Երեւանի կենտրոնում` Օղակաձեւ զբօսայգու 4-րդ հատուածում, «Նեմեսիս» գործողութեան հերոսների յիշատակը յաւէրժացնող աղբիւր–յուշակոթող է բացուել։
Աղբիւր– յուշակոթողի վրայ գրուած են Հայոց ցեղասպանութիւնը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպէս նաեւ 1918թ. Բաքուի հայերի ջարդի կազմակերպիչներից վրէժ լուծած հերոսների անունները։
Յուշարձանի վրայ գրուած են Սողոմոն Թեհլիրեանի, Արամ Երկանեանի, Արմէն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արայ Սարգսեանի, Աւետիք Իսահակեանի, Հրաչ Փափազեանի, Շահան Նաթալիի, Յակոբ Մելքումովի, Երուանդ Ֆունդուկեանի, Միսաք Թորլաքեանի, Արշաւիր Շիրակեանի, Արշակ Եզդանեանի, Ստեփան Ծաղիկեանի, Արտաշես Գեւորգեանի, Պետրոս Տեր Պողոսեանի անունները։ Նրանք 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպէս նաեւ 1918թ. Բաքուի հայերի ջարդի կազմակերպիչներից վրէժ լուծած հերոսներն են։ Այսուհետեւ սերունդները պատմութեանը կծանօթանան նաեւ այս յուշարձանի միջոցով։
ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը նշել է, որ «Նեմեսիս» գործողութիւնը կարեւոր իրադարձութիւնն է եղել հայ ժողովրդի կեանքում։ Նա յիշեցրել է, որ գործողութեան կատարման որոշումը կայացուել է 1919 թուականին Երեւանում Հայ յեղափոխական դաշնակցութեան 9-րդ ընդհանուր ժողւում։ Այդ ժամանակ Հայոց ցեղասպանութեան յանցագործների 650 անուն է նշուել, որոնցից առանձնացուել են 41 գլխաւոր յանցագործները։
«Սա զուտ կուսակցական որոշում չէր, այլ ազգային խնդիր, եւ հայ ժողովուրդն ազգովի լուծեց այն»,– ասել է Մելքոնեանը։
Յուշակոթողի տեղադրման միջնորդութիւնը ներկայացրել էին Հայոց ցեղասպանութեան վրիժառուների ժառանգները։ Նրանցից մէկը լրագրող, հաղորդաւար Արտեօմ Երկանեանն է` Արամ Երկանեանի հետնորդներից։
«Մենք վրիժառուներին պարտական ենք արժանապատիւ ազգ լինելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել, թէ ինչ կը լինէր, եթէ «Նեմեսիս» գործողութիւնը չիրականացուեր: Մենք հիւանդ ազգ էինք լինելու, հոգեբանական բարդոյթներից տառապող: Ես նրանց յաճախ համեմատում եմ հոգեբոյժների հետ: Նրանք թոյլ են տուել մէզ արժանապատիւ զգալ: Այս մարդիկ ահաբեկիչներ չէն, այլ իրականացնողն են այն արդար դատաւճռի, որը կայացուել էր օրինական իրաւական ատեանի կողմից: Ես հաւատում եմ, որ այն թուրքը, որը կցանկանայ իրեն արժանապատիւ զգալ, պէտք է գայ, խոնարհուի այս յուշարձանի առաջ եւ յիշի, որ առաջին երկիրը, որը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը, եղել է Թուրքիան, որը յետոյ հեռացել է իր այդ սկզբունքից»,- ընդգծել է Երկանեանը:
Նշէնք, որ աղբիւր–յուշակոթողը տեղադրուել է Երեւանի աւագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղեանը։