանութեան պետը թշնամութիւն է անում փաստաբանութեան ինստիտուտի նկատմամբ:
Փաստաբանների պալատի շէնքից նրանք քայլերթ իրականացրին դէպի Ներքին գործերի նախարարութիւն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսեանին «Փաստաբանութեան թշնամի» հաւաստագիրը յանձնելու համար:
Նշէնք, որ յունիսի 7-ին փաստաբան Կարէն Ալաւերդեանի նկատմամբ ոստիկանութեան բաժանմունքում կիրառուել էր բռնութիւն։ Ալաւերդեանը յայտնել էր, որ իր պաշտպանեալի նկատմամբ բռնութիւն էին գործադրել ոստիկանները, եւ վերջինիս պաշտպանելու նպատակով նա միջամտել էր գործընթացին եւ ինքը եւս դարձել բռնութեան զոհ։
Դեպքից աւելի վաղ՝ փետրուարին, ոստիկանութեան Էրեբունու բաժանմունքում բռնութեան զոհ էին դարձել նաեւ փաստաբաններ Մարզպետ Աւագեանը եւ Էմանուել Անանեանը։ Նրանք ներկայացրել էին իրենց անչափահաս պաշտպանեալի շահերը։
Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արայ Զոհրաբեանն ասաց, որ այս ակցիային միացել է 502 փաստաբան: Նա նշեց, որ փաստաբանների նկատմամբ բռնութեան դէպքերը տեղի են ունեցել Արամ Հովհաննիսեանի պաշտօնաւորման օրօք:
«Եթէ ոստիկանապետը պատշաճ արձագանքեր եւ փորձեր բռնութեանը ներգրաւուած ոստիկանների նկատմամբ իրաւական գործընթաց կիրառել, մենք չէինք թիրախաւորի նրան»,- ասաց նա:
Զոհրաբեանի խօսքով՝ փետրուարին տեղի ունեցած դէպքին յաջորդել է ոստիկանութեան արագ արձագանքը եւ ոստիկանութեան 2 ծառայողի լիազօրութիւնները դադարեցրել են, իսկ Կարէն Ալաւերդեանի դէպքով թէեւ գործը քննւում է ԱԱԾ-ում եւ երկու ոստիկանի նկատմամբ խոշտանգման մեղադրանքով քրէական հետապնդում է յարուցուել, սակայն ոստիկանութեան կողմից իրաւական ընթացակարգ չկայ:
Նա ասաց, որ գիտակցում են, որ իրենց պահանջով պաշտօնատար անձը հրաժարական չի տա, իրենց նպատակն է ուշադրութիւն հրաւիրել այս հարցին եւ բացառել փաստաբանների նկատմամբ բռնութիւնը:
Բռնութեան ենթարկուած փաստաբան Կարէն Ալաւերդեանը յայտնեց, որ մի քանի օր առաջ հանդիպել են ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի հետ, բարձրաձայնել են իրենց յուզող բոլոր հարցերը եւ որոշակի հետեւողականութիւն եղել է:
ՆԳ նախարարութեան մօտ հասնելուն պէս Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արայ Զոհրաբեանը եւ Հանրային պաշտպանի գրասենեակի ղեկավար Գեւորգ Մկրտչեանը մուտք գործեցին շէնք՝ ՆԳ նախարար Վահէ Ղազարեանի եւ ՆԳ ոստիկանութեան պետ Արամ Հովհաննիսեանի հետ հանդիպելու նպատակով:
Գրեթէ մէկ ժամ տեւած հանդիպմանը ներկայ է եղել նաեւ ՆԳՆ ոստիկանութեան ներքին անվտանգութեան վարչութեան պետ Վաղինակ Մարտիրոսեանը։ Արայ Զոհրաբեանը յայտնեց, որ հանդիպման ժամանակ Սիմոն Բաբայանը ներկայացրել է իրենց յուզող խնդիրները, երկուստեք այդ խնդիրների շուրջ եղել է վերլուծութիւն:
«Որոշուեց, որ ՆԳ նախարարութեան հետ կստորագրուի համապատասխան յուշագիր: Կստեղծուի յանձնախումբ՝ կազմուած ոստիկաններից եւ փաստաբաններից, որը նմանատիպ դէպքերում օպերատիւ արձագանք կը տայ»,- ասաց Զոհրաբեանը:
Փաստաբան Կարէն Ալաւերդեանի դէպքով ծառայողական քննութիւնն ընթացքի մէջ է: «Իրենք հաւաստիացրին, որ մեղաւորները օբյեկտիւ պատասխանատուութիւն կկրէն եւ ասացին, որ այսուհետ փաստաբանների հետ կապուած նման դէպքեր չէն լինի եւ այլեւս չէն կրկնուի»,- նշեց Զոհրաբեանը:
Նա ասաց, որ այս հանդիպման արդիւնքներից գոհ են, եւ այսօր երեկոյեան տեղի է ունենալու ակումբի նիստ, որտեղ կքննարկէն յետագայ անելիքները:
Հանդիպումից յետոյ ՆԳՆ ոստիկանութիւնը հրապարակեց նաեւ յայտարարութեան տեքստը, որը հետեւեալն է.
«Հայաստանի Հանրապետութեան Ներքին գործերի նախարարութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանութեան Երեւան քաղաքի Էրեբունու եւ Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրուարին եւ յունիսին արձանագրուած ոստիկանների եւ փաստաբանների հետ կապուած միջադէպերը, յայտարարում են՝
- Կողմերը կարեւորում են փաստաբանութեան եւ ոստիկանութեան ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրաւական համակարգում.
- Կողմերը անընդունելի են համարում բռնութիւնների ցանկացած դրսեւորում.
- Ներքին գործերի նախարարութիւնը ծառայողական քննութիւնների արդիւնքներով իր գնահատականը տուել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադէպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադէպը գտնւում է ծառայողական քննութեան ընթացքում.
- Ներքին գործերի նախարարութիւնը հաւաստիացնում է, որ միջադէպերին ներգրաւուած ոստիկանութեան ծառայողների արարքներին կտրուի պատշաճ իրաւական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիւ եւ օբյեկտիւ ուսումնասիրութիւն.
- Ներքին գործերի նախարարութիւնը եւ Փաստաբանների պալատը կստեղծէն ոստիկանութեան ծառայողներից եւ փաստաբաններից կազմուած յանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիւ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացնէր կազմակերպելու, ինչպէս նաեւ ոստիկանութեան ծառայողների եւ փաստաբանների վարքագծի հետ կապուած հարցերը քննարկելու նպատակով:
- Ներքին գործերի նախարարութիւնը եւ Փաստաբանների պալատը մօտ օրերս կստորագրէն համագործակցութեան յուշագիր»:
Մի խումբ փաստաբանների ակցիան շարունակեց նաեւ ԲԴԽ-ի դիմաց՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Կարէն Անդրէասեանի հրաժարականը:
Նշէնք, որ յունիսի 26-ին փաստաբանները գործադուլ էին արել՝ կրկին բողոքելով փաստաբանների նկատմամբ կիրառուող բռնութեան դէմ եւ պահանջելով Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի հրաժարականը, սակայն չէին ստացել պատկան մարմիններից պատշաճ արձագանք:
hetq.am