Քաղաքական ընդդիմութեան վարկանիշը եւ անհատների պոռթկումը մի համեմատեք իրար հետ. Արթուր Խաչատրեան

Քաղաքական ընդդիմութեան վարկանիշը եւ անհատների պոռթկումը մի համեմատեք իրար հետ. Արթուր Խաչատրեան

Hraparak.am

Ընդդիմութիւնը կմասնակցի այսօրուայ ԱԺ արտահերթ նիստին, որին ներկայացուելու է կառավարութեան հնգամեայ (2021-2026 թթ.) ծրագրի 2022թ․ կատարման զեկոյցը։ Յիշեցնենք․ տեւական ժամանակ է՝ ընդդիմադիրները չէն մասնակցում ԱԺ-կառավարութիւն հարցուպատասխանին։ Ո՞րն է տարբերութիւնը, որ կառավարութեան հետ ԱԺ հարցուպատասխանին ընդդիմադիրները չէն մասնակցում, իսկ այսօրուայ նիստին ներկայ գտնուելու որոշում են կայացրել։ Գուցէ հանրութեան ստուար զանգուածների քննադատութիւնների՞ց են հետեւութիւն արել։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Հրապարակ»-ը  զրուցել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հետ։

— Ընդդիմութեան ներկայացուցիչներն ԱԺ-կառավարութիւն հարցուպատասխաններին չմաս- նակցելը բացատրում էին նրանով, որ չեք ուզում Փաշինեանին հարց տալ, որ ինքն էլ չմանիպուլացնի, փաստերը խեղաթիւրի եւ ձեր դէմ պտտի։

— Այսօրուայ նիստին մասնակցելու ենք, որովհետեւ ծրագրի կատարողականի մասին հաշուետուութիւնը ներկայացւում է տարեկան մէկ անգամ։ Իսկ մենք որեւէ ընթացակարգով ստիպուածութիւն, պարտադրանք չունենք։

— Այսինքն՝ այս նիստի՞ն էլ հարցեր չեք տալու Փաշինեանին։

— Օրը կը գայ՝ բարին էլ հետը։

— Իսկ գուցէ նիստին մասնակցելու որոշման վրայ ազդել է հանրային կարծիքը, մենք տեսնում ենք, որ յատկապէս վերջին շրջանում երկրում բողոքի մթնոլորտ կայ, մի տիկին անձրեւանոց է շպրտում վարչապետի վրայ, մի դիզայներ թոյլ չի տալիս, որ Ադրբեջանի դրօշը ծածանուի մեր մայրաքաղաքում, իսկ ի՞նչ է անում ընդդիմութիւնը: Ոչի՞նչ, որ դրա համար էլ ձեզ քննադատում են ոչ պակաս, քան իշխանութիւններին։

— Գիտեք, ոմանք խօսում են, ոմանք չէն խօսում, քաղաքական ընդդիմութեան վարկանիշը եւ անձերի, անհատների պոռթկումը մի համեմատեք իրար հետ։ Բայց ընդդիմութիւնն իր մարտավարութիւնը, ռազմավարութիւնը մշակելիս, բնականաբար, հաշուի է առնում հանրային տրամադրութիւնները։

— Ես հէնց դա եմ ասում՝ կայ հանրային տրամադրութիւն, բողոքի ալիք․․․

— Միշտ էլ եղել են նման տրամադրութիւններ, միշտ էլ կը լինէն որոշակի հատուածներ, որոնք ընդդիմութեանը ներկայացնելիս դժգոհ կը լինէն։

— Ես խօսում եմ հանրային պահանջի մասին, որ մարդիկ պայքարում են, ինքնակազմակերպւում, իսկ ձեզ մօտ չի հասկացւում՝ ո՞րն է «զադդերժկայի» պատճառը․ եթէ մալիշկացի մի կին անձրեւանոց նետելու ռիսկի է գնում, ընդդիմութիւնն ինչո՞ւ նոյնը չի անում։

— Ի՞նչ ռիսկի` անձրեւանո՞ց նետելու։

— Նետուէք ձեր խոստումներն իրականացնելու գործին, դուք էիք, չէ՞, 2021-ին խոստանում, թէ նպատակն օր առաջ իշխանափոխութիւն անելն է։

— Ընդդիմութիւնն իր արսենալում բազմաթիւ գործիքներ ունի, որոնցից մէկը դժգոհութեան հանրային ակցիան է, որոնք կկիրառուէն ըստ անհրաժեշտութեան։

— Դուք, փաստօրէն, այլ գործիքներ կիրառո՞ւմ եք, թե՞ համարում եք, որ խորհրդարանի նիստէրին գտնուելն ու գործուղումներին գնալը իշխանութիւններին հեռացնելու ճանապարհն է։

— Այս պահին մեր գործիքակազմից օգտագործում ենք հանրային հանդիպումներ, հանրային դժգոհութեան ակցիաներին աջակցութիւն ենք ցուցաբերում, մասնակցութիւն։

