ԱՀ ՄԻՊ՝ Գեղամ Ստեփանեան
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը Ադրբեջանական պնդումների կեղծ լինելն ապացուցող փաստաթղթեր է հրապարակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրապարակած փաստաթղթերին կից՝ Գեղամ Ստեփանեանը գրել է.
«2023 թ․ յունիսի 27-ի լոյս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դէմ իրականացուած հերթական ագրեսիայի հետեւանքով զոհուած չորս զինծառայողներից երկուսի՝ Սամուել Թորոսեանի եւ Երուանդ Թադեւոսեանի մարմինները ՀՀ տեղափոխելու եւ Եռաբլուրում յուղարկաւորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործւում են՝ պնդելու, որ Արցախում գտնւում են ՀՀ զինուած ուժերի ներկայացուցիչներ։
Ադրբեջանն այս պնդմամբ անթաքոյց տեղեկատուական հող է նախապատրաստում Արցախի դէմ նոր յարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդէն իսկ խօսւում է ադրբեջանական լրատուական դաշտում։
Ադրբեջանի այս պնդումը կեղծ է եւ որեւէ աղերս չունի իրականութեան հետ, որն ապացուցելու համար, զոհուած զինծառայողների հարազատների թոյլտուութեամբ, հրապարակում ենք Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի կողմից հաւաքագրուած փաստերը։
ՍամուելՏիգրանիԹորոսեանը ծնուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ստեփանակերտ քաղաքում 2003 թուականի դեկտեմբերի 16-ին (Նկար 1` Սամուել Թորոսեանի ծննդեան վկայականը)։
Յաճախել է Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցը։ Այնուհետեւ կրթութիւնը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում (քոլեջ)՝ քաղաքաշինական կադաստր որակաւորմամբ (Նկար 2` Սամուել Թորոսեանի դիպլոմը)։
Նա բարձրագոյն կրթութիւն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անուան համալսարանի տնտեսագիտութեան եւ իրաւագիտութեան ֆակուլտետում՝ տեղեկատուական համակարգեր մասնագիտութեամբ (Նկար 3` Սամուել Թորոսեանի՝ ուսանողի անձնական քարտը)։
Սամուել Թորոսեանն Արցախի Հանրապետութեան քաղաքացի էր, հաշուառուած էր Արցախի Հանրապետութեան Ստեփանակերտ քաղաքում (Նկար 4` Սամուել Թորոսեանի անձնագիրը)։
Զորակոչուել է Ստեփանակերտի զինուորական կոմիսարիատից։ Ընտանիքը եւ հարազատները մշտապէս բնակւում են Ստեփանակերտում։
ԵրուանդՀովհաննեսիԹադեւոսեանը ծնուել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թուականի մայիսի 27֊ին (Նկար 5` Երուանդ Թադեւոսեանի ծննդեան վկայականը)։
Յաճախել է Բերձորի Վ․Զատիկեանի անուան թիւ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթութիւնն աւարտել է 2018 թուականին (Նկար 6` Երուանդ Թադեւոսեանի հիմնական կրթութեան վկայականը)։
Երուանդ Թադեւոսեանն Արցախի Հանրապետութեան քաղաքացի էր, հաշուառուած էր Արցախի Հանրապետութեան Բերձոր քաղաքում (Նկար 7` Երուանդ Թադեւոսեանի անձնագիրը)։
Զորակոչուել է Քաշաթաղի զինուորական կոմիսարիատից։ 2020 թ֊ի պատերազմից յետոյ Երուանդ Թադեւոսեանի ընտանիքը՝ որպէս բռնի տեղահանուած ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետութեան Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետութեան քաղաքացիութիւնը»:
Գեղամ Ստեփանեանը, կանխելու համար ներկայացուող փաստաթղթերի շուրջ հնարաւոր շահարկումները, յիշեցնում է, որ Արցախի Հանրապետութեան բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրւում են Հայաստանի Հանրապետութեան կողմից՝ հաշուառման հասցէի տարբերութեամբ: Դա վաղուց յայտնի մօտեցում է, որը կիրառւում է Արցախի չճանաչուածութեան պատճառով, որպէսզի Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել եւ իրացնել իրենց իրաւունքները նաեւ այլ երկրներում:
«Այդ մօտեցումը կիրառւում է աշխարհի գրեթէ բոլոր չճանաչուած պետութիւնների քաղաքացիների համար՝ հաշուի առնելով միջազգային իրաւունքի ու յարաբերութիւնների բացթողումները մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցում»,- ասուած է Արցախի ՄԻՊ-ի գրառման մէջ:
Գեղամ Ստեփանեանի խօսքով՝ Սամուել Թորոսեանին ու Երուանդ Թադեւոսեանին Հայաստանի Հանրապետութեան «Եռաբլուր» զինուորական յուշահամալիր-պանթէոնում յուղարկաւորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրաւունքների շրջանակներում:
«Հարկ է յիշեցնել, որ սա նոր մօտեցում չէ, եւ նախընթաց տարիներին Արցախի Հանրապետութեան բազմաթիւ զոհուած քաղաքացիներ նոյնպէս յուղարկաւորուել են Եռաբլուրում՝ հաշուի առնելով այդ պանթէոնի համազգային նշանակութիւնը:
Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանութեան բանակի շարքերում իբր ՀՀ քաղաքացիների (բնակիչների) զինծառայութեան վերաբերեալ ադրբեջանական կեղծ պնդումներին, ապա Մարդու իրաւունքների պաշտպանի շարունակական փաստահաւաք ջանքերը վկայում են, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայութիւն են իրականացնում միայն Արցախի Հանրապետութեան քաղաքացիներն ու բնակիչները: Ուստի, միջազգային հանրութեան պատասխանատու դերակատարների ուշադրութիւնն ենք հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ ադրբեջանական կողմը, խրախուսուած շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիութեամբ, նոր պատրուակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդէպ հերթական յանցաւոր գործողութիւնների իրականացման համար»,- գրառումը եզրափակել է Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանը: