ՀՀ ԱԳՆ-ն իր Twitter-ի էջում փախստականների համաշխարհային օրուայ կապակցութեամբ եւս մէկ անգամ միջազգային հանրութեան ուշադրութիւնն է հրաւիրել Ադրբեջանի կողմից իրականցուող էթնիկ զտումների քաղաքականութեան վրայ։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշուած է, որ Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումների հետեւանքով հազարաւոր հայեր բռնի տեղահանուել են Սումգայիթից, Բաքուից, Կիրովաբադից, ինչպէս նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնուող Լեռնային Ղարաբաղի տարածքներից։
«Այսօր մենք եւս մէկ անգամ կոչ ենք անում արդիւնաւետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականութիւնը եւ ապահովելու ուժեղ միջազգային ներգրաւուածութիւն՝ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչութեան առջեւ ծառացած ներկայիս մարտահրաւէրները, ներառեալ նրանց իրաւունքների եւ անվտանգութեան խնդիրները, ինչպէս նաեւ՝ Լաչինի միջանցքի շարունակուող անօրինական շրջափակումը»,- ասուած է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի էջում։