— Գուցէ առանց լիդեր եք մնացել, դրա համար եք այսպէս անծրագիր, ակտիւ չեք: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը տեւական ժամանակ Գերմանիայում էր, ճիշտ է` օրերս վերադարձել է, ու գուցէ նրա վերադարձով է պայմանաւորուած, որ կրկին ակտիւանում եք։

— Ղեկաւարի ներկայութիւնն աշխարհագրօրէն շատ քիչ բան է փոխում, որովհետեւ կայ ղեկավար, կուսակցութեան ղեկավար․․․ այստեղ է, թէ այստեղ չէ, դա կուսակցութեան երկարաժամկէտ ռազմաւարութեան-մարտաւարութեան, միջնաժամկէտ մարտաւարութեան վրայ չի ազդում։ Երկրորդը. նորից եմ կրկնում․ ընդդիմութիւնը խորհրդարանական ֆրակցիայ ունի, իր արսենալում լայն գործիքակազմ, որն օգտագործում է ըստ անհրաժեշտութեան՝ վերլուծելով արտաքին եւ ներքին միջավայրերը։

— Խորհրդարանական սահմանափակ լծակներից ամենաշատը դուք եք բողոքում, բազմիցս լսում ենք, որ այսինչ կառոյցի ընտրութեանը թեկնածու չեք առաջադրում, անգամ նախագահի թեկնածու չներկայացրիք՝ ասելով, թէ չունեք մեծամասնութիւն, հիմա կարծում եք, որ խորհրդարանական լծակներով հնարաւո՞ր է իշխանափոխութեան հասնել։

— Խորհրդարանում անում ենք այն, ինչ այդ պահին համարում եք արդիւնաւետ, հիմա գնալ նախագահի ընտրութեան՝ իմանալով, որ թեկնածուդ չի անցնելու, ի՞նչ իմաստ ունի։

— Բայց չէ՞ որ դուք ընտրողին իշխանափոխութեան խոստում եք տուել, խորհրդարանական լծակները կիրառելով կարողանալո՞ւ եք հասնել դրան։

— Գալիս ենք՝ իշխանութիւն փոխելու ընտրութիւնների միջոցով, հիմա իշխանութիւն փոխելու համար պիտի համատեղել խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարի միջոցները։

 — Ե՞վ…

— Իշխանութիւն փոխելը նախընտրական խոստում է․ 2021-ին 26 կուսակցութիւն եւ դաշինք են մասնակցել, 26-ից մի մասը գալիս էր ներկայութիւն ապահովելու համար, մի մասը՝ որպէսզի ճանաչելի դառնան, մի մասը գալիս էր իշխանութիւն ձեւաւորելու համար, մեր նպատակը եւս եղել է իշխանութիւն ձեւաւորելը, ընտրութիւններին յաջողութեան չհասանք։

— Եթէ չհասաք, պիտի սպասեք հաջո՞րդ ընտրութիւններին։

— Իշխանափոխութեան գործողութեան հասնելու համար խորհրդարանական եւ արտախորհրդարանական պայքարի միջոցներ կան։

— Ինչ-որ պահից դուք որդեգրել եք միայն խորհրդարանականը, արտախորհրդարանական գործողութիւններ չկան, ինչո՞ւ։

— Եթէ այսօր չի երեւում, չի նշանակում, որ ընդհանրապէս չկայ։

— Ինչո՞ւ չի երեւում:

— Որովհետեւ այս պահի դրութեամբ արտախորհրդարանական ակտիւ միջոցառում անցկացնելու վերաբերեալ ունենք մի քիչ այլ մօտեցում, քան թէ դուք։

— Այսինքն՝ ձեր եւ հասարակութեան մօտեցումները, փաստօրէն, չէն համընկնում, բոլորը տեսնում են, որ մարդիկ պոռթկում են, դուք ասում եք․․․

— Հասարակութեան մի մասն ունի բողոք։

— Չե՞ք կարծում, որ ընդդիմութեան շնորհքն էլ դրանում է, որ այդ մի մասի բողոքը բազմապատկի։

— Ոչ, արդիւնքի հասնելու համար գործիքակազմի ճիշտ ընտրութեան խնդիր կայ։

— Կարծում եք՝  ճի՞շտ ընտրութիւն եք անում, որ խորհրդարանական գործիքակազմն եք միայն կիրառում։

— Իսկ ո՞վ ասաց, որ դա ճիշտ չէ։

— Գուցէ մտքափոխուե՞լ եք, կարծում եք` իշխանութիւնն այնքան էլ վատը չէ, եւ այս պայմաններում ով էլ լինէր, նոյնկերպ էր լինելու, որ իրականում դաւաճան չէն, ինչպէս ձեր խմբակցութիւնից ոմանք են ասում։

— Մի մանիպուլացրեք, նման կարծիք որեւէ մէկը չի յայտնել։

Share