Վերացնել ազգակործան խզումները

Վերացնել ազգակործան խզումները

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը ապրիլի 21-ի Ազգային ժոողովի արտահերթ նիստում.

Քննարկւում է Կառաւարութեան ծրագրի կատարողականը, բայց գլխաւոր հարցն այն է, թէ որ ծրագրի մասին է խօսքը, այն ինչ թղթի վրայ գրուած է, թէ այն ինչ կատարւում է իրականում: Որ սրանք իրարից տարբերուող ծրագրեր են, փաստել են բազմիցս հէնց իրենք՝ գործող իշխանութիւնները իրենց հնգամեայ գործունէութեան ընթացքում, երբ շարունակաբար ասել ու խոստացել են մի բան, բայց արել են բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը: Դրա ամենավառ օրինակը իրենց իսկ նախընտրական ծրագրի կարեւորագոյն խոստումներից հրաժարուելն է:

Բայց ամենակարեւորը.

Այս ընթացքում մշտապէս գործի է դրուել սեփական սխալների ու ձախողումների համար մեղադրանքներից խուսափելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի -անտեղի համեմատուելով նախկինների հետ, սեւացնել անցեալը, որ լուսաւոր երեւայ ներկան:

Չգիտեմ, գիտակցում են արդյօք, որ երբ մարդ փորձում է արդարանալ ուրիշների գործած մեղքերը յիշատակելով նմանւում է նրան, ով փորձում է մաքրուել ցեխաջրով լուացուելու միջոցով: Դա իհարկէ անհնարին է, ինչպէս անհանրին է մշտապէս խաբել մի ողջ ժողովրդի, որովհետեւ ամէն ինչ վաղ թէ բացայայտուելու է:

Բացայայտուելու է գործող իշխանութիւնների իրական ծրագիրը: Որ նրանց այսպէս կոչուած խաղաղութեան գործընթացը մէզ տանում է դէպի նոր կապիտուլեացիայի:

Այս իրողութիւնը փորձ է արւում խնամքով քօղարկել եւ այն կդրսեւորուի ինչպէս սովորաբար պատահում է բոլորիս կատարուած փաստի առջեւ կանգնեցնելուց յետոյ միայն:

Գործընթացն էլ ձգձգւում է սոսկ այն պատճառով, որ դեռեւս պարզ չէ թէ մենք որքան պիտի զիջենք, որ այլեւս վերջնական լինի: Կարծէս չենք հասկացել, թէ ինչի մասին է Հովհաննես Թումանեանի «Չարի վերջը»: Կարծէս մեր ամէն սերունդ պարտաւոր է սեփական փորձով համոզուել, որ թուրք-ադրբեջանական ախորժակը սահմաններ չի ճանաչում եւ չի բաւարարւում քանի անձնատուր չենք եղել ամբողջովին եւ առանց սակարկելու:

Սակայն ամենաաղէտաբերն այն է, որ անգամ այս պայմաններում այս իշխանութիւնների երեւակայութիւնը թոյլ է տալիս սա ներկայացնել որպէս խաղաղութեան գործընթաց: Այսինքն մէզ ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար մէզ հետ խօսում է պատերազմի լեզուով, իսկ գործող իշխանութիւնները մեր ժողովրդին պատրաստում են խաղաղութեան: Ամէն օր մէզ թմրեցնում են քարոզելով, թէ խաղաղութիւնն է, որ բերելու է պաշտպանուածութիւն եւ անվտանգութիւն:

Այնինչ հէնց ինքը՝ խաղաղութիւնը պաշտպանութեան կարիք ունի: Անվտանգութիւնից է բխում խաղաղութիւնը: Իսկ թշնամու բարեհաճութեամբ ստացած կարծեցեալ անվտանգութեան երաշխաւորը ոչ թէ դու, այլ թշնամիդ է լինելու:

Այդպէս հաստատուած խաղաղութիւնը ուրիշ անուն ունի՝ նսեմացում եւ ստրկութիւն:

Այս մեծագոյն խաբկանքն ու կործանարար ընթացքը իշխանութիւնները փորձում են ներկայացնել որպէս միակ ճշմարիտը եւ այլընտրանք չունեցողը: Դրա համար գործի է դրուել ողջ պետական մեքենան՝ մի կողմից քարոզելու, որ ճար ու հնար չկայ քան զիջել ինչ-որ մէզնից պահանջւում է, իսկ միւս կողմից՝ դա փաստելու եւ դրանում համոզելու համար անել ամէն ինչ կոտրելու մեր դիմադրութեան ոգին, սպառելու պայքարի հնարաւորութիւնները եւ ժողովրդին պահելու անճարութեան մէջ:

