Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին, իրավիճակի անյապաղ չկարգաւորումը կեանգեցնի աղէտի. Արցախի պետնախարարի յայտարարութիւնը
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը Ադրբեջանի կողմից իրականացուող էներգէտիկ, տնտեսական, հումանիտար եւ բնապահպանական ահաբեկչութեան մասին՝ Սարսանգի ջրամբարի առնչութեամբ, յայտարարութիւն է տարածել:
«Արմենպրես»-ը Գուրգէն Ներսիսեանի յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում է ստորեւ:
«Արցախի Հանրապետութեան 146-օր շարունակուող շրջափակման պայմաններում՝ յունուարի 9-ից ի վեր արդէն 117 օր է, Ադրբեջանը խափանում է միակ բարձրաւոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը՝ իրականացնելով էներգէտիկ, տնտեսական, հումանիտար եւ բնապահպանական ահաբեկչութիւն՝ յաւելեալ դժուարութիւններ ու տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին:
Ինչպէս մինչ այդ, այդպէս էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանել, իսկ մարտի 22-ից արդէն վերջնականապէս արգելափակել է նաեւ Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը, ինչը եւս յանգեցրել է հումանիտար եւ տնտեսական լրջագոյն խնդիրների, ինչպէս նաեւ էլեկտրաէներգիայի ներքին արտադրութեան անխուսափելի աճի եւ էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնուածութեան:
Նման պայմաններում Արցախի Հանրապետութիւնը ստիպուած է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրութեան ներքին ենթակառուցուածքը՝ բաղկացած 6 հիդրոէլեկտրակայանից, որոնցից միայն Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին բաժին է ընկնում ընդհանուր հզօրութեան շուրջ 70 տոկոսը:
Քանի որ նախքան Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարման խափանումը Արցախի ներքին արտադրանքը բաւարարում էր պահանջարկի շուրջ 30 տոկոսը, ապա յունուարի 9-ից բնակչութեան նուազագոյն էներգէտիկ պահանջարկը բաւարարելու նպատակով Արցախի կառավարութիւնը ստիպուած է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառեալ՝ բոլոր հիմնական տնտեսական ձեռնարկութիւնների գործունէութեան դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրեայ հովհարային անջատումներ, գործող բոլոր ՀԷԿ-երի առաւելագոյն հզօրութեամբ շահագործում եւ այլն:
Արդիւնքում, ի յայտ են եկել ոչ միայն մի շարք հումանիտար եւ կենցաղային դժուարութիւններ, այլեւ լուրջ բնապահպանական խնդիրներ՝ կապուած Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառման հետ: Անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ՝ այս տարուայ յունուարի 9-ից առ այսօր, էլեկտրաէներգիայի նուազագոյն ծաւալի արտադրութիւնն ապահովելու նպատակով Սարսանգի ջրամբարից բաց է թողնուել գրեթէ երեք անգամ աւելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ աւելի քիչ՝ պայմանաւորուած ընթացիկ տարուայ կլիմայի չորութեամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մօտ 88 մլն մ³ (ընդհանուր ջրատարողութեան շուրջ 15%-ը), մօտենալով մեռեալ (չօգտագործելի) ծաւալին՝ շուրջ 70 մլն մ³:
Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի էլեկտրամատակարարման հեռանկարը եւ խորացնում մարդկանց տառապանքները, այլեւ՝ արդէն յանգեցրել է շրջակայ միջավայրի վրայ բացասական մեծ ազդեցութեան, այդ թւում՝ աղբիւրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական եւ կենդանական տեսակների անկման եւ այլն: Իրավիճակի անյապաղ չկարգաւորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիօրէն կարճ ժամկէտում կեանգեցնի վերոնշեալ էներգէտիկ, տնտեսական, հումանիտար եւ բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման եւ, վերջիվերջոյ, հումանիտար աղէտի:
Յատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախութեան ողջ ժամանակաշրջանում, ի տարբերութիւն խորհրդային տարիների, կիրառուել է բացառապէս Ադրբեջանի գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենանիւ, միտումնաւոր ու յանցաւոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարումը, արհեստական էներգէտիկ ճգնաժամ հրահրելով եւ ստիպելով արցախեան կողմին ակտիւօրէն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էութեան, Արցախի ժողովրդին էներգէտիկ, տնտեսական եւ բնապահպանական ահաբեկչութեան ենթարկելուց բացի, զրկում է նաեւ սեփական ժողովրդին ամառուայ շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բաւարար ոռոգման ջուր ստանալու հնարաւորութիւնից: Փաստօրէն, նաեւ նշուած յանցաւոր նպատակների համար էին Ադրբեջանի կառավարութեան՝ քաղաքացիական հագուստով գործակալները կամ «էկոյ-ահաբեկիչները», իբր, այդքան եռանդուն պայքարում՝ շրջափակման մէջ պահելով Արցախի ժողովրդին։