Միջազգային հանրութիւնը պէտք է հասնի պատժամիջոցների սահմանման Ադրբեջանի եւ իշխող վարչակազմի անդամների նկատմամբ

Միջազգային հանրութիւնը պէտք է հասնի պատժամիջոցների սահմանման Ադրբեջանի եւ իշխող վարչակազմի անդամների նկատմամբ

Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին կայացած լիագումար նիստի ժամանակ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահւումը» բանաձեւը, որով արձանագրում է, որ Լաչինի միջանցքով մարդկանց եւ բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտուած է:

Բանաձեւը կոչ է անում Բաքուին անյապաղ կատարել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի կողմից 2022 թուականի դեկտեմբերի 21-ին հրապարակուած վճիռը եւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը: Վեհաժողովը նաեւ իր անհանգստութիւնն է յայտնում Ադրբեջանի ղեկավարութեան կողմից հայերի նկատմամբ կիրառուող թշնամական քաղաքականութիւն վերաբերեալ՝ կոչ անելով Բաքուին քայլեր ձեռնարկել ատելութեան խօսքի դէմ պայքարելու համար:

Մինչ ԵՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձեւի շուրջ, Ադրբեջանը բետօնէ պատնէշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու կողմերում՝ էլ աւելի խորացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։

Այս դրուագը հերթական անգամ ցոյց է տալիս, թէ ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի Ադրբեջանը միջազգային կոչերի, բանաձեւերի ու անգամ դատարանների որոշումների նկատմամբ: Սա փաստում է այն մասին, որ կոչերը, բանաձեւերը բաւարար չէն Ադրբեջանին զսպելու համար, նման գործելաոճը պէտք է յստակ պատժի արժանանայ միջազգային մեխանիզմների շրջանակներում:

Եթէ միջազգային հանրութիւնն իսկապէս ցանկանում է կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականութիւնը, ապա պէտք է հասնել պատժամիջոցների սահմանման Ադրբեջանի եւ իշխող վարչակազմի անդամների նկատմամբ։ Սա Ադրբեջանին զսպելու միակ իրական տարբերակն է:

«Արցախի անվտանգութեան եւ զարգացման հանրային շարժում»

Share