Արցախում տօնուել է Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105 ամեակը

Արցախում տօնուել է Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105 ամեակը

Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման օրը։ Այս տարի լրանում է Բագրատունեաց թագաւորութեան եւ Կիլիկեան Հայաստանի անկումից ի վեր շուրջ 6 դար անց ստեղծուած անկախ Հայաստանի վերածննդի 105-րդ ամեակը։

1918թ․ մայիսեան հերոսամարտէրը պատմական նշանակութիւն ունեցան եւ յաւէրժ անմոռաց կը մնան հայոց պատմութեան փառաւոր էջերում։ Մայիսեան յաղթանակների հիմնական  գաղտնիքը  անձնուէր ղեկավարութիւնն էր ի դէմս Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ով հայ ժողովրդի համար այդ ծանրագոյն ժամանակաշրջանում իր ուսերին էր վերցրել հայ ժողովրդին առաջնորդելու պարտականութիւնը, ինչը պսակուել է յաջողութեամբ։

1918թ․ մայիսեան ճակատագրական օրերին, երբ թուրքական բանակը հասել էր Արարատեան դաշտ եւ սպառնում էր գրաւել Էջմիածինն ու Երեւանը, եւ դրուած էր հայ ժողովրդի յետագայ գոյութեան, լինել-չլինելու հարցը, իսկ ժողովրդին պատել էր յուսալքութիւնը, իր մշտական լաւատեսութեամբ, անկոտրում կամքով, վայրագ թշնամուն  ջարդելու անզիջում ցանկութեամբ Արամ Մանուկեանը ժողովրդի մէջ նորից վառեց պայքարի ոգին եւ ժողովրդին առաջնորդեց դէպի մարտի դաշտ։ Մահ կամ ազատութիւն գաղափարով տոգորուած հայ ժողովուրդը ի վերջոյ կարողացաւ իր անձնուիրական կռուով յաղթանակ տանել Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտէրում, որն էլ դարձաւ հայոց պետականութեան կերտման հիմքը։

Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադիր, Երեւանի Դիկտատոր, դաշնակցական Արամ Մանուկեանն այդ օրերին նկատում է․ «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միայ՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Չնայած միայնակ, անվերջ ու անլուծելի թուացող խնդիրներին՝ երկրի դաշնակցական ղեկավարութիւնը կարողանում է պատուով կատարել իր առջեւ դրուած խնդիրները։ Տքնաջան ու անձնուրաց աշխատանքի շնորհիւ շատ կարճ ժամանակում ստեղծուեցին պետական իշխանութեան մարմիններ, կանոնաւոր բանակ, երկրում հաստատուեց կարգ ու կանոն։

Հայոց պետականութեան վերականգնման՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման 105-րդ ամեակի առթիւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը եւ ԱՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում համատեղ կազմակերպել են տօնական համերգ։

Համերգին մասնակցում էին ԱՀ պաշտօնաւարող ու նախկին նախագահները, ԱՀ ԱԺ նախագահն ու պատգամաւորներ, կառավարութեան անդամներ, հոգեւորականներ, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՅԴ Արցախի շրջանային կոմիտեների, ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ պատանեկան միութիւնների,  Հայ օգնութեան միութեան  Արցախի մեկուսի մասնաճիւղի, ՀՄԸՄ Արցախի Կենտրոնական վարչութեան անդամներն ու սկաուտները,  ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակի, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի անդամներ, Արցախում գործող համալսարանների ռեկտորներ ու ուսանողներ եւ այլ հիւրեր։

Համերգը մեկնարկել է ՀՀ եւ ԱՀ պետական օրհներգերով, որից յետոյ ելոյթ են ունեցել ՀԱՅ Արցախի թեմի Քրիստօնեական դաստիարակութեան եւ քարոզչութեան կենտրոնի տնօրէն Տեր Վաչագան քահանայ Գիւրջեանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսեանը, ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Տիրուհի Գասպարեանը։ Ներկաներին իրենց շնորհաւորական խօսքն են փոխանցել նաեւ ՀՅԴ աշխարհասփիւռ երիտասարդական եւ ուսանողական 14 միութիւններ։

Համերգային ծրագիրը շարունակուել է Ստեփանակերտի «Սոսէ» մանկապարտէզի սաների, «Արցախի ձայներ»-ի, «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համոյթի, Արցախի պարի պետական համոյթի, Ստեփանակերտի, Շուշիի ՄՊՍԿ սաների, «Վելանս» խմբի, ԱՀ վաստակաւոր երգչուհի Տաթեւիկ Բալայանի կատարումներով։ Արցախի շրջափակման պատճառով համերգին իրենց առցանց մասնակցութիւնն են ունեցել նաեւ դաշնակցական երգիչներ Գառնիկ Սարգսեանը, Յարութ Լափաճեանն ու Սուրէն Աճեմեանը։

«ԱՊԱՌԱԺ»

Share