Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի Մայիսի 28-ի յայտարարութիւնը

Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի Մայիսի 28-ի յայտարարութիւնը

Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի յայտարարութիւնները հերթական անգամ ընդգծուած սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների հանդէպ՝ ոտնահարելով միջազգային իրաւունքի հանրայայտ նորմերը եւ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնները:

 Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրուած մարմինների՝ Նախագահի եւ Ազգային ժողովի, ինչպէս նաեւ պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման եւ տարածքների բռնազաւթման քաղաքականութեան իրականացումը: Սա եւս մէկ ապացոյց է, որ Արցախի ժողովուրդը պարզապէս չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատեաց ու հայամերժ քաղաքականութիւնից բխող գոյաբանական վտանգների պատճառով:

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանութեան ու պետականակերտման ճանապարհը, որոնց յենասիւներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականօրէն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանի խաղաղութեան հանդէպ այսպիսի յարձակումները եւ ռազմական գործողութիւնների վերսկսման սպառնալիքները:

Դիմելով միջազգային հանրութեան բոլոր դերակատարներին, այդ թւում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրած Ռուսաստանի Դաշնութեանն ու Հայաստանի Հանրապետութեանը, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանում խաղաղութեամբ ու կայունութեամբ շահագրգռուած բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիւ գործողութիւնները՝ վերացնելու Արցախի գրեթէ վեցամսեայ շրջափակումը եւ այլ շարունակական ոտնձգութիւնները, ինչպէս նաեւ՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դէմ ուղղուած նոր յանցագործութիւնները, այդ թւում՝ հնարաւոր ռազմական ագրեսիան: Միջազգային հանրութեան պարտաւորութիւնն է երաշխաւորելու նաեւ Արցախի ժողովրդի անվտանգութիւնը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղութեան հանդէպ եւ պարզապէս ձգտում է ազատ ու արժանապատիւ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրաւունքի հիմնարար նորմերի հիման վրայ:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, որպէս ժողովրդի կողմից ընտրուած բարձրագոյն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնուող սպառնալիքներից, կը շարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելութիւնը եւ ազատ ապրելու մեր իրաւունքների պաշտպանութիւնը:

Share