Սա վրէժխնդութիւն է՝ պայմանաւորուած նաեւ զոհուածների ծնողների վերջին շրջանում ակտիւ գործունեութեամբ. Սաղաթելեան

Սա վրէժխնդութիւն է՝ պայմանաւորուած նաեւ զոհուածների ծնողների վերջին շրջանում ակտիւ գործունեութեամբ. Սաղաթելեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը 44-օրեայ պատերազմում զոհուած զինծառայող Ժորայ Մարտիրոսեանի մօր՝ Գայեանէ Յակոբեանի դէմ գործը, նրան կալանաւորելու միջնորդութիւնն անբարոյականութիւն է համարում։ Նա զրուցեց լրագրողների հետ Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի Շենգաւիթ նստավայրի մօտ։ Դատարանում քննւում է Գայեանէ Յակոբեանի ձերբակալման իրաւաչափութեան բողոքը, նաեւ  վարոյթ իրականացնող մարմնի կողմից ներկայացուած կալանաւորման միջնորդութիւնը։ Յիշեցնենք, որ Գայեանէ Յակոբեանը ձերբակալուել է մայիսի 17-ին Աշոտ Փաշինեանի «առեւանգման» գործով։

«Ակնյայտ է, որ ի սզբանէ փորձում էին ստեղծել այն տպաւորութիւնը, որ առեւանգման փորձ է եղել, սակայն կադրերից, բացատրութիւններից ակնյայտ է, որ դրա հետ կապ չունի։ Սա Նիկոլ Փաշինեանի հերթական վրէժխնդրութիւնն է զոհուած հերոս տղերքի ծնողների նկատմամբ։ Սա նաեւ բացառիկ է, որ այս ամէնը տեղի է ունենում կնոջ՝ զոհուած զինծառայողի մօր նկատմամբ։ Կալանքի տանելն առնուազն անբարոյականութիւն է։ Եթէ կան կասկածներ, հիմնաւորումներ, թող քննէն, բայց հերոսի մայրը պէտք է լինի ազատութեան մէջ։ Տանել կալանքի՝ ինչի՞ համար։

Սրանով է պայմանաւորուած մարդկանց արդարացի զայրոյթը։ Սա շատ բնական է, անբնական կը լինէր, եթէ այդ զայրոյթը չլինէր»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Ընդդիմադիր գործչի խօսքով, սա վրէժխնդութիւն է պայմանաւորուած նաեւ զոհուած զինծառայողների ծնողների վերջին շրջանում ակտիւ գործունեութեամբ։

«Սա շղթայ է։ Տեսել ենք եւ Եռաբլուրում Նիկոլ Փաշինեանին  ծառայող ստրուկների կեցուածքը, եւ դրանից առաջ բազմաթիւ դէպքեր․․․ Սա այս շղթայի շարունակութիւնն է։ Հայաստանում բոլոր ընդդիմադիր օջախները, այն խմբերը, ուժերը, անհատները, որոնք դիմադրութեան օջախներ են, օրուայ իշխանութիւնն ամէն կերպ փորձում է ոչնչացնել, ամայացնել դաշտը, որպէսզի երկիրը տանի նոր կապիտուլեացիայի, եւ յայտնի է, որ այդ օրերը մօտենում են»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Share