Սփիւռքի եւրոպական կառոյցները դատապարտում են Փաշինեանի հակաարցախեան յայտարարութիւնները

Սփիւռքի եւրոպական կառոյցները դատապարտում են Փաշինեանի հակաարցախեան յայտարարութիւնները

Մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը Կառաւարութեան նիստում հանդէս էր եկել հերթական հակահայկական յայտարարութիւններով. Փաշինեանը նշել էր, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականութիւնը 86 հազար 600 քառ. կմ տարածքով, որը ներառում է նաեւ Արցախը։

Փաշինեանի այս հերթական դաւաճանական յայտարարութիւնն իր արձագանքը գտաւ ինչպէս Հայաստանում եւ Արցախում, այնպէս էլ Սփիւռքում։

Այսպէս, Բելգիայի հայերի կոմիտէն նշել է, որ մեծ մտահոգութեամբ է հետեւում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը։ Այս շրջանի տեղաբնիկ հայ բնակչութիւնը, որը խիզախորէն պայքարել է խաղաղութեան, ազատութեան եւ ժողովրդաւար ապրելու համար, 2022 թուականի դեկտեմբերի 12-ից յայտնուել է շրջափակման մէջ։ Այս խայտառակ իրավիճակը դատապարտուել է մասնաւորապէս Արդարադատութեան միջազգային դատարանի, Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի, ինչպէս նաեւ Եւրախորհրդարանի կողմից։  Այս պայմաններում միջազգային հանրութեան պարտականութիւնն է բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրել՝ վերացնելու շրջափակումը եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու իրաւունքը։ 

Ցաւով նշում ենք՝ ոչ միայն կոնկրէտ ջանք չի գործադրւում այս ուղղութեամբ, այլ՝ ընդհակառակը, այս քննարկումներում ներգրաւուած միջազգային խաղացողները, կարծես թէ, բանակցում են տարածաշրջանի հազուագիւտ ժողովրդավարութիւններից մէկի կազմաքանդման պայմանների շուրջ՝ այն ամենավատ բռնապետութիւններից մէկի լծի տակ անցկացնելու համար։ Ի վերջոյ, կասկած չկայ, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կեանգեցնի նրա բնակիչների էթնիկ զտումներին եւ հայկական քաղաքակրթութեան բնօրրան պատմական մշակութային ժառանգութեան անյետացմանը։ Հայ ժողովրդի պատմութիւնը՝ Ցեղասպանութիւնից առաջ եւ յետոյ, մէզ ցոյց է տուել դրա բազմաթիւ օրինակներ։  

Կոչ ենք անում Բելգիային, նրա գործընկերներին եւ ընթացող քննարկումներում ներգրաւուած միջազգային խաղացողներին՝ չտրուել բռնապետութիւնների շանտաժին եւ սակարկութեանը, այլ վերանայել իրենց ներկայիս դիրքորոշումը եւ լիովին ձեռնամուխ լինել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայութեան՝ իրենց հայրենիքում խաղաղ, անվտանգ եւ ազատ ապրելու իրաւունքի գործին։ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին յայտարարութիւնները, ամենան հաւանականութեամբ, չէն ազատի բանակցութիւնների գործընթացում անմիջականօրէն ներգրաւուած միջազգային հանրութեանը եւ Եւրոպային այն մօտալուտ ողբերգութիւնից, որին բախուել են Լեռնային Ղարաբաղի հայերը։

Միացեալ Թագաւորութեան Հայ Համայնքային խորհուրդը եւ Իռլանդիայի թեմն իրենց հերթին Փաշինեանին ուղղուած նամակում նշում են, որ վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան՝ իրար յաջորդող քաղաքական հանդիպումների լոյսի տակ կատարուող զարգացումները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում են առաջացնում իւրաքանչիւր հայ անհատի մօտ, որ խորապէս մտահոգուած է Արցախի Հանրապետութեան շուրջ քննարկումներով։

«Մայիս 22-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ Ձեր արտայայտութիւնը, թէ՝ Հայաստան կը ճանչնայ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 86.600 քառակուսի կիլօմեթրի սահմանումով, կը բացայայտէ Արցախի ժողովուրդի կամքի եւ իրաւունքի լրիւ անտեսումի Ձեր մտադրութիւնը։ Արցախի ժողովուրդը իր կամքը արտայայտած է 1991-ի դեկտեմբեր 10-ի հանրաքուէով, եւ համաժողովրդային կեցուածքով՝ համաձայն ՄԱԿ-ի որդեգրած ազգային ինքնորոշման սկզբունքներուն, եւ որեւէ իշխանութիւն իրաւասու չէ զայն վտանգի տակ առնելու կամ բեկանելու։ Որեւէ կոշտ ու անիրաւ ձեւակերպում, որ նկատի չ’առներ Արցախի հերոսական ժողովուրդի կամքն ու ինքնորոշման իրաւունքը, միաժամանակ կը խախտէ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագրի եւ երկրի Սահմանադրութիւնը։

Այս նամակով կը փոխանցենք մեր համայնքի հաւաքական վրդովմունքը Արցախի հարցի շուրջ Ձեր վտանգաւոր կեցուածքի եւ դանդաղ ցեղասպանութեան դուռ բացող դիրքորոշման համար», — նշուած է համատեղ նամակում։

Ֆրանսահայ Կազմակերպութիւնների Համակարգող Խորհուրդը (CCAF) նոյնպէս կտրականապէս դէմ է արտայայտուել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանութեան սկզբունքին.

«CCAF-ը կտրականապէս դէմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանութեան սկզբունքին։ Մենք վճռականօրէն սատարում ենք Արցախում հայ ժողովրդին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի ինքնորոշման կամքը՝ համաձայն Միաւորուած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեան 2-րդ յօդուածի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշուած սկզբունքների։

Միջազգային օրինականութեան խնդիր հանդիսացող այս իրաւունքն առաւել եւս անհրաժեշտ է, քանի որ արցախահայութիւնը էթնիկական զտումների գործընթացի թիրախ է, որն ակնյայտօրէն համահունչ է պանթուրքիզմին բնորոշ ցեղասպանական նախագծի շարունակականութեանը, ինչպէս վկայւում է մասնաւորապէս 2020 թուականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայի եւ 2022 թուականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակման միջոցով:

CCAF-ը, որը միաւորում է Ֆրանսիայի տարածքում 1915 թուականի ցեղասպանութեան զոհերի ժառանգների կողմից ստեղծուած ասոցիացիաները, բողոքում է Պատմութեան կրկնութեան ռիսկերը եւ կոչ է անում միջազգային մարմիններին զերծ պահել այս սպառնալիքից եւ պաշտպանել հայ ժողովրդին, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի, իր պապենական տարածքներում խաղաղ եւ ազատ ապրելու անքակտելի իրաւունքը։ CCAF-ը մասնաւորապէս կոչ է անում Ֆրանսիայի իշխանութիւններին օգտագործել իրենց ողջ կշիռը միջազգային ասպարէզում՝ պաշտպանելու ազատ եւ ժողովրդավարական Արցախը, ինչպէս նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը՝ ընդդէմ Ալիեւի ռեժիմի յանցաւոր նպատակների։ Առանց արդարութեան եւ ազատութեան հնարաւոր չէ խաղաղութիւն»։

Գերմանահաեօց Կեդրոնական Խորհուրդը իր զօրակցութիւնն է յայտնել Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի յայտարարութեանը՝ համարելով որ Արցախի Հանրապետութիւնը չի կարող ճանաչուել Ադրբեջանի մաս որեւէ կառոյցի կողմից, յատկապէս Հայաստանի Հանրապետութեան իշխանութեան։

«Նիկոլ Փաշինեանը, փաստօրէն, իր այդ յանձնառութեամբ նաեւ խախտում է Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրի եւ Սահմանադրութեան ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի 1992 թուականի յուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ադրբեջանի կազմում»։

Կոչ ենք անում համայն հայութեանը համախմբուել Արցախի Ինքնորոշման իրաւունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանութեան շուրջ եւ թոյլ չտալ ՀՀ օրուայ իշխանութիւնների կողմից Արցախի Հանրապետութիւնը եւ ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայութեան համախմբման շնորհիւ է միայն հնարաւոր յաղթական ելքը այս դժուարին իրավիճակից, այլապէս աղէտալի հետեւանքները հայկական պետականութեան համար անխուսափելի կը լինէն»։

Շուեդիայի հայկական կազմակերպութիւնների միութիւնն իր հերթին (UAAS) խստօրէն դատապարտել է Նիկոլ Փաշինեանի մայիսի 22-ի յայտարարութիւնն առ այն, որ Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ նշելով, որ յայտարարութիւնն ակնյայտօրէն հակասում է միջազգային իրաւունքի այնպիսի դրոյթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, ինչպէս նաեւ սւուերէնութիւնը եւ միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրաւունքը։

Share