ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին յայտնել է Արցախի տեղեկատուական շտաբը։
«Բոլորը հրատապ մարդասիրական կարիքներ ունեցող անձինք են, ներառեալ՝ առողջական, հարազատի խնամքի, ընտանիքի հետ վերամիաւորման կարիքները: Տեղափոխման հրատապ կարիքներ ունեցող հարիւրաւոր այլ անձինք Արցախում եւ Հայաստանում սպասում են իրենց հնարաւորութեանը՝ չհաշուած ոչ այնքան հրատապ նպատակներով երկու ուղղութիւններով երթեւեկելու կարիք ունեցող հազարաւոր անձանց:
Նշում. Հաշուի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի 173-օրեայ շրջափակման շարունակականութիւնը, ապրիլի 23-ից Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում ապօրինի անցակէտի տեղադրումը եւ Արցախի քաղաքացիների հանդէպ ապօրինի հսկողական միջոցների կիրառումը, ՌԴ խաղաղապահ զօրակազմի շարունակական անկարողութիւնը ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած միջանցքի ռեժիմը, միջազգային հանրութեան շարունակական անկարողութիւնը ապահովելու ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի փետրուարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի երաշխաւորման պահանջով, ինչպէս նաեւ Արցախի բնակչութեան շրջանում օրէցօր խորացող մարդասիրական կարիքները՝ Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը՝
• Ապօրինի է համարում 2022թ. դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակումը եւ ապրիլի 23-ից ադրբեջանական անցակէտի գոյութիւնը, ինչպէս նաեւ՝ Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի հանդէպ հսկողական միջամտութիւններն ու այլ խոչընդոտները.
• Ընդգծում է այդպիսի պայմաններում Արցախի ժողովրդի հաւաքական ու անյատական բազմաթիւ իրաւունքների շարունակական ու սրուող խախտումների առկայութիւնը.
• Շեշտադրում է Լաչինի միջանցքի՝ Եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած եւ ՄԱԿ-ի դատարանի որոշմամբ հաստատուած ռեժիմի հրատապ վերականգնման եւ անվտանգութեան նախատեսուած նուազագոյն պայմանների ապահովման անհրաժեշտութիւնը.
• Յայտարարում է, որ նախքան Լաչինի միջանցքի ռեժիմի լրիւ վերականգնումը՝ Արցախի կառավարութիւնը հնարաւորինս կը փորձի ՌԴ խաղաղապահ զօրակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի աջակցութեամբ եւ ուղեկցութեամբ ապահովել իր քաղաքացիների հրատապ մարդասիրական կարիքների բաւարարման համար միջանցքով որոշակի տեղաշարժը.
• Ընդգծում է, որ Լաչինի միջանցքի ռեժիմի խախտման ու Արցախի շրջափակման պայմաններում միջանցքով ցանկացած տեղաշարժ չի կարող մեկնաբանուել որպէս ադրբեջանական ապօրինի հսկողութիւնը լեգիտիմացնող եւ այդ տարածքների նկատմամբ ադրբեջանական գոյութիւն չունեցող իրաւազօրութիւնն ընդունող գործողութիւն, քանի որ այդ տեղաշարժերը կատարւում են հարկադրուած՝ ելնելով Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների ապահովման ու պաշտպանութեան խիստ անհրաժեշտութիւնից եւ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների՝ սեփական ժողովրդի հանդէպ ունեցած պարտաւորութիւններից:
• Արձանագրում է, որ մարդասիրական խիստ սահմանափակ տեղաշարժը ոչ մի դէպքում չի կարող դիտարկուել որպէս Արցախի շրջափակման աւարտ, քանի դեռ Լաչինի միջանցքում առկայ են ադրբեջանական հսկողական միջամտութիւններն ու այլ խոչընդոտները»,- ասուած է հաղորդագրութեան մէջ: