Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան բաց նամակը Ազգային Առաջնորդարանին

Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան բաց նամակը Ազգային Առաջնորդարանին

Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում տեղի ունեցած միջադէպի կապակցութեամբ, որի ընթացքում արգիլուել էր երիտասարդների Ապրիլ 24-ի միջոցառման թռուցիկը բաժանել եկեղեցու բակում այսօր Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Վարչութիւնը բաց նամակով դիմել է Ազգային առաջնորդարանին:  

Նամակում ասուած է, որ բաժանուող թռուցիկները միմիայն վերաբերում էին Ապրիլ 24ի համար նախատեսուած Rally for Humanity հաւաքին և ուրիշ ոչինչ: ապա աւելացնում որ սա ընդունուած ձև է եղել անցնող տարիներում, որը կիրառուել է տասնամեակներ շարունակ հէնց նոյն վայրում: ՀԵԴի հանրահաւաքը համայնքի Հայոց Ցեղասպանութեան միասնական յանձնախմբի(AGC) կողմից աջակցուող միջոցառում է, որտեղ ներգրաւուած են երկու կազմակերպութիւնները՝ թէ Ազգային Առաջնորդարանը և թէ ՀԵԴն:

Անընդունելի միջադէպը տեղի է ունեցել, երբ մեր երկու ՀԵԴականներին մօտեցել են անհատներ, ովքեր պնդել են, որ տնօրինում են եկեղեցու տարածքը, եւ նրանց ասել որ ազատեն տարածքը: Նամակում նշուած է նաև որ, այս նոյն անձինք՝ Վաչէ Յարութիւնեան, Գարեգին Քարազեան, Գրիգոր Գազանճեան եւ Երուանդ Թոփալաքեանը, նոյնպէս մաս են կազմում մի Գլենդելի անօրինական խմբին, որը պնդում է, որ Արեւմտեան Միացեալ Նահանգների Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է: Չնայած ՀԵԴականների բացատրութեանը, որ իրենք յստակ թոյլտուութիւն ունեն AGC-ում Առաջնորդարանի ներկայացուցչից, որն իր հերթին տեղեկացրել է Առաջնորդ Սրբազանին եւ հաւանութիւն ստացել տարածելու թռուցիկները ապրիլի 24-ի կապակցութեամբ, նշեալ անձինք, պնդել են, որ իրենք եկեղեցու պատասխանատուն են և հրամայել են  պահակներին հեռացնել բոլոր թռուցիկները եւ նետել դրանք աղբի արկղը՝ միաժամանակ անյարգալից վերաբերմունք ցուցաբերելով եւ վախեցնելով ՀԵԴ երիտասարդ անդամներին:

Նամակի մէջ ՀՅԴ Կենտրոնական Վարչութիւնը խնդրում է ազգային առաջնորդարանից  յստակացնել իրենց դիրքորոշումը այս հարցում հետեւեալ գործողութիւններով՝

1. Դատապարտել ՀԵԴի դէմ ձեռնարկուած այս գործողութիւնները, որովհետեւ իրենց բնոյթով այս գործողութիւնները ուղղակիօրէն հակասում են մեր հաւաքական Դատին:

2. ՀԵԴ Կենտրոնական Վարչութիւնը խնդրում է ձեզ վերահաստատել, որ ՀԵԴի բոլոր անդամներին թոյլատրւում է գտնուել Առաջնորդարանի իրաւասութեան ներքոյ գտնուող ցանկացած տարածքում եւ կարող են խթանել ապրիլի 24-ի միջոցառումները, մասնաւորապէս՝ յանուն մարդկութեան հանրահաւաքը՝ առանց յետագայ սահմանափակումների:

3. Կենտրոնական Վարչութիւնը նաեւ յարգանքով խնդրում է, որ Ս. Աստուածածին Հայ Առաքելական Եկեղեցին իր աշխատակիցների՝ Գրիգոր Գազանճեանի եւ Երուանդ Թոփալաքեանի անունից պաշտօնական եւ հրապարակային ներողութիւն խնդրի ՀԵԴ-ից, որի անդամներին կոպտօրէն արգելուել է թռուցիկների բաժանումը եւ

4. Վերջապէս, որ Առաջնորդարանին եւ Ս. Աստուածածին եկեղեցու կողմից շօշափելի քայլեր ձեռնարկուեն, որպէսզի այլևս պաշտօն չունեցող անհատներ, ինչպէս՝ Վաչէ Յարութիւնեանը եւ Գարեգին Քարազեանը, եկեղեցւոյ անունից գործողութիւններ չկատարեն:

Շնորհակալութիւն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրութեան համար։ Կենտրոնական Վարչութիւնը յուսով է շարունակել միասին աշխատել՝ յետագայում միաւորելու եւ մեր հայ համայնքի երիտասարդութեան ջանքերն անարգել պահպանելու համար:

Share