«Կոչ ենք անում Բաքուին ամբողջութեամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկութիւնը». Մարիա Զախարովա

«Կոչ ենք անում Բաքուին ամբողջութեամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկութիւնը». Մարիա Զախարովա

Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցութեամբ մենք ուշադրութիւն ենք հրաւիրում այն փաստի վրայ, որ նման գործողութիւնները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թուականի նոյեմբերի 9-ի յայտարարութեան դրոյթները։ Այս մասին յայտարարութիւն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում իրավիճակը: Գրում է News.am-ը:

Յայտարարութիւնում նաեւ ասւում է. «Նման քայլերը յանգեցնում են լարուածութեան աճի եւ չեն նպաստում Ռուսաստանի օգնութեամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Կոչ ենք անում Բաքուին ամբողջութեամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթեւեկութիւնը։

Նաեւ յոյս ունենք, որ Երեւանը դուրս չի գայ եռակողմ ձեւաչափերով փոխգործակցութիւնից։ Նրանց գործունէութեան դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրայ եւ յանգեցնում է «տեղում» էսկալացիայի։ Նշում ենք համապատասխան յանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղութեամբ ռիթմիկ աշխատանքի կարեւորութիւնը։ Պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական օգնութիւն:

Մենք կրկնում ենք մեր կոչը երկու կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ համաձայնագրերին ամենաբարձր մակարդակով խստօրէն պահպանելու կարեւորութեան, Լաչինի միջանցքի տարածքում անվտանգութեան ապահովման համար զսպուածութեան եւ պատասխանատւութեան գիտակցման վերաբերեալ։

Ռուսական կողմը կը շարունակի ակտիւ ջանքեր գործադրել իրավիճակը Բաքուի եւ Երեւանի հետ շփումներում կարգաւորելու ուղղութեամբ»:

Share