Ինչպէս է դա կատարւում:

Դեռեւս 1988թուականից սկսած մեր նորագոյն պատմութեան ընթացքում ձեւաւորուած երկու հայկական պետութիւնների ազատութիւնը, անկախութիւնը եւ միասնականութիւնը ձեռք է բերուել եւ պահպանուել Հայաստանի եւ Արցախի անկախութեան մասին հռչակագրերի, Հայաստան- Արցախ-Սփիւռք եռամիասնութեան, մարտունակ բանակի, եկեղեցու եւ համազգային կառոյցների շնորհիւ: Այս իշխանութիւնները համարելով դարակազմիկ եւ գերակայ նշանակութիւն վերագրելով 2018թուականի իրադարձութիւններին՝ հետեւողականօրէն նսեմացրել են այս համազգային ձեռքբերումներն ու մսխել դրանք: Հիրաւի մեր օրերում արդէն անկախութեան վերոնշեալ հռչակագրերը մերժուած են եւ արհամարհուած, յաղթանակած բանակը՝ պարտուած եւ վարկաբեկուած, եռամիասնութիւնը՝ խաթարուած եւ պառակտուած, եկեղեցին եւ համազգային կառոյցները՝ հետապնդուած եւ հալածուած:

Ըստ այդմ՝ թշնամու երազած լաւագոյն պայմանները ստեղծուած են: Եւ այս վիճակը ստեղծած վարչախումբը հանրութեանը ուզում է համոզել, թէ այլընտրանք չկայ եւ եթէ կայ մէկը, որ ստեղծուած վիճակում կարող է մի բան անել, դա հէնց իրենք են:

Իսկ այս իշխանութեան օրօք անելու մէկ բան է մնում, որի մասին օրնիբուն խօսում են այս իշխանութիւնները՝ ստորագրել մի կապիտուլեացիայ եւ այն հանրութեանը մատուցել որպէս խաղաղութեան պայմանագիր: Դրա համար անհրաժեշտ է՝ նախ եւ առաջ տարանջատել Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան խնդիրները եւ ազատուել Արցախի հարցից: Փոխարինել ինքնորոշման իրաւունքը համամարդկային ընդհանուր իրաւունքներով, իսկ հակամարտութիւնը կարգաւորելու միջազգային բանակցային ձեւաչափը փոխարինել Բաքու-Ստեփանակերտ միջազգային ինչ-որ անորոշ մեխանիզմներ ենթադրող շփումներով:

Ակնյայտ է, որ այսպիսի պայմաններով ձեռք բերուած խաղաղութիւն կոչուածով Արցախը շատ արագ կը հայաթափուի եւ կուերածուի Նախիջեւանի, բայց առանց որեւէ կարգավիճակի:

Իսկ Հայաստանի ապագայի հարցում այս իշխանութիւնները մէզ ուզում են համոզել , որ այլ լուծում չկայ եւ հայ ժողովրդի ընտրութիւնը ըստ էութեան այլեւս վատի եւ վատթարագոյնի միջեւ է, բնականաբար ոչ թէ իրենց, այլ նախկինների պատճառով: Ըստ այդմ, վատթարագոյնը պատերազմով ամէն ինչ կորցնելն է, իսկ վատը, որ մեր պարագայում լաւագոյնն է, բաւարարել Ադրբեջանի պահանջները եւ պահպանել թեկուզեւ առանց սեփական ինքնիշխան պետութիւն ունենալու գոնէ հայերի գոյութիւնը այն տարածքների վրայ, որը յօժարակամ մէզ կտրամադրէն Անկարան եւ Բաքուն:

Արդէն Բաքուից յայտնել են ոչ թէ 29800 քառ.կմ-ի մասին, այլ միայն 29000-ի եւ սա եթէ մենք ըստ Ալիեւի մէզ ճիշտ պահէնք:

Եւ ահաւասիկ, մէզ համոզում են, որ այս հեռանկարը այլընտրանք չունի:

Աեօ, չունի, եթէ ազգովի թոյլ տանք, որ խորացուէն այն ազգակործան խզումները, որոնք մասնատում են մեր ներուժը եւ օր օրի ցամաքեցնում մեր սեփական ուժի աղբիւրները: Դրանք հիմնականում երեքն են, որ առաջացել են բացառապէս այս իշխանութիւնների գործունէութեան հետեւանքով.

