Արցախի զօրակցութեան ստորագրահաւաք՝ մասնակցել այսօր

Արցախի զօրակցութեան ստորագրահաւաք՝ մասնակցել այսօր

Ինչպպէս արդեն տեղեակ էք «Օրակարգ»ի նախկին համարներից Արցախի երիտասարդութիւնը ստորագրահաւաք է սկսել Ազրպէյճանական ցեղասպանական քաղաքականութեան դէմ: Արցախի բոլոր երիտասարդական կազմակերպութիւնները, դրանց շարքում ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութիւնը ևս իրենց ամբողջական ներուժով լծուել են այս աշխատանքին: Իւրաքանչիւր հայ այցելելով այս յղումը, կարող է իր ձայնը միացնել Արցախի երիտասարդների պայքարին:

Մինչ այս լուրի հրատարակման պահը աւելի քան 47 հազար ստորագրութիւներ են հաւաքուել:

Տեղեկութիւնների համաձայն, կարեւոր է որ մինչեւ մայիս 8-ը  մեծ թիւով ստորագրողներ ստորագրած լինեն սոյն պահանջագիրը։ Խնդրում ենք այցելել  https://rb.gy/dbh1a և մասնացել ստորաքրահաւաքին:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականութիւնը եւ ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կատարումը

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ  պետութիւններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան անդամ երկրների՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնութեան նախագահին՝ որպէս Արցախում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող երկրի ղեկավարի

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին՝ որպէս ՀՀ անկախութեան հռչակագրով Արցախի Հանրապետութեան հարցում իրաւական եւ քաղաքական պատասխանատուութիւն ստանձնած պետութեան կառավարութեան ղեկավարի

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ յայտարարութեան (այսուհետ՝ Եռակողմ յայտարարութիւն) ստորագրումից  ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել ու շարունակում է  անպատիժ խախտել այդ փաստաթղթի  մի շարք դրոյթներ՝ սպանելով Արցախի Հանրապետութեան բնակիչներին, բռնազաւթելով նոր տարածքներ, կրակելով գիւղատնտեսական աշխատանքներով զբաղուող խաղաղ բնակիչների վրայ,  2022թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մէջ պահելով Արցախը, իսկ ապրիլի  23-ին հսկիչ անցակէտ դնելով  Բերձորի (Լաչինի) միջանցքում՝  ամբողջութեամբ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:

Արցախում  ներկայումս  ոչ միայն լուրջ  հումանիտար ճգնաժամ է, այլեւ Ադրբեջանն  իր գործողութիւններով  բացայայտ իրականացնում է էթնիկ զտման եւ Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից զրկելու՝ ցեղասպանական քաղաքականութիւն:

Եռակողմ յայտարարութեան  ստորագրումից ի վեր Ադրբեջանը կոպտօրէն խախտել է հետեւեալ կէտէրը. 

  • Առաջին կէտի համաձայն՝ կողմերը պէտք է կանգ առնէին իրենց զբաղեցրած դիրքերում եւ պէտք է  պահպանուէր ամբողջական հրադադարի  ռեժիմը:

Սակայն ադրբեջանական զինուած ուժերի ստորաբաժանումների յարձակումների արդիւնքում  Արցախի  Հանրապետութեան Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ եւ Քարագլուխ բնակավայրերը Եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ անցան Ադրբեջանի վերահսկողութեան տակ: Ադրբեջանական զինուած ուժերը բռնազաւթեցին նաեւ այլ տարածքներ:

  • Փաստաթղթի 6-րդ կէտով՝  «Լաչինի միջանցքը» (5 կմ լայնութեամբ), ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ գտնուելու էր Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ: 

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել է «Լաչինի միջանցքը», իսկ ապրիլի 23-ից միակողմանիօրէն հսկիչ անցակէտ տեղադրել այնտեղ՝  120 հազար արցախահայութեանը, այդ թւում՝ շուրջ 30 հազար երեխաներին պահելով պատանդի վիճակում։

  • Փաստաթղթի 7-րդ կէտի համաձայն՝ ներքին տեղահանուած անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ:
  • Փաստաթղթի 8-րդ կէտով իրականացւում է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահուող անձանց, ինչպէս նաեւ զոհուածների մարմինների փոխանակում:

Ադրբեջանը բոլոր հնարաւոր միջոցներով խոչընդոտում է այս երկու կէտէրի իրականացմանը Եռակողմ յայտարարութեան ստորագրման առաջին իսկ օրուանից:

Աւելին, ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2021թ-ի դեկտեմբերի 7-ին եւ 2023թ-ի փետրուարի 22-ին կայացրել է երկու միջանկեալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից անյապաղ վերացնել միջազգային իրաւունքի կոպիտ խախտումները։ Նման միջանկեալ որոշումներ կայացրել է նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 2020-2022թթ-ին։ 

Սակայն Ադրբեջանը մինչեւ օրս չի կատարում այս երկու դատական ատեանների որոշումները, թէեւ դրանք անյապաղ կատարման ակտէր են։ 

Մենք՝ Արցախի Հանրապետութեան քաղաքացիներս, սոյն դիմում-պահանջով վերոնշեալ երկրների ղեկավարների եւ ողջ միջազգային հանրութեան ուշադրութիւնն ենք  հրաւիրում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանութեան քաղաքականութեան իրականացման, ինչպէս նաեւ այդ նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից եռակողմ յայտարարութեան դրոյթների կոպտագոյն խախտումների վրայ, եւ պահանջում ենք առանց յետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելով  այդ փաստաթղթի կէտէրի, ինչպէս նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի եւ ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը:

Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը՝                                                              

մենք, Արցախի ողջ բնակչութեան անունից,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային  դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրուարի 22-ի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

  • Ադրբեջանական զինուած ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից յետոյ օկուպացուած հայկական տարածքներից,
  • Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,
  • Միջանցքի անյապաղ  ապաշրջափակում, 5 կմ լայնութեամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահւում, ադրբեջանական անցակէտի ապամոնտաժում,
  • Գերութեան մէջ պահուող անձանց եւ փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրաւունքի ապահւում: 

Եթէ այս հանրային դիմում-պահանջի հրապարակումից յետոյ՝ 7 oրուայ ընթացքում հասցէատէրերի կողմից գործնական քայլեր չձեռնարկուեն նշուած կէտէրը կատարելու ուղղութեամբ, մենք ստիպուած ենք  լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու մեր իրաւունքը, մեր երեխաների ապագան պաշտպանելու համար:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժում

Share