Փաշինեանի նկատմամբ ոչ մի լուրջ ընկալում գոյութիւն չունի Ֆրանսիայում. Հրաչ Վարժապետեան

Փաշինեանի նկատմամբ ոչ մի լուրջ ընկալում գոյութիւն չունի Ֆրանսիայում. Հրաչ Վարժապետեան

Վերջերս ադրբեջանական լրատուամիջոցներից մէկին տուած հարցազրոյցում ֆրանսիացի պատմաբան եւ թուրքամէտ հետազօտող Մաքսիմ Գաուինը խօսել է Դաշնակցութեան «տեռորիզմի» մասին, եւ այդ համատեքստում ակնարկել. «Մենք նոյն բանը տեսնում ենք այսօր: Այդ մարդիկ ցանկանում են սպանել Նիկոլ Փաշինեանին: Եւ ոչ թէ նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակի համար, որը քննարկման ենթակայ չէ: Ոչ, այդ մարդիկ չէն ցանկանում խօսել ո՛չ ինքնաւարութեան, ո՛չ էլ Շուշին եւ Ստեփանակերտը տեսնում են Ադրբեջանի կազմում: Այդ նոյն դաշնակները ժամանակին «սպանել» (չակերտները՝ Մ.Պ.-ի) են հայերի, որոնք լոյալ վերաբերմունք են ունեցել Օսմանեան կայսրութեան նկատմամբ»:

Նոյն ժամանակում դաշնակցական տարբեր գործիչների դէմ տարաբնոյթ սադրիչ իրավիճակներ են ստեղծւում իշխանութիւնների կողմից, եւ իշխող կուսակցութեան ներկայացուցիչներն ինչ-ինչ մեղադրանքներ են հնչեցնում նրանց հասցէին:

Յիշէնք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վլադիմիր Վարդանեանի եւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Սահակեանի միջեւ տեղի ունեցած միջադէպը, եւ թէ ինչ ձեւով էր ոստիկանութիւնը տարել Սահակեանին խորհրդարանից, նրան նոյնիսկ ձերբակալել էին, յետոյ ազատ արձակել:

Վերջին դէպքն արձանագրուել է ապրիլի 2-ին, երբ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալէն Սիմոնեանը Կասկադում իրեն դաւաճան անուանելու համար նախ հրայեանգել էր բռնել սփիւռքահայ հայրենադարձ գործարար Կարէն Մկրտչեանի ձեռքերը, նրան ասել էր` դաւաճանը մայրդ է, ապա թքել վերջինիս աչքին։ Սրան նոյնիսկ արձագանքել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը՝ նշելով, որ «թքել բառը երբ հնչում է պետական բարձրագոյն պաշտօնեաներից մէկի շուրթերից, առաւելեւս՝ երբ նրա կողմից վերածւում է կոնկրէտ գործողութեան, ապա դա արդէն պետութեան վերջն է»։

Այս եւ այլ իրողութիւնների շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Եւրոպայի ներկայացուցիչ, Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետեանի հետ:

– Առաջին հերթին ասեմ, որ երբեք զարմանալի ու անակնկալ չէ Ալէն Սիմոնեանի փողոցային պահուածքը, որին մեր ժողովուրդը ծանօթ է վաղուց: Ինչ վերաբերում է հարցին, թէ ինչ արձագանք գտաւ այն Սփիւռքում, մասնաւորապէս՝ ֆրանսահայերի շրջանում, նշեմ, որ ոչ միայն Սփիւռքում, այլեւ Հայաստանում հաւասարապէս բարձրացաւ դատապարտումի ալիք, արարքը որակուեց քաղաքական բարձրաստիճան գործչին ոչ հարիր, ինչպէս նաեւ ժողովրդաւարութեան հիմնական սկզբունքի՝ խօսքի ու մտքի ազատութեան ոտնահարում՝ օրն ի բուն ժողովրդավարութիւնից ճառող իշխանութեան կողմից թոյլ տրուած: Կարէն Մկրտչեանի նկատմամբ Սիմոնեանի պահուածքն ամբողջ ամփոփումն է ընդդիմադիր հայեացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ այս իշխանութիւնների վարած խտրական բացայայտ քաղաքականութեան: Յաւելեմ՝ վստահ եմ, որ նմանօրինակ երեւոյթները, դժբախտաբար, շարունակուելու են այնքան ժամանակ, քանի դեռ իր յայտնի վարքագծով այս կլանը իշխանութեան ղեկին է: Ես իրապէս ցաւում եմ եւ ամաչում, որ մեր Հայրենիքի համար այս դժնդակ օրերին, մեր պետութիւնը ղեկավարելու կոչուած ամբողջ խմբակը զբաղուած է նման հարցերով:

– Արդեօ՞ք սա հէնց ՀՅԴ-ի դէմ է՝ հաշուի առնելով նաեւ դաշնակցական գործիչների մուտքի արգելքը Հայաստան, օրինակ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը 2022թ. յուլիսի 14-ին ժամանել էր ՀՀ, սակայն «Զուարթնոց» օդանաւակայանի սահմանային անցման կէտում իրաւասու աշխատակիցները չէին թոյլատրել վերջինիս մուտքը Հայաստան՝ միայն պատճառաբանելով, թէ ինքն ընդգրկուած է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։

