«Իմ կարծիքով, կան գաղտնի պայմանաւորուածութիւններ, գուցէ նաեւ ստորագրուած փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրութիւնը տեղեակ չէ, այլ նաեւ, հաւանաբար, քաղաքական էլիտան տեղեակ չէ եւ տարբեր առիթներով մենք անակնկալներ ենք ստանում». «Առաւոտի» զրուցակից ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը՝ Տեղ-Կոռնիձոր հատուածում ադրբեջանական առաջխաղացման մասին։
– Արցախի շրջափակման չորրորդ ամիսն է, ի՞նչ իրավիճակ է Արցախում, ինչպիսի՞ տրամադրութիւններ են:
– Ես պիտի փորձեմ համեմատութեան մէջ դնել շրջափակման առաջին օրերը եւ ներկայ օրերը. էութեան մէջ շատ տարբերութիւն չկայ՝ ճանապարհները փակ, հիմնականում օգտագործւում են ներքին ռեսուրսները, մատակարարումները, համեմատական կարգով եւ շատ սահմանափակ քանակութեամբ, ապահւուում են ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով, մարդկանց երթեւեկը՝ առողջապահական եւ ծայրագոյն անհրաժեշտութեան դէպքերում, եւս: Կայ մէկ տարբերութիւն. շրջափակման առաջին օրերին, պետական այրերը, քաղաքական շրջանակները, Արցախի ժողովուրդն այն կարծիքին էին, որ շրջափակումը մի քանի օրից կուերանայ, եւ մենք կ’ունենանք նոյն անխափան կապը ՀՀ-ի հետ, որը որ ունէինք, քանի որ այդ ամէնը երաշխաւորուած էր, կարծես թէ՝ 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ: Ցաւօք, մենք հիմա ականատեսն ենք հակառակ պատկերին. տեսնում ենք, որ երեք կողմերից մէկը՝ Ադրբեջանն, ամէն ինչ անում է ճանապարհը փակ պահելու եւ իր քաղաքական նպատակներն իրագործելու համար՝ սկսած Արցախի հայաթափումից, Արցախի ժողովրդին իր քաղաքացիներ անուանելուց, վերջացրած ճանապարհին՝ Հայաստանի եւ իրենց հասկացողութեամբ՝ Ադրբեջանի սահմանին, կամ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակէտ տեղակայելուց: Միւս կողմը՝ Հայաստանի իշխանութիւնները, չէն կարողանում ապահովել այն պահանջները, ինչը վերապահուած է իրենց եւ այդ առումով, մենք, իհարկէ, ունենք մեր ակնկալիքներն Արցախում, նաեւ դժգոհութիւնները: Եւ կայ երրորդ կողմը՝ ռուսական կողմը, որը նոյնպէս ունի իր պարտականութիւնները ու չի կարողանում ապահովել միջանցքով՝ արցախցիների անխափան ելքն ու մուտքը եւ կապը Հայաստանի հետ: Ամբողջ խնդիրը հոգեբանական վիճակի մէջ է. Արցախում տիրող ներկայ հոգեբանական վիճակը չես կարող համեմատել առաջին օրերի հետ՝ սկսած պայքարելու տրամադրուածութեան, դիմադրելու եւ այս ամէնին շուտ վերջակէտ դնելու մտայնութեան առումով:
– Տրամադրութիւնները հիմա անկումայի՞ն են:
– Այնուհանդերձ, ներկայումս չի կարելի արձանագրել, որ անկումային տրամադրութիւնն ամբողջապէս իշխում է, բայց, ընդհանուր առմամբ, կայ որոշակի հոգեբանական վիճակ, որի հետ կապուած մենք պէտք է համապատասխան հետեւութիւններ եւ եզրահանգումներ անենք:
