Թաթուլ Օհանեան
Մի քանի օր առաջ, զարմանքով կարդացի նիկոլականներից մէկի անհեթեթ եւ անմիտ առաջարկը, առ այն, որ յետ այսու, ազգային խորհրդանիշ համարւող Արարատ լեռան փոխարէն, օգտագործենք Արագած լեռը, այն էլ աւելի ստրկամիտ եւ թուրքհաճոյ պատճառով, իբր թէ թուրքերը ասել են «Մասիս սարը հօ ձեր հողում չէ եւ ձեզ չի պատկանում, որի պատկերը դաճել էք ձեր գերբի վրայ», որից յետոյ ներքոյիշեալ պատմութիւնը վերյիշեցի։
1978 թ.-ին, Հայ Արւեստին նւիրւած Միջազգային սիմպոզիոմին մասնակցելու համար գտնւում էի Հայաստանում, (այս առթիւ 2016 թ.-ին, մանրամասնօրէն գրել եմ իմ հրատարակած «Ուր ես գնում հայ ժողովուրդ» վերտառութեամբ գրքում)։ Մեզ ընկերակցող հայաստանցի ընկերների հետ զանազան նիւթերի մասին խօսելու ընթացքում պատմեցին, որ Թուրքիան պաշտօնապէս բողոքել է մեր պետութեանը, որ «Խորհրդային Հայաստանի գերբից կրճատեն Մասիս սարի պատկերը, քանզի նշեալ սարը մեր հողում է եւ մերն է եւ դուք իրաւունք չունէք մեզ պատկանողը օգտագործէք»: Ի պատասխան թուրքերի, Խորհրդային Հայաստանի ղեկավարներն էլ հակառակ Հայաստանի այսօրւայ ստրկամիտ ու թրքահաճոյ ղեկավարութեանը, գլուխ չեն ծռել թուրքի առջեւ, այլ քաջի նման ասել են. «Եթէ այդպէս է ուրեմն դուք էլ ձեր դրօշից պիտի հանէք լուսինն ու աստղը քանզի լուսինն ու աստղն էլ ձեր հողում չեն եւ ձեզ չեն պատկանում» ու բանի տեղ չեն դրել թուրքի եւ ադրբեջանցու քմածին եւ անմարդկային պահանջին։
Երեւան