Համախմբման կիզակէտը

Համախմբման կիզակէտը

Համահայկական տիրոյթում այսօր ամէնից շատ խօսում են համախմբման մասին: Համախմբումը հաւաքականութեան նպատակների իրականացման անհրաժեշտ տարրն է: Յուրաքանչիւր ոլորտում պառակտումը, ոչ նպատակասլաց ընթացքը պատճառ է դառնում ուժերի ջլատման եւ ներուժի վատնման:

Հայ իրականութեան մէջ 2018թ. տեղի ունեցած իշխանափոխութիւնը եւ դրան յաջորդած մի քանի ամսուայ պատրանքային խանդավառութիւնը՝ թւում էր, թէ կարող է նոր լիցք է տալու համահայկական զարթօնքին՝ թօթափելով անտարբերութեան եւ անհոգութեան մթնոլորտը: Սակայն պատահեց ճիշտ հակառակը. գնալով՝ ազգայինը դուրս մղուեց օրակարգից:

Արցախը, որպէս ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ, այն շաղախն էր, որն աւելի քան 25 տարի ստեղծել է հայկական աշխարհի տարբեր հատուածների միաւորման արդիւնքում ձեւաւորուած գաղափարական համակարգը:

Արցախեան պայքարը նախ եւ առաջ հիմք է հանդիսացել ազգային գիտակցութեան արթնանալուն: Հայկական պետութիւնը հիմնադրուել է հէնց այդ ազգային գիտակցութեան գաղափարախօսութեան յենասիւների վրայ: Պատահական չէ, որ ինչպէս Արցախի, այնպէս էլ Հայաստանի Հանրապետութեան Հռչակագրերում անդրադարձ կայ հայ ժողովրդի դարաւոր իղձերի իրականացման գաղափարին: Արցախում հայկական պետութեան կայացումը ինքնին փաստ է, որն արձանագրուել է նաեւ հայկական տարածքների ընդլայնմամբ՝ պատմական հայրենիքի վերատիրացմամբ:

Յաղթանակն ինքնին համախմբող բնոյթ ունի: Բոլորը ցանկանում են բաժին ունենալ յաղթանակից, մասնակիցը լինել յաղթանակի «խրախճանքին»: Ցեղասպանութեան ենթարկուած հայ ժողովուրդը Արցախեան յաղթանակի լիցքով թե՞ ենթակաեօրէն եւ թե՞ առարկայաբար կանխել է  ցեղասպանութիւնը: Աշխարհասփիւռ հայ ժողովրդի մէջ ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի բարդոյթը փարատուել է Արցախով, իսկ գործնականում՝ պանթուրքիստական նկրտումները չէզոքացուել են հայկական բանակի կուռ շարքերի առկայութեամբ:

Այս հոլովոյթը  պատճառ  է դարձել «Յաղթող հայի» ինքնութեան հաստատմանը, որի առանցքը, սեւեռակէտը հանդիսացել է Արցախը:

2018թ. իշխանափոխութիւնից յետոյ ապազգային հոսանքները մէկ առ մէկ քայքայել են վերը նշուած հիմնասիւները: Եւ հէնց այդ պատճառով է, որ չի գոյեանում նպատակաուղղուած համախմբման բեմահարթակը:

Հայաստանի Հանրապետութեան ձախաւեր իշխանութիւնների գրանցած պարտութիւններն  իրականութիւն են, յաճախ՝ յուսահատեցնող, թեւաթափ անող, սակայն միայն ու միայն պայքարի առկայութեամբ է, որ կարելի է թօթափել պարտուածի հոգեկան բարդոյթը եւ վերականգնել ազգային-գաղափարախօսութեամբ օժտուած  համախմբման յենասիւները:

Այսօր Արցախը միասնականօրէն պայքարում  է հայկական պետականութեան պահպանման, հայ ժողովրդի դարաւոր իղձերի իրականացման համար, եւ դա հէնց այն կիզակէտն է, որի հիման վրայ հնարաւոր է ձեւաւորել համահայկական միասնականութիւն:

«Ապառաժ»-ի խմբագրական

31 մարտի, 2023թ.

Share