Դատախազը կարող է ՔՊ որոշ պատգամաւորներին թմրամոլութեան տարածման համար պատուոգրեր տալ. Սաղաթելեան

Դատախազը կարող է ՔՊ որոշ պատգամաւորներին թմրամոլութեան տարածման համար պատուոգրեր տալ. Սաղաթելեան



ՀՀ գլխաւոր դատախազութիւնը ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Սահակեանի նկատմամբ հանրային քրէական հետապնդում յարուցելու համաձայնութիւն է հայցել խորհրդարանից։

Ըստ Քննչական կոմիտէի՝ մարտի 31-ին պատգամաւորների մասնակցութեամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամաւոր Մհեր Սահակեանը «անհիմն դիտողութիւն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան անդամ Վլադիմիր Վարդանեանին բարձր տօնով խօսելու համար, ապա մօտեցել եւ աջ ձեռքում գտնուող ինչ-որ առարկայով մէկ անգամ հարուածել նրա ձախ յօնքին, որի հետեւանքով իշխանական պատգամաւորը վայր է ընկել։

Այս մասին 24News-ը մեկնաբանութիւն խնդրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանից, որն աշխատանքային այցով գտնւում է ԱՄՆ-ում:

«Հաշուի առնելով օրուայ իշխանութեան եւ իրաւապահ համակարգի գործունէութիւնը` մէզ համար անակնկալ չէ դատախազի միջնորդութիւնը: Ակնյայտ է, որ դատախազութիւնը՝ ի դէմս դատախազի եւ քննչական կոմիտէի, Նիկոլի ձեռքին դարձել են բութ գործիք ընդդիմադիրների նկատմամբ հաշուեյարդար տեսնելու համար: Հարուցուած քրէական գործը ՔՊ պատգամաւորների կեղծ ցուցմունքների հիման վրայ կարուած գործ է, իսկ իրաւապահ համակարգը շարունակում է գործել երկակի ստանդարտներով»,- նշեց Սաղաթելեանը:

Անդրադառնալով օրեր առաջ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի մասնակցութեամբ միջադէպին, երբ նա թքել էր իրեն դաւաճան անուանած քաղաքացու դէմքին եւ օրեր անց ներողութիւն խնդրել, բայց այդ միջադէպին իրաւական գործընթաց չէր յաջորդել, Սաղաթելեանը նշեց. «Առաջարկում եմ՝ գլխաւոր դատախազը ԱԺ-ը չգայ դատարկաձեռն, երբ ներկայացնի Մհեր Սահակեանին անձեռմխելիութիւնից զրկելու հարցը, նոյն նիստի ժամանակ կարող է միաժամանակ Ալէն Սիմոնեանին պետական ինստիտուտների պատիւը բարձր պահելու համար յանձնի շքանշան, կամ կարող է Աժ դահլիճում այդ նոյն նիստի ժամանակ ՔՊ որոշ պատգամաւորների՝ մեր երկրում թմրամոլութիւնը տարածելու համար պատուոգրեր ու շքանշաններ բաժանի կամ ընդդիմադիր պատգամաւորների օգնականների վրայ յարձակուած պատգամաւորներին խրախուսի՝ երկրում օրինականութեան ապահովման ու ամրապնդման համար:

Զաւեշտալի ու ծիծաղելի իրավիճակ է, պէտք է իշխանութեանը յիշեցնել, որ ադրբեջանցիները այսօր յայտնուել են Սիսիանի հայկական ընտանիքներից մէկում, թշնամին գտնւում է Սիւնիքում, Տեղ գիւղում, Ջերմուկում, Վարդենիսում, իսկ Արցախի մեր հայրենակիցները շուրջ 4 ամիս գտնւում են շրջափակման մէջ, եւ դրա մեղաւորն ու պատասխանատուն օրուայ իշխանութիւնն է», նշեց նա։

Share