Խզում Առաջին

Այս իշխանութիւնները իրենց քայլերով եւ մասնաւորապէս առաջնորդուելով 1991թուականի Ալմայ-Աթայի յայտնի հռչակագրով առանց միաժամանակ վկայակոչելու Հայաստանի Գերագոյն խորհրդի կողմից դրա վաւերացման ժամանակ կատարած համապատասխան վերապահումը, աննախադէպ վնաս են հասցրել մեր ազգային-պետական շահերին եւ առաջին անգամը լինելով խզում են առաջացրել Հայաստանի եւ Արցախի պաշտօնական դիրքորոշումների միջեւ:

Սա իր հերթին խզումներ է արձանագրել Հայաստան-Արցախ – Սփիւռք եռամիասնութեան մէջ՝ արժեզրկել դրա նշանակութիւնն ու իմաստը եւ խափանել միասնական պայքարի հնարաւորութիւնը:

Խզում Երկրորդ

Այսօր համաշխարհային մասշտաբներով ընթացող Ռուսաստան- Արեւմուտք առճակատումը թոյլ տալով ուղղակի կամ անուղղակի կերպով ներթափանցել մեր տարածք՝ գործող իշխանութիւնները մեր երկիրը վեր են ածում աշխարհաքաղաքական կործանարար բախումների թատերաբեմի եւ ճակատագրական խզումներ առաջացնում Հայաստանի եւ մեր ռազմավարական դաշնակիցների միջեւ, ի դէպ՝ թէ մէկ եւ թէ միւս ճամբարներում:

Խզում Երրորդ

Արցախի եւ ազգային այլ հարցերով խոստումներ տալով ժողովրդից ընտրութիւնների ժամանակ մանդատ ստանալ եւ դրան անհամապատասխան եւ հակառակ գործելը առաջացրել է իշխանութիւն- ժողովուրդ կապի խզում եւ բերել է լեգիտիմութեան կորստի:

Այսպիսի, ըստ էութեան տեկտօնական խզումները ինքնին բաւարար են պետական եւ քաղաքական բնոյթի կործանարար երկրաշարժեր առաջացնելու համար:

Եւ ուրեմն ինչ պէտք է անել կանխելու համար այս կործանարար ընթացքը եւ դուրս բերելու մեր երկիրը այս ցուգցուանգային թուացող իրավիճակից:

Նախ եւ առաջ անյապաղ վերացնել վերոնշեալ խզումները եւ չստորագրել իր բնոյթով կապիտուլեացիոն որեւէ փաստաթուղթ , որը կվտանգի Հայաստանի եւ Արցախի լինելութեանը:

Իսկ եթէ իշխանութիւնները հակաճառէն` թէ մենք չստորագրելու տարբերակ անգամ չունենք , ապա դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ խոստովանութիւն, որ գործ ունենք հէնց կապիտուեացիայ կոչուող փաստի հետ:

Տեղին է յիշեցնել, որ Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող որեւէ անձի կողմից Սահմանադրութեամբ եւ օրէնքներով նախատեսուած ընթացակարգերի խախտումներով ստորագրուած քաղաքական կամ ռազմական բնոյթ ունեցող որեւէ փաստաթուղթ առոչինչ է եւ քրէաիրաւական հետապնդման հիմքեր է առաջացնում:

Հետեւաբար, քանի դեռ ուշ չէ անհրաժեշտ է անմիջապէս կասեցնել այս ինքնակործանման գործընթացը: Դրա համար պէտք է արմատապէս փոխել երկրի կառավարման ներքին եւ արտաքին քաղաքականութեան ուղենիշները եւ շարժուել դէպի համազգային ձեռքբերումների եւ շահերի պաշտպանութեանն ուղղուած ազգային պետական ուղեգծով:

Ըստ այդմ, կրկնեմ՝ նախ եւ առաջ անյապաղ վերացնել վերոնշեալ խզումները.

Ներազգային ճակատում`

վերականգնել եռամիասնութիւնն ու մեր հաւքական ուժը եւ հրատապ կարգով լուծել երկրի պաշտպանութեան եւ անվտանգութեան խնդիրները:

Արտաքին ճակատում`
ապահովել մեր կենսական զիջումները բացառելուն ուղղուած ռազմավարական գործընկերների համապատասխան զօրակցութիւնը:

Ակնյայտ է, որ գործող իշխանութիւնները շարժւում են բոլորովին այլ ճանապարհով:

Հետեւաբար, երկրի մարտաւարութեան մէջ այսպիսի շրջադարձ առաջացնել հնարաւոր է միայն ձեւաւորելով դա կատարելու ընդունակ նոր կառավարութիւն, քանի դեռ չենք անցել անշրջելիութեան բոլոր կէտէրը:

Share