Ադրբեջանի սանձարձակութիւնը կապուած է պատասխան չստանալու հետ. Քրիստինէ Վարդանեան

Ադրբեջանի սանձարձակութիւնը կապուած է պատասխան չստանալու հետ. Քրիստինէ Վարդանեան

Մենք վերջին 100 տարում Ադրբեջանի գործողութիւններում փոփոխութիւն չենք տեսնում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը։

«Իրավիճակը ողբերգականօրէն փոխուել է, ամէն ինչ շուռ է եկել մեր դէմ, ամէն անգամ վնասները կրում ենք մենք, տարածքային կորուստները, զոհերը, վիրաւորներն ու գերիները ունենում ենք մենք, կապուած է հայկական կողմում տեղի ունեցած փոփոխութիւնների հետ 2018 թուականին  եւ 2020 թուականի  նոյեմբերի 9-ից յետոյ դրանք արտայայտուած են աւելի դրամատիկօրէն։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա կրակում Սոթքում, ինչո՞ւ է անցակէտ դնում Լաչինում, ինչո՞ւ է շրջափակած պահում միակ ճանապարհը Արցախի հետ կապող, որովհետեւ ո՛չ գէտնի վրայ, ո՛չ դիւանագիտական դաշտում հակազդեցութեան չի հանդիպում։ Աեօ, բանակի զինուորները, սպաները հերոսական դիմադրութիւն են ցոյց տալիս, բայց համակարգային հակազդեցութիւն դիւանագիտական դաշտում՝ բացակայում է։ Մարդիկ, թող տեսնեն, թէ իշխանութիւնն ինչպէս է ամէն անգամ հակազդում ցանկացած ցոյցի, որեւէ գործողութեան, որն անգամ ամենափոքր սպառնալիքը կարող է ներկայացնել իր համար, եւ թող տեսնեն, թէ ինչպէս չի հակազդում որեւէ դէպքում Հայաստանի շահերի հետ կապուած գործողութիւնների դէպքերում։ Ադրբեջանի սանձարձակութիւնը կապուած է պատասխան չտեսնելու հետ։ Նրանց գործողութիւններից չպէտք է զարմանանք մենք, նոյնիսկ պէտք է դադարէնք զարմանալ հայկական կողմի գործողութիւններ չանելու համար»,- ասաց նա։

Պատգամաւորը նշեց, թէ ինչ պայմանաւորուածութիւնների մասին է խօսում Փաշինեանը մենք բոլորով պէտք է իրեն հարցնենք․

«Որովհետեւ իրենից բացի որեւէ մէկը տեղեակ չէ, թէ ինչ են բանակցում կամ պայմանաւորւում, բայց տեսնում ենք դրա արդիւնքները եւ կարող ենք կասկածներ ունենալ, որ կարո՞ղ է հէնց դա էլ պայմանաւորւում են, որ Փաշինեանի իշխանութեանը որեւէ վտանգ չսպառնայ եւ այսպէս հոգեբանական ճնշում բանեցնեն  հասարակութեան նկատմամբ եւ առանց որեւէ թղթի ստորագրման կամ գաղտնի պայմանաւորուածութեամբ տան, ինչ պահանջում է Ադրբեջանը։ Մենք տեսել ենք Գորիս-Կապան ճանապարհը, որեւէ մէկս ապահովագրուած չէ, որ նոյն պայմանաւորուածութիւնը չկայ Սոթքի, Վարդենիսի, Տաւուշի գիւղերի նկատմամբ։ Ես մի բան կարող եմ ասել, որ Փաշինեանն ինչ էլ պայմանաւորուի եւ խօսք տա՝ դրանք անուաւեր են, որովհետեւ դրանք բոլորը ձեռք են բերւում ուժի սպառնալիքի եւ ուժի կիրառման պարագայում, այնպէս որ այս պայմանաւորուածութիւնները չէն կարող որոշել մեր ճակատագիրը, խնդիրը դիմադրութիւն կազմակերպելն է»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը հարց ուղղեց, արդեօ՞ք մեր հասարակութիւնը տեղեակ է, որ Երեւանից Բաքու օդային բեռնափոխադրումների ճանապարհը բաց է հէնց հիմա․ «Իսկ ո՞վ գիտի՝ ինչ են փոխադրում այդ ճանապարհով։  Կարո՞ղ է զէնք են տեղափոխում, որը հէնց այսօր, վաղը կրակելու է Սոթքի ուղղութեամբ։ էլ ի՞նչ դրուագներով ցոյց տանք համագործակցութիւնն իրենց։ Ինչպէս է  ստացւում, որ իրենք այդքան ապաշնորհ են երկիրը պաշտպանելուց եւ այդքան շնորհալի եւ կամակերպուած են իրենք իրենց պաշտպանելուց։ Ես բացառում եմ տեղեակ չլինելու տարբերակը։ Նրանք ոչ միայն տեղեակ են, այլ նաեւ համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը Սոթքն ու Վարդենիսը այլ տեղանուններով է ներկայացնում, պատգամաւորը նշեց, որ ադրբեջանի գործողութիւններում որեւէ բան թաքուն չէ․

«Նայեք քարտէզները որոնք իրենք տարածում են։ Նրանց ուզածը Հայաստանն է։ Իրենց նպատակներն է Հայաստանի համար ստատէգիական նշանակութեան ռեսուրսներին տիրանալը, դրանք եւ՛ հանքերն են, եւ՛ ջրային ռեսուրսներն են, եւ՛ ստրատէգիական ճանապարների վերհսկողութեան հաստատումն է։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անուան տակ Հայաստանն ընկնում է ամբողջական շրջափակման ներքոյ։ Ադրբեջանն այնպիսի տարածքներ է ուզում, որոնց տիրապետելով ինքը վերահսկողությւոն է սահմանում Երեւանից դէպի հարաւ եւ հիւսիս միջպետական մայրուղիների վրայ եւ իհարկէ Հայաստանի ընդհանուր առմամբ սուբեկտայնութիւնն է, այսինքն հայկական պետականութեան գոյութիւնը հարցականի տակ դնելը, դրա համար էլ պահանջում է ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարբեր վայրերում, որպէսզի կարճաժամկէտ հեռանկարում իրենք գործոն դառնան Հայաստանի ներսում։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր պահանջները։ Հայկական կողմն է, որ 30 տարի կարողացել է դիմագրաւել, հիմա չունենք հայկական շահերը պաշտպանող իշխանութիւն, դրա համար Հայաստանի դարպասները ներսից եւ դրսից բացուել են Ադրբեջանին եւ Թուրքիայի համար։ Թուրքիան է որոշում՝ Հայաստանում ինչ արձան դրուի, կամ չդրուի, Ադրբեջանն էլ որոշում է, որ վանքը, որ գիւղը իրենը պէտք է լինի, սա է պատկերը»,- ասաց նա։

Լ․Ա․

Share