– Փաստացի, եթէ փորձենք իրավիճակն աւելի հանրամատչելի նկարագրել՝ Հայաստանը չի ցանկանում իր պարտաւորութիւնները կատարել, ՌԴ-ն չի կարողանում ու դրանց ֆոնին Ադրբեջանն իր քմահաճոյքներն է առաջ մղում. օրինակ, երկու օր առաջ, երբ խախտել էին խաղաղապահների հետ համաձայնութիւնը եւ արգելել էին 27 արցախցիների մուտքը Արցախ՝ պահանջելով Արցախ մուտք ունենալու համար «ընդունել Ադրբեջանի քաղաքացիութիւն». ո՞ւր է տանում այս ճանապարհը:
– Այդ միջադէպն ընդամէնը մի փոքր դրուագ էր եւ ադրբեջանական կողմը հերթական անգամ ցոյց տուեց, որ իր որդեգրած քաղաքականութիւնից հրաժարուելու մտադրութիւն չունի: Այդ դրուագային պատկերն ամբողջապէս երեւան հանեց այն, որ ադրբեջանական կողմն անընդհատ խստացում է իր մօտեցումները, աւելի ագրեսիւ քաղաքականութիւն է որդեգրում օրէցօր եւ եթէ համեմատենք անցած երկու տարիների դինամիկան, տեսնում ենք, թէ ինչպէս է Ադրբեջանն օրէցօր խստացրել իր մօտեցումները: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանութիւններին եւ հայկական կողմին, ես չեմ կարող ասել, որ հայկական կողմը ջանքեր չի գործադրել. օրինակ, միջազգային կարեւորագոյն ատեաններում՝ ՄԱԿ-ի ԱԽ, Հաագայի դատարան եւ այլն, որոշ աշխատանքներ տարուել են, բայց դրանք բաւարար չէն: Մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանութիւնների կողմից տարուող քաղաքականութիւնը հետեւողական չի, միտուած չէ ամբողջապէս մեր ընդհանուր պատկերացումների եւ ընկալումների ապահովմանը եւ, ցաւօք, մենք նաեւ տեղեկացուած լինելով Արցախի իշխանութիւնների եւ ՀՀ իշխանութիւնների յարաբերութիւններին, քննարկուող հարցերին, տեսնում ենք, որ ՀՀ իշխանութիւնները շատ խորքային մօտեցումներ չէն ցուցաբերում: Այդ ամէնը երեւում է նաեւ ՀՀ վարչապետի՝ տարբեր առումներով հնչեցրած տեսակէտնէ- րից, խորհրդարանում երբեմն ծաւալուող քննարկումների ժամանակ՝ իշխող քաղաքական ուժի վարքագծից եւ նրանց կողմից ներկայացուած թեզերից: Կարծէս թէ, ամբողջ պատասխանատուութիւնը փորձում են թողնել ռուսական կողմի վրայ. ես չեմ ուզում ռուսական կողմի մօտեցումներն արդարացնել: Բնականաբար, ռուսական կողմը ունի իր առաքելութիւնը, իր պարտականութիւնը, բայց այս ամէնը նաեւ պէտք է դիտարկել երկուստեք: ՀՀ-ի կողմից ջանքերը եւս պէտք է աւելի խորացուէն:
– Հետեւաբար, գնում ենք յարաբերութիւնների սրման եւ տարածաշրջանից ՌԴ-ի դուրս մղմա՞ն:
