Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը Կոնգրեսում ելոյթ է ունեցել ամերիկա-հնդկական համաժողովի ժամանակ

Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը Կոնգրեսում ելոյթ է ունեցել ամերիկա-հնդկական համաժողովի ժամանակ

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը յունիսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ամերիկացիները հնդիկների համար» կազմակերպութեան եւ Հնդկա-ամերիկեան հիմնադրամի կազմակերպած ամերիկա-հնդկական համաժողովին՝ նուիրուած քաղաքական ներգրաւածութեան խնդիրներին։

Հայ դատի գրասենեակի տնօրենի խօսքի կարեւոր շեշտադրումները ներկայացնում ենք ստորեւ։

«Հայերն ու հնդիկները հնագոյն քաղաքակրթութիւնների ալիանս են՝ միաւորուած ընդդէմ ժամանակակից ատելութեան եւ անհանդուրժողականութեան կրողների: Մենք այս քաղաքակրթական գործընկերութեանը հասել ենք համատեղ երկար ու հպարտ պատմութեան արդիւնքում։ Այնքան շատ հնդիկ ուսանողներ են սովորում Հայաստանում՝ հարստացնելով հայ հասարակութիւնը, իրենց օժանդակութիւնը բերելով իմ հայրենիքին: Այսօր մտահոգիչ տեղեկութիւններ ենք ստացել, որ Երասխում Ադրբեջանի սահմանային յարձակման հետեւանքով Հնդկաստանի երկու քաղաքացիներ են վիրաւորուել։ Աղոթում ենք նրանց շուտափոյթ ապաքինման համար։

Ձեզանից շատերը գիտէն, որ առաջին հայկական պարբերականը «Ազդարարը» լոյս է տեսել Մադրասում (1794 թ.), այժմ՝ Չեննայում։ Մինչ օրս Հնդկաստանում գործում են բազմաթիւ հայկական եկեղեցիներ եւ դպրոցներ, որոշները՝ 18-րդ եւ 19-րդ դարերի: Արեւելեան ուղղափառ ամենախոշոր դաւանանքը՝ Մալանկարայի ուղղափառ սիրիական եկեղեցին, խոր արմատներ ունի Հնդկաստանում եւ դաւանական սերտ կապ մեր հայ առաքելական հաւատքի հետ: Մենք, իհարկէ, կիսում ենք Բանգլադեշի ցեղասպանութեան ցաւը եւ ձգտում ենք դրա ճանաչմանը, որովհետեւ մեր սեփական փորձից գիտենք, որ նման յանցագործութիւնները, որոնք կատարուել եւ մնացել են անպատիժ, միայն նոր վայրագութիւնների են յանգեցնում: Եւ, իհարկէ, մենք ականատեսն ենք Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական եւ անվտանգային կապերի աճին։

Ամերիկայի հնդկական համայնքին եւ ձեր դատին անձնական ծանօթութիւնս տեղի է ունեցել իմ լաւ ընկեր Ջեյ Քանսարայի միջոցով: Մենք ամուր բարեկամական յարաբերութիւններ ենք զարգացրել շատերի հետ, որոնց թւում են Միհիր Մեղանին, Սամիր Կալրան, Ռաջիւ Պանդիտը, Ուցաւ Չակրաբարտին եւ Անիտայ Ջոշին:
Հարեւաններ՝ Ամերիկայում, դաշնակիցներ՝ համաշխարհային ասպարէզում: Մենք ունենք զարգացող գործընկերութիւն»:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
15.06.2023թ.

Share