Վերջին զանգը Արցախում

Վերջին զանգը Արցախում

Այսօր՝  մայիսի 26-ին, ի թիւս Հանրապետութեան միւս կրթօջախների, ուսումնական տարուայ, իսկ շրջանաւարների համար նաեւ դպրոցական կեանքի աւարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է  Ստեփանակերտի Վ. Ջհանգիրեանի անուան համար 11 աւագ դպրոցում:

Արցախում նշուել է Վերջին զանգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  դպրոցի տնօրէն Աիդայ Գրիգորեանը ողջունելով  ներկաներին, շնորհաւորել է  շրջանաւարտներին ուսումնառութեան Վերջին զանգի կապակցութեամբ:

 «12-ամեայ մարաթօնը աւարտուեց, եկաւ սպասուած ամենաիշարժան տօնը, որը լեցուն է՝ ջերմութեան ու երախտագիտութեան խօսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով: Դպրոցի վերջին զանգը, հասուն տարիքի առաջին զանգն է, որն ազդարարում է առաւել պատասխանատու փուլի մեկնարկը: Ինչպիսինը կը լինի այն՝ մեծապէս կախուած է ձեզանից»,- ասել է Ա. Գրիգորեանը:

Շրջանաւարտի ծնող  Զարինէ Սառաջեանը, շնորհաւորելով օրուայ առթիւ, նշել է, որ շրջանաւարտների դպրոցական կեանքի ժամանակահատուածը համընկել է    Արցախի պատմութեան ծանրագոյն փուլերից մէկի հետ:

«Դուք այս տարիների ընթացքում սովորեցիք, թէ ինչպէս մոմի լոյսի ներքոյ դաս սովորել եւ պատրաստ ներկայանալ դասի: Դուք այս տարիների ընթացքում սովորեցիք, ինչպէս փայտի վառարանը վառել եւ դասարան տաքացնել, ջերմ պայմաններ ստեղծել դասապրոցեսի համար: Դուք սովորեցիք միմեանց ջերմացնել ձեր ապրումակցումով, ձեր վերաբերմունքով: Դուք կարողացաք հաւուր պատշաճի յաղթահարել այդ բոլոր դժուարութիւնները:Դուք այդ ամէնից ոչ թէ թուլացաք, այլ ուժեղացաք եւ գնացիք հաստատուն քայլերով դէպի ձեր երազանքներն ու նպատակները, որոնք անշեղօրէն սերմանել են ձեր մէջ եւ ձեր ծնողները եւ ձեր ուսուցիչները»,- ասել է Զ. Սառաջեանը :

Շրջաւարտ  Նանէ Սարգսեանի խօսքով՝  դպրոցական կեանքի վերջին մի քանի տարիներն անցան արտասովոր պայմաններում ու փորձութիւններով՝ համաճարակ, պատերազմ, շրջափակում:

Այս երեք տարիները լի էին փորձութիւններով Դասապրոցեսը սկսուեց ոչ սովորականի պէս եւ այդպիսով էլ սկիզբ դրուեց մեր արտակարգ ուսումնական տարին:

«Բայց մենք մեր մէջ ուժ գտանք եւ բնականոն կերպով շարունակեցինք մեր ուսումը»,- ասում է շրջանաւարտը՝ յաւելելով, որ իր ապագան տեսնում է Արցախում եւ  սովորելու, ապրելու եւ արարելու է այստեղ:

Share