Ցանկացած նախաձեռնութիւն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հաւաքականօրէն բռնել Փաշինեանի ձեռքը, որ նան փաստաթուղթ չստորագրի, արժի դրան մասնակցել: Այս մասին, այսօր՝ յուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքուոէ» նախաձեռնութեան ստորագրահաւաքին միանալուց յետոյ լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը:
«Սա կարեւոր նախաձեռնութիւն է, յուսով եմ՝ մեր ժողովուրդը կստորագրի: Դա կարեւոր է եւ իշխանութիւններին, եւ միջազգային հանրութեանը յստակ ուղերձ յղելու, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ընդունել այն, ինչ իշխանութիւնները փորձում են անել: Բոլոր հարցումները ցոյց են տալիս, որ Հայաստանի բնակչութեան 90 տոկոսից աւելին դէմ է, որ ԼՂ-ն ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս: Հակառակ դրան, իշխանութիւնները դա արհամարհում են: Նման նախաձեռնութիւնները, որ օրէնքի ուժով կպարտադրէն՝ քրէականացնելով նման քայլը, շատ կարեւոր են: Կոչ եմ անում բոլորին գալ եւ մասնակցել:»,-ասաց Օսկանեանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը, թէ Հայաստանի նախկին իշխանութիւնները հիմք ընդունելով մադրիդեան սկզբունքները, նաեւ Քի Վեսթեան բանակցութիւնները, ըստ էութեան, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս, Օսկանեանն ասաց. «Հայաստանի նախկին որեւէ նախագահ, իշխանութիւն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Անկախ նրանից, թէ Փաշինեանն ինչ կասի, ինչպէս կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել: Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է եւ հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պէտք է թոյլ չտալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»:
Ինչ վերաբերում է այսօր ստեղծուած իրավիճակից հնարաւոր ելքերին, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Այսօր լրջագոյն այլընտրանք կայ նրան, ինչը Փաշինեանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թէ պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառուած էր: Պատէրազմը Փաշինեանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնյայտ է: Հիմա էլ նոյնկերպ ասւում է, որ այն ինչ արւում է, դրան այլընտրանք չկայ, ինչն այդպէս չէ»,-ասաց Օսկանեանը:
«Այսօր շրջանառութեան մէջ է մի ենթադրութիւն, որը պէտք է վերանայել. Դա այն է, որ իբր այն, ինչ այսօր կատարւում է, դա նաեւ միջազգային հանրութեան ցանկութիւնն է, իրենց պարտադրանքն է եւ այս ամենն արւում է նրանց ճնշման տակ», — նշեց ԱԳ նախկին նախարարը։
«Այս ենթադրութիւնը պէտք է ամբողջութեամբ վերանայել եւ դրան տալ նոր ընկալում: Այո, միջազգային հանրութեան համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծուի, բայց թէ ինչպէս կը հանգուցալուծուի, հաւատացեք, դա միջազգային հանրութեանն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացուել է: Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են:
Այսօր Նիկոլ Փաշինեանը միջազգային հանրութեանը ցոյց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ ԼՂ-ն յանձնել Ադրբեջանին: Իհարկէ, միջազգային հանրութիւնը Նիկոլ Փաշինեանին կաջակցի, որ այդ հանգուցալուծումը լինի: Այն պահին, որ ՀՀ իշխանութիւնները նոր ձեւակերպում տակ բանակցութիւնների բնոյթին, հաւատացեք, միջազգային հանրութեան մօտ դիրքորոշման կտրուկ փոփոխութիւն կը լինի»,-յայտարարեց Օսկանեանը:
Նրա խօսքով, եթէ հայկական կողմը միջազգային հանրութեան առջեւ ձեւակերպի համոզիչ, տրամաբանական, առանց չափազանցութիւնների մէջ ընկնելու, բանակցութիւնների ամբողջ էութիւնն ու բովանդակութիւնը փոխուելու է:
Ամբողջականը տեսնել տեսանիւթում