– Մենք տեսնում ենք, որ ոչ միայն Արցախի հիմնահարցի հետ կապուած, այլ, ընդհանրապէս, տարածաշրջանում Արեւմուտքի կողմից յստակ քաղաքականութիւն է վարւում՝ ռուսական տարրը դուրս մղելու ուղղութեամբ եւ հիմնական հէնման կէտէրը Հայաստանն է եւ Արցախի Հանրապետութիւնը: Արեւմուտքի որդեգրած քաղաքականութեան աջակիցն են Թուրքիան եւ Ադրբեջանը ու մեծ ջանքեր են գործադրում ռուսական տարրը դուրս մղելու համար: Իսկ այդ քաղաքական գործընթացում Արցախը եւ արցախցիները կարող են յայտնուել բաւական ծանր կացութեան մէջ. դրա դառը պտուղները մենք ստանում ենք: Առանց այն էլ մի քանի ապտակ ստացել ենք, հերթական ապտակը եւս կարող ենք ստանալ. այս գործընթացի առաջին «շայառուն» Արցախն ու արցախցին են:
– Ի՞նչ, այսպէս ասենք, տեսք կ’ունենայ հնարաւոր հերթական ապտակը, մանաւանդ, եթէ նկատի ունենանք նաեւ Իրանի շուրջ սեղմուող օղակը. մօտալուտ բախումներ հնարաւո՞ր են:
– Դժուար է կանխատեսել, երբ չունես ամբողջական տեղեկատուութիւնը: Բաց աղբիւրներից ստացուող մեր տեղեկութիւնները, կարծում եմ, բաւարար չէն ամբողջական պատկերն ունենալու համար: Բայց մէկ բան ակնյայտ է. 2020 թուականի ղարաբաղեան 44-օրեայ պատերազմից յետոյ, Իրան-Ադրբեջան, Իրան-Իսրայել, Իրան-Թուրքիայ յարաբերութիւններն աւելի են սրւում եւ տարբեր դրուագներում, մենք ականատես ենք լինում յատկապէս Արեւմուտքի մղումներով, Իսրայել-Ադրբեջան-Թուրքիայ եռանկիւնու հակաիրանեան ակտիւ քայլերին ու Իրանին բախումների մէջ ներքաշելու միտումներին: Ես հեռու եմ այն մտայնութիւնից, որ Իրանը գործողութիւններ կարող է սկսել՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմը, տասնամեակներ շարունակ, իր տարածքից դուրս է ռազմական գործողութիւնների մէջ, իր սահմաններից ներս անվտանգային համակարգն ապահւում է՝ ի հաշիւ արտաքին ֆակտորների: Այս պարագայում, բախումների հաւանականութիւնը կարող է լինել միայն այն դէպքում, երբ Իրանի նկատմամբ սկսուի գործողութիւններ: Եւ այդ պարագայում, ԱՀ բռնազաւթուած տարածքները՝ Հադրութի շրջանում, Արաքսի հովտում, Ջրականի շրջանում, Կովսականի ենթաշրջանում տեղակայուած ադրբեջանայ-թուրքական, իսրայէլական, զինուորական ու քաղաքացիական օբյեկտները պլացդարմ են Իրանին հարուածելու համար. Իրանն այդ մասին բարձրաձայն է խօսում, նաեւ՝ Ադրբեջանին ու Իսրայելին ուղղուած մեղադրանքներով է խօսում: Միւս հիմնական հատուածը Սիւնիքն է եւ Սիւնիքի հետ կապուած հարցերն են: Իրանի պաշտօնական շրջանակներից քանիցս յայտարարուել է, որ դա կարմիր գիծ է եւ դրա հիմնական հետեւանքը Կապանում Իրանի հիւպատոսութեան բացումն է:
– Այս համատեքստում Տեղ-Կոռնիձոր հատուածում ադրբեջանական առաջխաղացումը եւ դիրքաւորումը ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծել եւ ի՞նչ վտանգ է սպառնում:
