Բելգիացի եւ ֆրանսիացի քաղաքական եւ հասարակական գործիչները դատապարտել են ադրբեջանական անօրինական գործողութիւնները
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աջակցութեամբ բելգիացի եւ ֆրանսիացի թուով երեսուներկու քաղաքական եւ հասարակական գործիչներ յայտարարութիւն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակէտի տեղադրումը եւ Արցախի բնակչութեան կրկնակի շրջափակումը:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է.
«Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակէտի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում եւ վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգութիւնը։ Սոյնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարութեանը կատարել իր պարտաւորութիւնները, անյապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակէտը, դադարեցնել թշնամական քաղաքականութիւնը Արցախի բնիկ հայ բնակչութեան դէմ եւ հանդէս գալ որպէս միջազգային հանրութեան պատասխանատու անդամ»։
Նշէնք, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական եւ Վալոնական Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եւրիպայի Հայ Դատի յանձնախումբը ունի երկար եւ շարունակական դինամիկ յարաբերութիւններ:
ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Գասպար Կարապետեանն արձագանքել է նախաձեռնութեանը՝ նշելով. «Բարձր եմ գնահատում նմանատիպ նախաձեռնութիւնները քաղաքական եւ հասարակական անձանց կողմից ովքեր Բելգիայում եւ Ֆրանսիայում յարգանք են վայելում քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Սա քաղաքացիական գործիք է, որը ստիպում է Եւրոպական երկրներում եւ ԵՄ գործադիր իշխանութեանը այս հարցը օրակարգում պահել եւ կոնկրէտ քայլեր ձեռնարկել այս ուղղութեամբ: Մենք էլ մեր հերթին կը շարունակէնք մեր ամենօրեայ ակտիւ աշխատանքը քաղաքական եւ հասարակական տարբեր շրջանակների հետ, որպէսզի Արցախի խնդրի վերաբերեալ ընդունուէն հայանպաստ եւ բարէնպաստ որոշումներ եւ գործողութիւններ»։