Բաց նամակ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Հոգաբարձութեան Խորհրդին

Բաց նամակ Ս. Աստուածածին Եկեղեցւոյ Հոգաբարձութեան Խորհրդին

Ինչպէս տեղեակ էք Ապրիլ 24 նախօրեակին Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում ոչ մի պաշտօն չունեցող մի շարք անհատների հրահրումով և եկեղեցու որոշ պաշտօնեաների համագործակցութեամբ ՀԵԴ երիտասարդների Ապրիլ 24ի համահաւաքի կապակցութեամբ պատրաստուած թռուցիկների բաժանման արգելքը Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու բակում, խոր մտահոգութեան և ընդվզումի ալիք է առաջացրել համայնքի և երիտասարդութեան մօտ: Նաև ինչպէս տեղեակ էք երիտասարդները այս կապակցութեամբ հանդիպում են ունեցել Առաջնորդ Սրբազան հոր հետ և Սրբազան հայրը իր հերթին անընդունելի է համարել կատարուած դէպքը:

Այս կապակցութեամբ Ս. Աստուածածին եկեղեցու ծխական անդամների ստորագրութեամբ բաց նամակ է ուղարկուել եկեղեցու հոգաբարձութեան և պահանջուել որպէսզի թափանցիկ տեղեկատւութիւն կատարուի հոգաբարձութեան կողմից և բացայայտուեն դերակատար անձինք և պաշտօնեաները:

Ստորև ներկայացնում ենք աւելի քան 85 ծխական անդամների բաց նամակը ամբողջութեամբ:

Արժանապատիւ քահանայ հայրեր և յարգարժան հոգաբարձուներ,

Մամուլից ցաւով տեղեկացանք Գլենդելի Ս. Աստուածածին մեր սիրեցեալ եկեղեցում Ապրիլի 24ի թռուցիկների բաժանման արգելքի մասին: Տեղեկատւութիւնների համաձայն կիրակի Ապրիլ 9ի առաւօտեան տարիների սովորութեան համաձայն երիտասարդները փորձել են իրենց Ապրիլ 24ի ձեռնարկի թռուցիկները բաժանել եկեղեցու բակի տարածքում երբ նրանց մօտեցել են «անհատներ, ովքեր պնդել են, որ տնօրինում են եկեղեցու տարածքը, եւ նրանց ասել են ազատել տարածքը»: Երիտասարդական միութեան յայտարարութեան համաձայն նրանով հանդերձ, որ երիտասարդները յստակ արտօնութիւն են ունեցել Հայոց Ցեղասպանութեան Յանձնախմբի ԱՄՆ Արևմտեան Հայոց Թեմի ներկայացուցչից, նշեալ անձերի միջամտութեամբ եկեղեցու պահակները հաւաքել և աղբաման են նետել Ապրիլ 24ի թռուցիկները:

Մենք, ներքոյ ստարագրողներս մեր խորին ընդվզումն ու մտահոգութիւնն ենք յայտնում հայոց առաքելական եկեղեցւոյ ոգուն և առաքելութեան հակասող այս ամօթալի պատահարի կապակցութեամբ:

Նկատի ունենալով Արցախի ամենօրեայ շրջապատումը և Հայաստանի ու հայութեան համար ներկայ ճակատագրական իրավիճակը երբ ամեն ինչից առաւել մեր ժողովրդին պէտք է միասնութիւն ազգային արժէքների շուրջ, ինչո՞վ կարելի է բացատրել հայոց առաքելական եկեղեցում Ապրիլ 24ի միջոցառման թռուցիկների ոչնչացումն ու աղբամանի մէջ նետումը նոյն եկեղեցու պաշտօնեաների միջոցով:

Երիտասարդների յայտարարութիւնից նաև ի յայտ է գալիս մի այլ մտահոգիչ հանգամանք երբ բացատրւում է թէ ովքեր են «եկեղեցու տարածքը տնօրինող» անհատները պարզւում է, որ եկեղեցւոյ հոգաբարձութիւնից դուրս անձինք են եղել այս ամօթալի արարքի հեղինակները, որոնց ենթակայ են եկեղեցու պաշտօնեաները: Սա լուրջ հարցերի դուռ է բացում բարեպաշտ ժողովրդի և ծխական անդամների համար թէ ինչպէ՞ս կարելի է եկեղեցւոյ հոգաբարձութիւնից դուրս անհատներ նման իրաւասութիւններ ունենան մեր եկեղեցական կառոյցից ներս:

Փարատելու համար առաջացած բացասական և մտահոգիչ տպաւորութիւնները և վերահաստատելու համար ժողովրդի վստահութիւնը մեր եկեղեցու նկատմամբ դիմում ենք յարգոյ կազմիդ և պահանջում որ պատահածի մասին թափանցիկ և ամբողջական տեղեկատւութիւն կատարուի և գործնական միջոցներ ձեռնարկուի որպէսզի նման ոտնձգութիւններ չկատարուեն մեր եկեղեցու նկատմամբ ընդհուպ մինչև օրինազանց անհատների և պաշտօնեաների բացայայտում:

Շնորհակալութեամբ և յարգանօք՝

87 Ծխական անդամներ, անուններ և ստորագրութիւններ:

Share