Հայաստանում ձեւաւորւում է մի նոր տեսակի հայ

Հայաստանում ձեւաւորւում է մի նոր տեսակի հայ

Պատրիկ Ազատեան

Ֆէյսբուքի գրառումներ

Հայաստանում ձեւաւորւում է մի նոր տեսակի հայ:

Եթէ այս «նոր հայը» նախկինում մասնակցում էր կաշառակերութեան կամ առնուազն աչք էր փակում կաշառակերութեան, հիմա նա դարձել է ժողովրդավարութեան ջատագով. մի այլ հարց որ նա ժողովրդավարութեան եւ ազատականութեան (լիբերալիզմի) հիմնական սկզբունքներից բան չի հասկանում: Օրինակի համար, նա իր մտքում արդարացնում է մի մարդու երեսին թքելը որովհետեւ նրան ասում են որ այդ թուքին «արժանի» անձը ոչ միայն «սփիւռքահայ» է եղել ու «օտարեկրացի», այլ նաեւ՝ «երիտասարդ» ու դաշանակցական:

Նրան թւում է որ Երեւանի կենտրոնում Սակուրաներ ցանելով մենք «զարգացած» ազգերին աւելի ենք մօտենում: Երեւանը միաժամանակ Դիզնիլենդ ու Լաս Վեգաս դարձնելով առաջադէմ ենք դառնում: Ոստիկանը պատկանում է այս «նոր հային» ու նրա ընտրած ղեկավարութեան, այլ ոչ թէ օրէնքին ու արդարադատութեան:

Սա է «նոր հայը»՝ բալշեւիկեան ուղեղով ու ադաթներով օժտուած, կեղծ լիբերալիզմի դրօշով փողոց դուրս եկած հայը: Նրա համար շատ աւելի հաճելի է շփուել ռուս ու պարսիկ զբօսաշրջիկների հետ քան սերունդներ շարունակ ձուլման դէմ պայքարած սփիւռքահայի կամ հայրենադարձի հետ որովհետեւ նրա կարճ խելքով, առաջին երկուսը գումար են բերում երկրին առանց որեւէ հարցուփորձի, պայմանների ու սրտցաւութեան:

Նրանց համար Հայաստանը կամ կայֆերի բաւարարման կենտրոն է կամ էլ ժամանակաւոր բնակման վայր ու դա մեր «նոր հային» ձեռք է տալիս: Այս «նոր հայը» հայրենասէր է բայց նրա հայրենիքը ազատ շուկան է: Նրա համար հայրենիքի պատկերացումն այնտեղ է ուր նա կարող է լիովին օգտուել ազատ շուկայի հնարաւորութիւններից ու եթէ իր մտքում այդ երազանքին խանգարում է մեր պատմութիւնը, սփիւռքն ու սփիւռքահայը, Արցախն ու սահմանամերձ գիւղերի գոյութիւնը, նա պատրաստ է մի օր առաջ հրաժարուել այդ բոլորից:

Share