Փաշինեանը քաղաքացուց թաքուն կը նշի «Քաղաքացու օրը»

Փաշինեանը քաղաքացուց թաքուն կը նշի «Քաղաքացու օրը»

Երեւանի փողոցներում խորոված պատրաստող, ժողովրդի ծառայ Փաշինեանն այդպէս էլ չյայտարարեց` որտեղ է նշելու իրենց հռչակած Քաղաքացու օրը: Գուցէ Փաշինեանին ընտրած հպարտ քաղաքացին հէնց նրա հե՞տ էր ցանկանում նշել այսպէս կոչուած տօնը:

Փաշինեանը, որը սովորաբար տեսաուղերձով է շնորհաւորհանքներ հնչեցնում, առաւօտ կանուխ ֆեյսբուքեան գրառում էր արել՝ հրայեանգել, թէ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին պիտի ու պարտաւոր է լինել հպարտ: Միայն թէ հետաքրքիր է՝ ո՞ր քաղաքացու մասին է ասում Փաշինեանը: Այն քաղաքացու, որի տունն ու հողամասը իր վարած քաղաքականութեան արդիւնքում յայտնուել է թշնամու ուղիղ նշանառութեան տակ, թէ այն քաղաքացու, որը զաւակ է կորցրել: Գուցէ այն քաղաքացո՞ւ, որի դէմքին թքում են «դաւաճա՛ն» գոռալու համար, որին իր չծնուած երեխայի հետ գցում են Փաշինեանի աւտօշարասեան տակ ու սպանում, թե՞ նրանց, որոնց պառնում են  ականջ ու լեզու կտրել:

Փաշինեանն ասում է՝ աղէտները վրայ հասան երկար տարիներ ժողովրդավարութիւն, օրինականութիւն, քաղաքացիական ազատ բանաւէճ չունենալու հետեւանքով, այն տաբուների, կաղապարների եւ ճշմարտութիւնների պատճառով, որոնք ստեղծուել էին բարեհունչ վերնագրերի ներքոյ, բայց ոչ հանուն պետականութեան:

Ստացւում է՝ մենք Արցախի շուրջ 75 տոկոսը կորցրինք, Հայաստանի սւուերէն տարածք մտան ադրբեջանցիները, որովհետեւ նախկինների օրօք ժողովրդաւարութեան պակաս կար երկրում: Գուցէ Փաշինեանը կարծում է, որ Ալիեւն էլ յաղթեց, որովհետեւ ժողովրադաւա՞ր է, կամ աշխարհի բռնակալները, օրինակ՝ Ստալինը, ժողովրդաւարութեան միջոցով է յաղթել Երկրորդ աշխարհամարտը:

Անկասկած, Փաշինեանը պողպատէ տրամաբանութիւն ունի, յատկապէս, երբ մեր մեծագոյն ձախողումը համարում է 30 տարի ժողովրդաւար չլինելու մէջ:

Փաշինեանը 2019-ին ասում էր՝ ո՞նց կարող եմ սպեցնազը հանել ու ծեծուջարդ անել, ես խօսքով եմ յեղափոխութիւն արել:

Յետագայ տարիներին պարզուեց, որ Փաշինեանը լաւ էլ կարողանում է ծեծուջարդ անել: Երբ հարցը վերաբերւում է աթոռ պահելուն, քաղաքացին ե՛ւ ծեծուելու մատէրիալ է դառնում, ե՛ւ տուգանուելու, ե՛ւ բռնուելու:

2018-ի իշխանափոխութիւնից մէկ տարի յետոյ իրեն յեղափոխական հռչակած քաղաքական թիմը Քաղաքացու օր ունենալու համար «Տոների եւ յիշատակի օրերի մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարեց, որը նշւում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն մեծ «շուքով», այն է՝ մայրաքաղաք Երեւանը բացօթեայ խորովածանոցի վերածելու միջոցով  նշուել է միայն 2019 թ.: Յետագայում, երբ հայ ժողովրդի կեանքում շարունակական են դարձել ծանր պարտութիւնները, նուաստացումներն ու մղձաւանջը, նորայայտ տօնը հանրայնօրէն չի նշուել:

Իրականում՝ իշխանաւորներն այս տօնն իրենց իշխանութեան գալը նշելու համար մտցրեցին, եւ այն իշխանափոխութիւնից յետոյ պաշտօններ ստացած ու բարձր պարգեւավճարներ ստացող քաղաքացու օրն է, որը Փաշինեանը դեռ 2019 թ. Կառաւարութեան նիստում համեմատել էր Հայ Առաքելական եկեղեցու տաղաւար տօների հետ:

Անի Նահապետեան

Share