Իրանցի փորձագէտի բացայայտումները՝ «Միջանցքային երթուղիներում Իրանի դերը նուազեցնելու Բաքուի եւ Թուրքիայի երազանքի աւարտը»

Իրանցի փորձագէտի բացայայտումները՝ «Միջանցքային երթուղիներում Իրանի դերը նուազեցնելու Բաքուի եւ Թուրքիայի երազանքի աւարտը»

«ԱԼԻՔ» — Ալիեւի չորեքշաբթի օրուայ (մայիսի 3-ի) յայտարարութիւնից կարելի է եզրակացնել, որ նրա գործերն այլեւս լաւ չեն գնում: Նա դարձեալ կանգ առնելով Թեհրանում Բաքուի դեսպանատան վրայ կատարւած կեղծ յարձակման, եւ Բաքւում իր կուսակից պատգամաւորի կեղծ սպանութեան վրայ՝ միայն կարողանալով ի ցոյց դնել անելի վիճակի մատնուած մարդու զայրոյթը, ինչն Անդրկասպեան միջանցքի (Թրանս-Խազար) կարեւորութեան նուազեցմամբ է պայմանաւորուած:

Տարածաշրջանի հարցերով իրանցի աւագ փորձագէտի հաւաստմամբ՝ Թուրքմենստանում Ռուսաստանի դեսպանը նոյն օրը՝ մայիսի 3-ին, Ալիեւի ելոյթից մի քանի ժամ առաջ յայտարարել էր, որ Թուրքմենստանը միանում է Ղազախստան ուղղութեամբ ռուսական երկաթուղային միջանցքին։

Էհսան Մովահեդեանն իր տելեգրամային ալիքում հրապարակած գրառման հետ միասին տեղադրելով երթուղու քարտէզը յաւելել է, որ այս երթուղին անցնում է Իրանի տարածքով, իսկ Բաքուն դրանում որեւէ դերակատարութիւն չունի։ Չինաստանը եւս մէկ տարի անց կը միանայ Ղազախստանով անցնող այս երթուղուն, իսկ ապրանքների Եւրոպա տեղափոխումը իրականացուելու է Իրանի ու Թուրքիայի տարածքից, որում Բաքուին որեւէ դեր վերապահուած չէ:

Գրառման մէջ նշուած է նաեւ, որ Ալիեւը, ով իր երազանքները վտանգուած է տեսնում, տարեկան միլիարդաւոր դոլարների եկամուտ կորցրածի պէս, Իրանի վրայ յարձակուելու միֆից բացի, խօսում է նաեւ Չինաստանի ղեկավարութեան հետ իր ապշեցնող մակարդակի յարաբերութիւնների մասին, ինչպէս նաեւ Սաուդական Արաբիայի հետ եղբայրութեան մասին, որով գուցէ փոքրիկ բաժին էլ ինքն ստանայ միջանցնքների ձեւաւորւող քարտէզներում:

«Սակայն, Բաքուի բռնապետի այս մանիպուլիացիաներն չեն կարող ոչինչ խոստանալ նրան։ Ռուսաստանի դէմ նրա ամբարտաուանութիւնը, կովկասեան խաղաղ բանակցութիւններն ԱՄՆ-ի դաշտ տեղափոխելու փորձերը, ուկրաինական պատերազմում դիրքորոշուածութիւնը, թաքֆիրական ահաբեկիչներին Կովկաս տեղափոխումը, եւ Արեւմտեան ճակատին բացայայտօրէն աջակցելը Պուտինին ստիպել են քայլեր ձեռնարկել նրան իր տեղը ցոյց տալու համար»,- նշել է փորձագէտը՝ յաւելելով, որ Իլհամը պէտք է իրեն դրսեւորի քաղաքավարի եւ մտածի գլխով: Նա այլընտրանք ունենալու համար պէտք է աջակցի Ռաշտից Աստարա, իսկ յետոյ Բաքուի Հանրապետութիւնը Ռուսաստանին միացնող երկաթուղու կառուցման աշխատանքներին, այլապէս նրա բռնապետութիւնը յարատեւ չի լինելու:

Share