– Աեօ, յատկապէս Դաշնակցութեան ու դաշնակցական գործիչների նկատմամբ է այս վարքագիծը, որը, ի դէպ, նոր չէ, այլ՝ այս կլանի իշխանութեան գալու առաջին իսկ օրից: Անձամբ ես չէի տարբերակի Սփիւռքի գործիչներ հասկացողութիւնը, այլ՝ դաշնակցական գործիչներն ընդհանրապէս: Զուգադիպութեօ՞ւն էր, օրինակ, պատգամաւոր Մհեր Սահակեանի հետ տեղի ունեցած միջադէպն ԱԺ-ում եւ Կարէն Մկրտչեանի հետ պատահարը նոյն օրերին, կամ՝ սփիւռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքի արգելքը եւ նոյն ժամանակ՝ ՀՀ-ում դաշնակցական գործիչների ձերբակալութիւններն ու նրանց բնակարանների խուզարկութիւնները: Բնականաբար՝ ոչ: Այս բոլորն ուղղուած է Դաշնակցութեան դէմ: Ինչո՞ւ այս հալածանքը:

Պարզ է: Որովհետեւ Դաշնակցութիւնը հայ քաղաքական կեանքում կազմակերպուած ազգային այն նկատառելի ուժն է, որն աշխարհով մէկ ունի իր կառոյցները, որոնցով ընդդիմանում եւ, մանաւանդ, կարող է արգելք հանդիսանալ այս իշխանութիւնների վարած ապազգային քաղաքականութեանը: Հայ-թուրքական յարաբերութիւնների, արցախեան հիմնահարցի, Հայ Դատի, հայկական պահանջատիրութեանը վերաբերող հարցերում՝ շրջանային թէ միջազգային քաղաքականութեան մէջ, իշխանութեան հետ հակոտնեայ դիրքերի վրայ է գտնւում ու գործում Դաշնակցութիւնը, ուստի նրա դէմ պաշտօնական Երեւանի տարբեր միջոցներով պայքարն ու հալածանքը՝ Հայրենիքից ներս թէ դուրս, ունի միայն վերոյիշեալ բացատրութիւնը:

– Անկախ Նիկոլ Փաշինեանի եւ Ֆրանսիայի նախագահ Մակրօնի հրապարակային ջերմ յարաբերութիւններից, Ֆրանսիայի իշխանութիւնների կողմից Նիկոլ Փաշինեանը լո՞ւրջ է ընդունւում, վստահո՞ւմ են նրան:

– Ինչպէս նշեցիք արդէն՝ անկախ հրապարակային չակերտեալ ջերմութեան կեղծ ցուցադրականութիւնից, ոչ մի լուրջ ընկալում գոյութիւն չունի այսօր Փաշինեանի նկատմամբ ընդհանրապէս ամէն տեղ, ու, յատկապէս Ֆրանսիայի մէջ: Բոլորը լաւ գիտէն նրա հարափոփոխ, լարախաղաց պահուածքը, որը ոչ մէկին վստահութիւն չի ներշնչում, բնականաբար, ո՛չ գործընկերներին, ո՛չ դաշնակիցներին, եւ ոչ էլ մանաւանդ թշնամուն:

– Այս ամէնը հաշուի առնելով, Հայաստան-Ֆրանսիայ, Ֆրանսիայ-Ադրբեջան յարաբերութիւններն ինչպե՞ս եք գնահատում այսօր:

– Ֆրանսիայ-Հայաստան յարաբերութիւններն անցնող ամբողջ 30 տարիներին միշտ էլ եղել են բարեկամական, հետեւաբար՝ այսօր եւս այն մնում է նոյնը՝ ոչ աւելի, ոչ պակաս: Սակայն հայ-ադրբեջանական վերջին պատերազմին՝ 44-օրեային, դրա ֆոնին, Փարիզը, ցաւօք, մնաց լուռ, գործնականօրէն ձեռնածալ, թէեւ նախագահ Մակրօնը մի քանի անգամ հայանպաստ յայտարարութիւններով հանդէս եկաւ, որոնք, սակայն, երբեք էլ խօսքից գործի չուերածուեցին:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայ-Ադրբեջան յարաբերութիւններին, ցաւօք, այն այսօր սերտ է աւելի, քան երբեք:

Պատճառը յստակ է. Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի հետեւանքով ստեղծուած քարիւղի՝ նաւթի տագնապը, որից կախեալ է ամբողջ Եւրոպան: Ռուսաստանից նաւթ չներմուծելու համար Ֆրանսիան թեքուել է դէպի Ադրբեջան եւ սիրաբանութեան մէջ է այսօր Բաքուի հետ: Եւ սա պատճառներից մէկն է, որ արցախեան օրակարգով պաշտօնական Փարիզը վարում է, այսպէս ասած, զգուշաւոր եւ ոչ բաւարար հայանպաստ դիւանագիտութիւն: Այս բոլորին զուգահեռ՝ առկայ է նաեւ Ադրբեջանին արբանեակ ծախելու-տրամադրելու ֆրանսիական կողմի ռազմական օժանդակութիւնը՝ հակառակ ֆրանսահայ համայնքի լոբբիստական բուռն ընդդիմութեան ու դժգոհութեան:

Հ.Գ.  Յաւելենք, որ 2020 թուականին պատերազմի օրերին տեղեկութիւններ եղան, որ Ֆրանսիան դադարեցրել է ՀՕՊ միջոցների վաճառքն Ադրբեջանին, ինչը վերականգնուել է փաստօրէն: Իսկ վերեւում յիշատակուած ադրբեջանական լրատուամիջոցներից մէկին տուած հարցազրոյցում ֆրանսիացի պատմաբան եւ թուրքամէտ հետազօտող Մաքսիմ Գաուինն ասել է նաեւ, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում բոլոր փորձերը՝ խափանել Ֆրանսիայի՝ Ադրբեջանի հետ ռազմական պայմանագրերը, չէն պսակուել յաջողութեամբ, եւ, որ սա աւելի կարեւոր է, քան ցանկացած բանաձեւ, որքան էլ այն անընդունելի լինի Ադրբեջանի համար:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Share