– Շատ ակնյայտ երեւում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան պայմանաւորուածութիւններ, որոնք տարբեր առիթներով ջրի երես են դուրս գալիս: Տեղ-Կոռնիձոր հատուածում՝ կապուած նոր ճանապարհի շահագործման եւ զօրքի տեղաշարժի հետ, ինչու ոչ՝ հետքաշման արդիւնքում, ստեղծուել է նոր իրավիճակ: Ամբողջ գաղտնիքը թաղուած է հէնց ՀՀ վարչապետի շուրթերով արտայայտուած այն տեսակէտի մէջ, որ այդ հատուածում սահմանապահ զօրքեր կտեղակայուէն: Այսինքն, հարց է առաջանում՝ այդ սահմանապահ զօրքերն ի՞նչ առաքելութեամբ են այդտեղ տեղակայուելու, արդեօ՞ք ճշգրտուած են սահմանները եւ սահմանապահ զօրքերը պէտք է մնացեալն ապահովէն, արդեօ՞ք չյարձակման մասին որոշակի պայմանաւորուածութիւններ կայ, որին ապաւինելով՝ Հայաստանի վարչապետն ուղղակիօրէն սահմանապահ զօրքեր է տեղակայում այդ հատուածում, եւ ո՞ւմ սահմանին՝ Ադրբեջանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան: Նորից եմ ուզում շեշտել, իմ կարծիքով, կան գաղտնի պայմանաւորուածութիւններ, գուցէ նաեւ ստորագրուած փաստաթղթեր, որոնց մասին ոչ միայն հանրութիւնը տեղեակ չէ, այլ նաեւ, հաւանաբար, քաղաքական էլիտան տեղեակ չէ եւ տարբեր առիթներով մենք անակնկալներ ենք ստանում:
– Առաջիկայ մէկ ամսուայ կտրուածքով կարո՞ղ եք կանխատեսումներ անել՝ ի՞նչ իրավիճակներ կը լինէն Արցախում եւ Հայաստանում:
– Արցախում վիճակը պայթիւնաւտանգ համարել չի կարելի՝ հաշուի առնելով ռուսական խաղաղապահ զօրքերի գտնուելու հանգամանքը եւ լայնամասշտաբ գործողութիւնների, կարծում եմ, ադրբեջանական կողմը չի կարող գնալ՝ հաշուի առնելով մի շարք այլ հանգամանքներ էլ: Իհարկէ, Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել, որ ինքն իր քաղաքացիների՝ ասել է թէ՝ արցախցիների նկատմամբ այդպիսի քայլեր չի ձեռնարկի, փորձում են միջազգային հարթակներում եւ տեղեկատուական դաշտում ապահովել իրենց հումանիստական մօտեցումները, նաեւ՝ պատրաստակամութիւնը, բայց, միւս կողմից՝ Արցախը հայաթափելու օղակը սեղմում է: Լայնամասշտաբ գործողութիւնների հաւանականութիւնը շատ չեմ տեսնում: Լոկալ բախումների, տարբեր միջադէպերի, ինչին ականատես եղանք մարտի 5-ին, դիւերսիոն գործողութեան արդիւնքում երեք ոստիկանների սպանութեանը, գիւղատնտեսական աշխատանքներով զբաղուող մեր քաղաքացիների նկատմամբ ոտնձգութիւնների, տարբեր հատուածներում ռազմական տեխնիկայի, ռազմական ուժի կենտրոնացման, Արցախի երկնքում անընդհատ պտտուող ԱԹՍ-ների եւ այլն, ականատես կը լինենք, որոնք զգուշացնող կամ սպառնալիքներն աւելի խորացնող գործընթացներ են: Միւս կողմից էլ՝ տարածաշրջանի ու նաեւ Հայաստանում զարգացումները շատ անկանխատեսելի են, մանաւանդ ռուս-ուկրաինական բախման ֆոնին երկրորդ ճակատ բացելու համատեքստում: Մի քանի առիթներով կարող էր երկրորդ ճակատը բացուել. մենք այստեղ տեսնում էինք եւ զգում էինք, թէ ինչպէս են փորձում բախումների ընթացք տալ՝ այդ ամէնը վերածելով տարածաշրջանային պատերազմի: Մի քանի անգամ այդ ամէնից խուսափելով, այնուհանդերձ, երաշխաւորուած չենք առաջիկայում հնարաւոր զարգացումներից՝ Սիւնիք-Իրան-Ադրբեջան հատուածում: