Ոչ զիջումով, ոչ վախով չի կարելի ապրել. պէտք է ապրել պայքարելով. Հրանտ Մարգարեան

Ոչ զիջումով, ոչ վախով չի կարելի ապրել. պէտք է ապրել պայքարելով. Հրանտ Մարգարեան

«Մեր նպատակը Ադրբեջանին դէմ յանդիման հակաադրբեջանական ցոյց անելն է»,- «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում ասաց «Կամաւորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարեանը՝ անդրադառնալով Կոռնիձորում մայիսի 20-ին հանրահաւաք անցկացնելու նախաձեռնութեանը։

Հրանտ Մարգարեանի խօսքերով՝ հաւաքը որոշել են սահմանում անցկացնել, քանի որ միջանցքը փակուած է եւ մեր կապը խզուած Արցախի հետ։ «Հայ ժողովուրդը պէտք է ցոյց տա իր դժգոհութիւնն ու անհամաձայնութիւնը այն ամէնին, որը պարտադրւում է մէզ։ Իհարկէ մի ծաղկով գարուն չի գայ եւ մի ակցիայով բոլոր հարցերը չէն լուծուի, բայց դա մի նոր սկիզբ է, որը, կարծում եմ, կարեւոր է»,- ասաց գործիչը։

Նրա արձանագրմամբ՝ Ադրբեջանը դարձրել է սովորութիւն, որ ամէն անգամ բանակցութիւնների նախօրեակին լարում է ստեղծում սահմանի վրայ՝ դա օգտագործելով որպէս ճնշման միջոց։ «Քանիերորդ անգամն է նոյն սցենարը կրկնւում է։ Ադրբեջանը նաեւ մի պարզ բան է հաստատել. քանի մենք ընտրել ենք զիջման քաղաքականութիւնը, ուրեմն ինքն ուժով, կոնֆլիկտ հրահրելով կը կարողանայ իր հարցերը լուծել։ Մինչեւ մի տեղը չցաւացնենք, այս ընթացքը շարունակուելու է»,- նշում է Հրանտ Մարգարեանը՝ ընդգծելով, որ իշխանութեան ցանկացած զիջողական համաձայնութիւն չէն ընդունելու։

«Ոչ միայն չենք նահանջելու, այլեւ ասում ենք, որ ինչ էլ համաձայնեք, դա անարժէք է, որովհետեւ մենք մեր դատից չենք հրաժարուի,մենք չենք նահանջի եւ Ադրբեջանը լաւ օր չի տեսնի։ Ադրբեջանը անընդհատ կպարտաւորուի շատ մեծ գին վճարել։ Սա այն խաղաղութիւնը չէ. սա ոչ մէզ պէտք կը լինի, ոչ իրենց, որովհետեւ խաղաղութիւնը պէտք է արդարութեան հիմքի վրայ ստեղծուի,ոչ թէ պարտադրանքի։ Դա ենք ուզում ասել, որ հայ ժողովուրդը որեւէ նման համաձայնութեան, նման պայմանագրի, նման յայտարարութեան հետ հաշտ չի ապրի եւ կընդվզի»,- ասել է գործիչը։

Անդրադառնալով Կոռնիձորի ակցիային՝ Հրանտ Մարգարեանը նշեց, որ իրականութիւնն օրհասական է եւ նման պայմաններում հայ ժողովուրդը ոչնչից չի վախենում։

«Ես կարծում եմ որ կը գան, որովհետեւ մեր ժողովուրդը քաջ ժողովուրդ է, էդպէս բաներից չի վախենայ։ Մեր նպատակը խաղաղ ցոյց անելն է, մենք չենք գնում արշաւելու, չենք գնում յարձակուելու։ Մենք պէտք է կարողանանք հասկացնել, որ այդ տեսակ բաներից վախեցող չենք։ Սա ոչ միայն բանակի եւ զինուորների այլ հէնց ժողովրդի մակարդակով պէտք է ցոյց տալ։ Մենք ամենքս եթէ պէտք է՝ զինուոր ենք, եթէ պէտք է՝ մահապարտ, բայց մեր հայրենիքը չենք զիջի երբեք, չենք նահանջի, չենք վախենայ չենք ընկրկի։ Կարծում եմ պահը դրան է հասել։ Վիճակն այնպիսին է, որ եթէ մենք այդ վճռականութիւնը ցոյց չտանք եւ այդ ձեւով չարտայայտուենք, շատ բան ենք կորցնելու։ Ոչ զիջումով, ոչ վախով չի կարելի ապրել. պէտք է ապրել պայքարելով»,- «Փաստինֆոյի» հետ զրոյցում նշեց Հրանտ Մարգարեանը։

Share